Հիշենք պատվիրանները

Հիշենք պատվիրանները

Հարգանքի արժանի են այն մարդիկ, ովքեր ունակ են իրենց սխալներն ընդունել եւ սխալի կեսից հետ կանգնել, ովքեր զուրկ չեն ինքնահեգնանքի, ինքնաքննադատության զգացումից, կարող են իրենց հակառակորդների խելքն ու արժանիքները գնահատել, ինչպես նաեւ՝ իրենց մերձավորների թերություններն ու արատները տեսնել։

Դատավոր ծանոթներիցս մեկը հրաշալի խոսք ունի, որով առանձնանում է իր ամբարտավան գործընկերներից, նա պարբերաբար ասում է՝ ես ամեն օր Աստծու պատվիրան եմ խախտում, ասված է չէ՞․ մի դատիր։ Չէր խանգարի, որ բոլորս կարողանայինք կողքից նայել ու երբեմն սաստել ինքներս մեզ։ Չէ, որ մենք գրեթե ամեն օր Աստծու պատվիրաններն ենք խախտում՝ զղջումի ոչ մի զգացում չունենալով։ Դատում ենք բոլորին՝ չնայած դատավորներ չենք։ Երբեմն սխալվում ենք մեր գնահատականների մեջ եւ անմեղ մարդկանց ենք մեղադրանքներ ներկայացնում, նաեւ քննադատում։

Մեզնից ոմանք սուտ վկայություն են տալիս, թեեւ Աստված ասել է՝ քո հարեւանի դեմ սուտ վկայություն մի տուր։ Տեղի-անտեղի Աստծո անունն ենք տալիս, չնայած Տերը պատվիրել է չանել այդպես։ Մեզնից ոմանք ստում են, անգամ գողանում ու սպանում՝ խախտելով Աստծո պատվիրանները։ Մենք նաեւ նախանձում ենք, աչք տնկում ուրիշի ունեցվածքին, չնայած Աստծո պատվիրանն ասում է․ Ո՛չ քո մերձավորի տան, ո՛չ նրա ագարակի վրա աչք մի ունեցիր: Ո՛չ քո մերձավորի կնոջ վրա, ո՛չ նրա ծառայի վրա, ո՛չ նրա աղախնու վրա, ո՛չ նրա եզան վրա, ո՛չ նրա էշի վրա, ո՛չ նրա անասունի վրա, ո՛չ այն ամենի վրա, ինչ քո մերձավորինն է, աչք մի՛ ունեցիր: Եւ վերջապես՝ Աստծո ամենակարեւոր պատվիրանը, որը իսպառ մոռացվել է․ Քեզ կուռքեր չպիտի կերտես, չպիտի երկրպագես ու չպիտի պաշտես դրանց, որովհետև ինձանից բացի այլ աստվածներ չպիտի լինեն քեզ համար: