Մի Նիկոլով գարուն չի գա

Մի Նիկոլով գարուն չի գա

Հեղափոխությամբ իշխանափոխություն կատարեցինք, բայց մենք էականապես չփոխվեցինք։ Ոմանք կորցնելով իրականության զգացողությունը, վտանգավոր պրպտումների ու հուսալքության մեջ ընկան։ Ոչ մեկը թող չմտածի, որ մեր ամենավտանգավոր թշնամին մեր երկրի վրա զինված հարձակում գործողն է միայն։  Թող ոչ մեկը դարի մարտահրավերներից առաջին տեղում չդասի միջազգային քաղաքական կամ դժվար հաղթահարելի տնտեսական որևէ խնդիր։ Մեր բոոր խնդիների աղբյուրը միայն մեր մեջ է։ Կարծես՝ մենք ենք աշխարհն ստեղծել ու աշխարհից սովորելու բան չունենք։ Բաց հասարակությունն այն բարեբեր հողն է Հայաստանում, որի վրա պետք է աճեն քաղաքական ուժեղ ու արդարամիտ անհատներ, որոնք պիտի ուղղորդեն ժողովրդին՝ դեպի պետականաշինություն։ Բաց հասարակությունն իր ռաջին քայլն արեց՝ իշխանությունից հեռացրեցինք պետականակործան ուժերին։ Սակայն նրանք դարձան մեր քաղաքական նոր ուղու վրա կուտակված թունավոր թափոն ու անտանելի բեռ։ Հակառակ մեր սպասումներին, նրանց աջակցությամբ հրապարակ եկավ նաև խաժամուժը, որն էլ պխտորում է մեր հանրությունն ու հիասթափեցնում ժողովրդին։ Հիմա սկսել են Սորոսից կախվել։ Բոլորին թվում է, թե Սորոսն ամեն ինչ պետք է  ծամեր ու դներ իրենց բերանը։ Երկրի նախկին ղեկավարները Հայաստանի պետական բոլոր կառույցներն ստեղծել են իրենց կերպարանքով ու ոգով։ Դրա համար էլ այդ կառույցներից ոչ մեկն ի նպաստ մեր ժողովրդին ու պետականությանը չի աշխատել ու չի աշխատում։ Սա մեծ վտանգ է իրենից ներկայացնում, որից պետք է ժամ առաջ ազատվել, բայց ինչպե՞ս, Սորոսի գրանտներով ֆինանսավորվող հասարակական կազմակերպությունների վրա հարձակվելո՞վ։ Ինչու՞ չենք ունեցել մեր Սորոսը։ Աշխարհն ամեն օր քաղաքական նոր ջրհեղեղ է տանում։ Ինչու մի օր նոր քաղաքականության Նոյը չհանգրվանեց Բաղրամյան  26-ում։ 

Ոգեկանչություններով կամ միայն բարոյախոսությամբ դարերով պետական կարգ ու կանոն չտեսած ազգին ու ժողովրդին չես փոխի։ Գողամտությունն ու ավազակամտությունը մեր ոսկրերի մեջ է ներծծվել արդեն։ Այլապես որտեղի՞ց կարող են հայտնվել նրանք, ովքեր գալով իշխանության, բովանդակությամբ ավերակում են երկիրը, իսկ ձևով՝ բարգավաճեցնում։ Ով է այն անհատի քաղաքական ծնողը, որն հարյուրավոր միլիարդների արժողության, համաժողովրդական սեփականությունը հանդիսացող արտադրական հզորությունները գրոշնեի դիմաց ձեռք բերելով, 5 անգամ ցածր գներով այդ արտադրություններից մեկի արտադրանքն հանդիսացող ցեմենտի կիսաֆաբրիկատ է տարիներով արտահանել, իսկ սեփական երկրի շինարարությունը ջլատելու համար, իր երկրում ցածրորակ ցեմենտ է վաճառել, այն էլ այնպիսի բարձր գներով, որ աղքատության ու կարիքի մեջ տառապող ժողովրդի հաշվին ստացված եկամուտներով փոխհատուցել է արտահանումից կրած վնասները, իսկ այօր մեկական շիշ ձեթ բաժանելով մի քանի հարյուր բնակչի «միշտ կանգնած է իր ժողովրդի կողքին»։ Ինքնարժեքից մի քանի անգամ ցածր գներով Վրաստան արտահանված կլինկերի գնորդները նրա մի մասը վերաարտահանել են Ադրբեջան։ Ահա, թե նաև ինչումն է ցավը։

