Ախր մի անգամ կլինի՞, որ դուք մեղքը «ձեր վիզը առնեք»․․․
Մենք, օրինակ, ինչու՞ պիտի իմանայինք, թե վարչապետի որդին որտեղ է ծառայում։ Պետական մակարդակով հրապարակվել է փաստը, լուսանկարներ են արվել, ամիսը մի քանի անգամ էլ վերաթարմացվում է այս ամենը ընտանիքի անդամների կողմից։
Այսպիսի մի բան կա։ Վարչապետի որդին «տեղովը մեկ խաթա է» մեր ծառայող երեխաների համար։ Հակառակ կողմից կատարվող գործողության թիրախը լինելու է նրա ծառայության կետը։ Ինչու՞ մեր զինվորները դրանից պիտի տուժեն, չեմ հասկանում։ Հարցը պիտի դրվեր էն գլխից, եթե այս մտայնությամբ առաջնորդվեին։ Արծրուն Հովհաննիսյանը հիմա գրառում է անում, թե․
Արծրուն Հովհաննիսյան
Ադրբեջանոտ վերնագրերին չեմ անդրադառնա, ուղղակի ամոթ է։ ՀՀ ԶՈւ-երի ցանկացած զինծառայող տարբեր ժամանակներում, տարբեր վայրերում մասնակցում է տարբեր հավաքների, քննությունների ու զորավարժությունների։
Արծրունը նոր բառ է հնարել՝ ադրբեջանոտ, թվում է՝ ռոնատիկ բառ է, բայց մեջը թույն է։
Նայում եմ կայքերում տեղադրած նյութերի վերնագրերին նույնն է՝ «Ինչու է Աշոտ Փաշինյանն Արցախից տեղափոխվել Սովետաշեն»։ Ադրբեջանոտը դրա մեջ ո՞րն է։ Հանրությանը դուք տեղեկացրել եք, որ վարչապետի տղան ծառայում է Արցախում՝ համապատասխան նկարներով, արարողություններով, տեղանքով։ Ընտանիքն էլ գնում է տեսակցության, հանրայնացվում է, այդքանից հետո ի՞նչ եք պահանջում հանրությունից, լրագրողներից։
Տեղեկություններ են հայտնվել, որ վարչապետի որդին տեղափոխվել է Հայաստան, մարդիկ չհետաքրքրվե՞ն։ Էդ գնալուց կարելի էր բաց- բաց խոսել, նկարներ հրապարակել, տեղափոխվելուց չհարցնեի՞ն, թե բա ինչու եկավ։ Ախր մի անգամ կլինի՞, որ դուք ձեր մեղքը «ձեր վիզը վերցնեք», մտածեք՝ եթե մենք չհանրայնացնեինք, այսօր այդ հարցերը չէին առաջանա։ Գոնե մի անգամ խոստովանեք, որ սխալը դուք եք եղել։ Ու առաջին նախադասության մեջ տվածս հարցով ամփոփեմ՝ մենք, օրինակ, ինչու՞ պիտի իմանայինք, թե վարչապետի որդին որտեղ է ծառայում։ Այդ հարցին պատասխանեք, ամեն ինչ իր տեղը կընկնի։
Կարծիքներ