Բացօթյա առևտրի «քրոնիկ» վայրերից առևտրականները այսօրվա դրությամբ հեռացել են

Բացօթյա առևտրի «քրոնիկ» վայրերից առևտրականները այսօրվա դրությամբ հեռացել են

Մի քանի օրից՝ հունվարի 15-ին լրանում է Երևանի քաղաքային իշխանությունների՝ բանջարեղենի և մրգի առևտրով զբաղվող անձանց տրված վերջնաժամկետը, որից հետո օրինախախտ առևտրականները կենթարկվեն պատասխանատվության, այս թվում՝ տուգանքների։ Հունվարի 8-ից սկսած շրջայցերի արդյունքում այսօր Երևանի կենտրոնի մի շարք՝ Պուշկին, Ամիրյան, Տիգրան Մեծ փողոցների, Մաշտոցի պողոտայի «Սիթի»-ների մոտ այս պահի դրությամբ արդեն չկա փողոցային առևտուր, սակայն ինչպես Hraparak.am-ի հետ զրույցում ասում է «Կենտրոն» թաղապետարանի առևտրի և գովազդի բաժնի պետ Արման Ավետիսյանը, այս տեղերը բացօթյա առևտրի առումով «քրոնիկ» են և այն վերացնելու համար անհրաժեշտ է հետևողական ու երկարատև վերահսկողություն։

Այս փողոցներում բացօթյա առևտրի՝ այս պահին վերացմանը հասել են ամենօրյա՝ առավոտյան ժամը 9-ից 18 -ը հերթապահություններով։ Հիշեցնենք, որ քաղաքապետարանի հաշվարկներով՝ այսօր Երևանի փողոցներում կա 150 -ից ավելի բացօթյա առևտուր անող։

Հիշեցնենք նաև, որ մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարները հորդորում և առաջարկում են մայթերի փոխարեն տեղափոխվել արդեն գործող վաճառակետեր, գործող շուկաներ, որտեղ բազում ազատ տեղեր կան, առաջին ամսում՝ անվճար, իսկ մեկ ամիս անց 500 դրամ։ Նաև նշվում է, թե կկազմակերպվեն նոր մինի-շուկաներ: Հարցին, թե վաճառականները համաձայնո՞ւմ են, թաղապետարանի պաշտոնյան պատասխանեց․ «Բնականաբար, ոչ, ո՞նց համաձայն կլինեն, նրանցից 2-3 են համաձայնել, եթե չեմ սխալվում, արդեն տեղավորվել են»։

Հիշեցնենք, որ քաղաքապետարանը հորդորել էր նաև երևանցիներ՝ ապրանք ու գյուղմթերք չգնել փողոցային առևտրականներից, որոնք բացի ամենը նաև հարկեր չեն վճարում, ՀԴՄ կտրոններ տալիս։ Արման Ավետիսյանն ասում է, որ քաղաքացիները տարբեր կերպ են արձագանքում իրենց գործողություններին։

«Կլինեն, որ չեն գնի, կլինեն, որոշ, հակառակը, վիճահարույց դեպքեր է լինում, որ միջամտում են անցորդները, մի մասը վրդովվում է, թե թողեք, թող ծախեն, մի մասն ասում է՝ ճիշտ եք անում, քաղաքը պետք է մաքուր լինի, մոտեցումները տարբեր են» ,-մանրամասնեց քաղաքապետարանի պաշտոնյան։

Ըստ նրա՝ թաղապետարանի աշխատակիցների ուժերով են հարցը փորձում կարգավորել, և դեռևս չի եղել ոստիկանություն դիմելու կարիք։ Ինչպես նշել էր Երևանի քաղաքապետարանը, հետայսու Երևանի փողոցներում բացօթյա առևտուր միայն օրենսդրությանը համապատասխան թույլտվություն ստացած իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը և այն էլ մի քանի հատուկ ապրանքների դեպքում միայն, օրինակ` ծառատեսակներ, սառն ըմպելիքներ, կարող են իրականացնել։ Սրանց թվում կան նաև բնական քամած հյութերի և մրգային կոկտեյլների կետեր։

Հարցին, թե այս բիզնեսի գործունեութունը և՞ս արգելվելու է, Արման Ավետիսյանն ասաց․ «Դա ուսումնասիրության կարիք ունի, քանի որ դա փակ տարածքի մեջից է, որոշակի փուլում դրանց էլ պետք է անդրադառնանք, հասկանանք՝ որը որ խանգարում է, թեկուզ հետիոտնիր անցուդարձին, նոր սկսենք զբաղվել»։ Այսուհանդերձ, պետք է նշել, որ այդ՝ «բարի ստոյկա» հիշեցնող փայտյա կառույցները այնքան էլ փակ տարածք չեն։