Մեկ ամսվա ընթացքում նախնական ծրագիրը պատրաստ կլինի

Մեկ ամսվա ընթացքում նախնական ծրագիրը պատրաստ կլինի

Նախօրեին վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը եւ Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը Դիլիջանում քննարկել են Կոմպոզիտորների դիլիջանյան ստեղծագործական տան վերականգնման ու զարգացման հեռանկարը։ Արամ Սաթյանի առաջնորդությամբ հյուրերը շրջել են ստեղծագործական տան տարածքում, ծանոթացել շենքային պայմաններին։

Այցի արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել «Իմ քայլը» հիմնադրամի, կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության ու Հայաստանի կոմպոզիտորների միության համատեղ ջանքերով մշակել եւ իրականացնել Դիլիջանի Կոմպոզիտորների ստեղծագործական տան վերանորոգման եւ զարգացման համապարփակ ծրագիր: Ծրագրի հաջող մեկնարկի դեպքում արդեն հաջորդ տարի ստեղծագործական տան համերգասրահում կանցկացվի Լյուդվիգ Վան Բեթհովենի 250 ամյակին նվիրված միջազգային փառատոն:

Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանն ասում է, որ տարբեր ժամանակներում զարգացման տարբեր ծրագրեր են մշակվել Դիլիջանի ստեղծագործական տունը ոտքի հանելու համար, միությունն էլ իր հերթին է ներդրողներ փնտրել, բայց դրանց արդյունքում ընդամենը մի քանի քոթեջներ են վերանորոգվել։ Թե այս հանդիպման ընթացքում ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ մաս-մա՞ս, թե՞ զարգացման ամբողջական ծրագիր կմշակվի ստեղծագործական տան համար, Արամ Սաթյանն ասաց, որ դա նախնական քննարկում էր, հիմա արդեն մշակվում է բուն ծրագիրը։ «Սա դեռ ընդհանուր խոսակցություն էր։ Տարբեր առաջարկներ եղել են, բայց երբ մշակվի, ամեն ինչ ավելի հստակ կլինի։ Ես այն շահագրգռված մարդկանցից եմ, որն ուզում է դա անել»,- ասում է նա ու նկատում, որ, հավանաբար, մեկ ամսվա ընթացքում նախնական ծրագիրը կամբողջանա։  

Վերականգնման եւ զարգացման հեռանկարը պետբյուջեի հաշվի՞ն է լինելու, թե՞ մասնավոր ներդրողների են ներգրավելու․ այդ մասով նույնպես դեռ ոչինչ հստակ չէ, միայն այն, որ թե՛ նախարարությունը, թե՛ հիմնադրամը պատրաստակամ են օգնել։  

Մոտ 12 հեկտար զբաղեցնող Դիլիջանի ստեղծագործական տունը ԽՍՀՄ տարիներին եղել է ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ ողջ Սովետական Միության մշակութային այցեքարտը, որտեղ երաժիշտներ են եկել նաեւ Եվրոպայից։ Ժամանակին այստեղ են հանգստացել եւ ստեղծագործել Առնո Բաբաջանյանը, Ռոդիոն Շչեդրինը, Վալերի Գեորգիեւը, Արամ Խաչատրյանը, Մարտիրոս Սարյանը, Դմիտրի Շոստակովիչը, Բենժամին Բրիտենը։
1958թ․ Էդվարդ Միրզոյանի ջանքերով 5 տարում կառուցվում եւ ստեղծվում է համալիր մի կառույց, որը հանգստյան տնից ու քոջեթներից բացի ունենում է նաեւ իր համերգային եւ սպորտային դահլիճները, կինոթատրոնը, գրադարանը, ճաշարանը, կոնֆերանս-սրահը, բարը, լողավազանը, լվացքատունը, ջերմոցը։ Տարածքի հիմնական խնդիրն այսօր կոյուղու եւ խմելու ջրի հարցն է, քանի որ 60-70թթ․ կառուցված համակարգն արդեն մաշվել է։

Տարբեր ժամանակներում տարբեր կազմակերպություններ եւ անհատներ ցանկացել են ձեռք բերել ստեղծագործական տունը։ Դրանց մեջ նշվում էին Ռուբեն Վարդանյանի եւ Արմեն Սմբատյանի անունները։ Բայց թե՛ միությունը, թե՛ կոմպոզիտորները մշտապես դեմ են արտահայտվել ստեղծագործական տունը վաճառելուն։