Դատարանները պետք է հատուցեն Քոչարյանին ազատ արձակելու վճռի համար

Դատարանները պետք է հատուցեն Քոչարյանին ազատ արձակելու վճռի համար

«Դատարանների շրջափակումը ոչ այլ ինչ է, քան միջամտություն դատարանի անկախությանն ու անաչառությանը, նաև «ուղեցույց» տվյալ վարույթին այս կամ այն կերպ առնչվող դատավորներին»,- պատասխանելով «Հրապարակի» հարցին, թե 8։30-13։30-ն ինչ կատարվեց Հայաստանում, ում դեմ էր դատարանների շրջափակումը, ասաց ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր, իրավագիտության թեկնածու Արշակ Վարդանյանը։

«Սա իմ անձնական դիրքորոշումն է, իրավական պետությունում գործում է իշխանությունների տարանջատման սկզբունքը, ընդ որում՝ իշխանության որևէ ճյուղ մյուսների նկատմամբ գերակա դիրք չունի և չի կարող ունենալ։ Եթե խոսքը դատական իշխանության իբր պակաս լեգիտիմության մասին է, ապա այնքանով, որքանով դատական իշխանությունը, դրա կազմավորման կարգը նախատեսված են հիմնական օրենքով` Սահմանադրությամբ, և դատավորներն իրենց ամենօրյա բարեխիղճ աշխատանքով կատարում են պարտականությունները, առկա է դատական իշխանության լեգիտիմությունը: 

Ի տարբերություն իշխանության մյուս թևերի` դատական իշխանությունը կայուն է քաղաքական փոփոխությունների նկատմամբ, ինչը պայմանավորված է միայն իրավունքի շահերը ներկայացնելու և իրավապաշտպան առաքելությամբ, դրա համար է նախատեսվել դատավորների անփոփոխելիության, մինչև 65 տարեկանը պաշտոնավարելու, դատարանների ապաքաղաքականացվածության, դատավորների անկախության,  անաչառության և այլ սկզբունքները: Իրավական պետությունում պետք է իշխի հարգանք իշխանության մյուս ճյուղերի, դրանց ներկայացուցիչների նկատմամբ, սակայն դատական իշխանության անկախությանն ուղղված ցանկացած քայլ պետք է ստանա համարժեք արձագանք դատական իշխանության անկախությունը երաշխավորող մարմնի` ԲԴԽ-ի կողմից։

 Կարծում եմ, որ դատավորները գործադիր իշխանության ներկայացուցիչների նման քայլը չէին կարող գնահատել այլ կերպ, քան հատուցում Ռոբերտ Քոչարյանի գործով օրեր առաջ կայացված դատական ակտի, որով դատարանը փոխել է նրա նկատմամբ մինչդատական վարույթի ընթացքում ընտրված խափանման միջոց կալանքը՝ անձնական երաշխավորությամբ: Չանդրադառնալով այդ որոշման օրինականությանը և հիմնավորվածությանը, ինչը վերադաս դատական ատյանի դատական ստուգման առարկան է, կցանկանայի հիշեցնել, որ դրա օրինական բողաքարկման կարգը վիճարկում է վերաքննիչ դատարանը: Դրանից զատ հայտարարություններն ու գործողությունները, տվյալ դեպքում՝ նաև դատարանների շրջափակումը, ոչ այլ ինչ է, քան միջամտություն դատարանի անկախությանն ու անաչառությանը, նաև «ուղեցույց» տվյալ վարույթին այս կամ այն կերպ առնչվող դատավորներին։ Ընդգծում եմ, որ սա իմ անձնական կարծիքն է, միգուցե այս երևույթի վերաբերյալ իր որոշակի դիրքորոշումը կհայտնի ԲԴԽ-ն, ժամանակը ցույց կտա»,- ասաց Վարդանյանը։

Նա իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել՝ մասնավորապես գրելով․ «Մտածում եմ՝ «էրթա՞լն» է ճիշտ, թե՞ մնալը»։ Բացի այդ՝ տեղեկություններ ունեինք, որ Վարդանյանը փաստաբանական դպրոց է հաճախում և ցանկանում է թողնել դատավորի գործը, հարցրինք, թե, այնուամենայնիվ, ո՞րն է տվյալ պարագայում ճիշտ՝ «երթա՞լը», թե՞ մնալը։

«Հումոր էր, ինչ-որ տեղ՝ հարցում ընկերների շրջանակում, որակավորման քննություններն անցել եմ, բայց արտոնագիր ստանալու համար դեռևս չեմ դիմել։ Դա հումոր էր, տվյալ իրավիճակում կարող է դիտարկվել որպես թուլություն, իսկ այլ աշխատանքի անցնելու հարցում կկողմնորոշվեմ»։