Մամեդյարովի բացախոսությունը եւ Ստեփանակերտի լռությունը

Մամեդյարովի բացախոսությունը եւ Ստեփանակերտի լռությունը

Նախօրեին Մոսկվայում իր հայ պաշտոնակցի հետ հանդիպումից հետո Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Մամեդյարովը բավականին բաց շփում է ունեցել լրագրողների հետ, որի ընթացքում խոսել է բանակցություններում քննարկված հարցերի մասին: Ըստ այդմ, սեղանին է մի առաջարկություն, որը դեռեւս երեք տարի առաջ ներկայացվել է Ռուսաստանի կողմից եւ փորձագիտական շրջանակներում հայտնի է ԼՂ կարգավորման «Լավրովի պլան» անունով: Մամուլում բազմիցս տեղ գտած արտահոսքերից դատելով` այն ենթադրում է ԼՂ շուրջ որոշ տարածքների վերադարձ Ադրբեջանին` Արցախի կարգավիճակի եւ հաղորդակցությունների բացման դիմաց: Ադրբեջանի արտգործնախարարն ասել է, որ մոսկովյան հանդիպմանը բանավեճ է ծավալվել չորս հարցի շուրջ` ԼՂ կարգավիճակի, անվտանգության երաշխիքների, «օկուպացված տարածքներից» հայկական զինուժի դուրսբերման եւ փախստականների վերադարձ բնակության նախկին վայրեր:

Այս հարցերի շուրջ, ինչպես Մամեդյարովն է ասել, առաջընթաց տեղի չի ունեցել, կողմերը պայմանավորվել են շարունակել քննարկումները: Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը նաեւ ասել է, որ բանակցությունների արդյունքների մասին ինքը պետք է զեկուցի Իլհամ Ալիեւին, իսկ Զոհրաբ Մնացականյանը` վարչապետ Փաշինյանին, որից հետո տարածաշրջան կայցելեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը չի բացառել Փաշինյան-Ալիեւ նոր հանդիպում: Թերեւս սա առաջին դեպքն է, երբ ադրբեջանական կողմն իրեն թույլ է տալիս նման բացախոսություն: Երեւում է՝ Բաքուն բանակցային գործընթացի հետ որոշակի հեռանկար, այնուամենայնիվ, կապում է:

Հակառակ դեպքում Մամեդյարովը չէր խոսի մոսկովյան քննարկումների որոշակի մանրամասներից: Այդ համապատկերին արտառոց է թվում արցախյան կողմի լռությունը: Մոսկովյան բանակցություններին նախորդել էր Հայաստանի եւ Արցախի արտաքին գործերի նախարարների հանդիպումը, որից վերլուծաբանները տպավորվել էին, որ Ադրբեջանի արտգործնախարարի հետ բանակցություններից առաջ հայկական կողմերի դիրքորոշումների ճշգրտում է տեղի ունեցել: Այդ դեպքում ինչո՞ւ Արցախի ԱԳՆ-ն առ այս պահը չի անդրադարձել մոսկովյան բանակցություններին: Ինչո՞վ է դա պայմանավորված: Մոսկվայում արցախյան կողմի համար անսպասելի ինչ-որ բա՞ն է տեղի ունեցել, եւ Ստեփանակերտն սպասում է Երեւանի պարզաբանումների՞ն: