Բանակում հանցագործությունների կոծկման համակարգն իր գլուխը բարձրացրել է Ժ․Ալեքսանյան

Բանակում հանցագործությունների կոծկման համակարգն իր գլուխը բարձրացրել է Ժ․Ալեքսանյան
Ժաննա Ալեքսանյան

ՊՆ-ի՝ վերջին շրջանում կրկնվող մեկնաբանությունը, որ չհայտնելը դեռ թաքցնել չէ,  «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի նախագահ Ժաննա Ալեքսանյանի համար անընդունելի է։ 
Անդրադառնալով նրան, որ վերջին մեկ տարում ՊՆ-ն, փաստորեն, չի հայտնել բանակում մահվան 5 դեպքերի մասին,  (4-ի մասին հայտնի էր դարձել երեկ՝  Tert.am-ի հրապարակումից, իսկ  5-րդը մասին հայտնի էր դարձել փետրվարի 11-ին ) իրավապաշտպանը նկատեց․«Սրանից մոտավորապես կարելի է ենթադրել, որ վերադառնում ենք 90-ականներ, հետ ենք գնում և նախկին համակարգն իր գլուխը բարձրացրել է։ Եվ տպավորություն է, որ հիմա այս համակարգն է կառավարում․ որ մահը կուզենան՝ կհայտարարեն, որը չեն ուզենա, չեն հայտարարի։ Եվ Տոնոյանն էլ լրագրողներին այսօր նորմալ բացատրություններ չի տվել։ Նա ասում է՝ մենք հայտարարում ենք։ Բայց փաստն այն է, որ չեն հայտարարել 5 դեպքի մասին։ Այսինքն՝ 7 դեպքից՝ 5-ի »։

Հիշեցնենք, որ Դավիթ Տոնոյանը հերքել էր, թե թաքցնում են ու ասել․«Բոլոր դեպքերի վերաբերյալ տեղեկատվությունը կա այս կամ այն ձևաչափով: Չի կարող որևէ բան թաքցվել, քանի որ կա և դատախազության, և նախաքննության մարմինների վերահսկողությունը այդ գործընթացի նկատմամբ: Ուղղակի կան դեպքեր, որոնք անմիջապես հակառակորդի հետ են կապված, կան դեպքեր, որոնք ծառայության հետ են կապված: Զինծառայողների մահվան վերաբերյալ հայտարարվում է, անգամ, եթե դա բնական մահ է»։

Ժաննա Ալեքսանյանը հակադարձում է՝ ասելով՝ ի՞նչ է նշանակում զինծառայության հետ չկապված դեպքեր ու հարց ուղղում նախարարին՝ «Այսինքն՝ մենք ո՞նց պիտի վերահսկենք։ Եվ ինքն ասում է՝ չենք հայտարարել, որովհետև այս դեպքերը կապված չեն զինծառայության հետ։ Նախորդ անգամ էլ նախարարն ասում էր՝ մենք էդ դեպքին ուշադրություն չենք դարձրել, որովհետև զինծառայության հետ չկապված մահ է։ Բայց մարդը մարտական դիրքում է մահացել և դա ինքնասպանություն են որակել։ Ինչի՞ց պետք է ենթադրենք, որ սա զինծառայության հետ չկապված դեպք է»։