Այսօր մեր  օրենսդիրները ժամանցային ռեժիմի մեջ են։ ԱԺ-ում պադգամավորներից շատերի ելույթները կառուցողական գաղափարրներ չեն ամփոփում, այլ միայն միմիանց դեմ ուղղված, առ ոչինչ, ցուցադրական մեղադրանքներ են։ Իմքայլական պադգամավորներից շատերը չտեսությունից դեռևս ուշքի չեն եկել, իսկ մյուս, այսպես կոչված, ընդիմադիր կուսակցություններից հին գելերը, չարամտորեն ժամանակ են մսխում՝ չուզենալով, որ մեր երկրում որևէ բան փոխվի դեպի լավը։ Մեր Ազգային ժողովը պետք է լիներ այն մարտադաշտը, որտեղ մեր ընտրյալները պետք է ամեն օր ու ժամ մաքառեին հանուն հզոր Հայաստանի։ Սարի նման խնդիրներ ունենք, որոնք սպասում են օրենսդրական լուծումների, բայց երբ ուշադիր նայում ես՝ ԱԺ-ի դահլիճի խորքերում շատերը նիստերի ժամանակ, բառիս բուն իմաստով, կիսաքնած որոճում են։

Մեր երկրում դատարանների բենզինը միշտ էլ կաշառքն է եղել։ Հիմա նրանք անգործ կանգնած են։ Ասում են, որ իշխանությունները դատավորներին պետք է лифтинг անեն, որ սրանք առանց բենզինի գործ անեն։ Էս Նիկոլն էլ զարմանալի մարդ է՝ Հայաստանում դատավորի կաշառակերը ո՞րն է։ Ծանր հանցագործություն կատարած անձանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց չկիրառելու մասին օրենքներ ենք ընդունում։ Շուտով նրանց նաև դրամական աջակցություն տալուն էլ դեմ չենք լինի։ ԱՄՆ-ու ու Չինաստանում նմաններին կամ էլեկտրական աթոռին են նստացնում, կամ այնպիսի ժամկետների ազատազրկման են դատապարտում, որ նրանց հոգիներն էն աշխարհում էլ պետք է անազատության մեջ գտնվեն։ 

Մեր երկրում իրավական քաոս է։ Կոճակ կարելուց սկսած մինչև Սահմանադրական դատարանի նախագահի ընտրությունն առանց ցույցերի ու ճանապարհ փակելու չի պատկերացվում։ Չարաշահելով քաղաքական ազատությունը, ժողովրդի աչքին իմաստազրկել ժողովրդավարությունը, ահա նման ցույցերի կազմակերպիչների բուն նպատակը։

Նախկին իշխանություններից ժառանգված խնդիրներին օրինական ճանապարհով հրատապ լուծումներ տալը պետք է լիներ մեր նորընտիր  կառավարության ամենօրյա հոգսը, բայց, ցավոք, անունը կա, ամանում չկա։ Քաղաքի փողոցներում իշխանավորների կողմից երեխաների հետ շփվելն ու նրանց պաղպաղակ հյուրասիրելը եդեմական պատկեր է, իսկ այդ երեխաների ծնողների կողմից անարդարությունների դեմ բարձրացված բեղոքներին ականջալուր չլինելը դժոխային պատկեր է։ Հայաստանն ունի մասնագիտական լուրջ ռեսուրսներ, որոնց հետ հաշվի չի նստում մեր Փաշինյանը։ Նա իր շուրջն հավաքել է ողորմելի մի բազմություն, որոնք պետական գործերից բան չեն հականում և իրենց դերի գիտակցումը չունեն։ Դրա պատճառով հայաստանի քաղաքացիներն իրենց նորընտիր իշխանությունների կողմից արհամարված են։ Կառավարությանն ու տեղական կառավարման մարմիններին քաղաքացիների կողմից ուղղված հարյուր հազարավոր դիմումներին ոչ մի պատասխան չի տրվում։ Սա անհասկանալի գործելակերպ է։ Մեր իշխանությունների ու նրանց ընտրած ժողովրդի միջև երկխոսություն այդպես էլ չի կայանում։ Այս ամենը, սակայն, մեզ չպետք է թշնամաբար տրամադրի մեր իշխանությունների դեմ, ոչ էլ ոմանց առիթ տա Ռոբ ու Սերժ խաղացնելու։ Այսօր մեր երկիրն սպասում է իր նոր հերոսներին՝ գաղափարական հերոսներին, որոնք օդ ու ջրի նման պետք են։ Արցախի հարցերում տանուլ տալը պետք է բացառվի։ Եթե մենք կորցնենք Արցախը, ուրեմն մեր ազգային գեղեցիկ դիմագծերը նկարված են։ 

Իշխանափոխությունից հետո անցել է բավականին ժամանակ։ Հիմա արդեն ինչ որ կերպ պետք է տեսնեինք ու զգայինք այն թունելի վերջից եկող լույսը, որի մեջ մտել ենք։ Մեր քաղաքական այրերին ժամանակն է սթափվելու։ Որտեղ են ծախսվում բնակչության կողմից վճարված փողերը, երբ այսքան չլուծված խնդիրներ ունենք ու Երևանը խեղդվում է աղբի մեջ։ Բարերարների կողմից բարեկարգված զբոսայգու բացման արարողության ժամանակ ժապավեն կտրե՞լն է միայն նրանց գործը։  Կառավարության կողմից չկա մշակված հստակ տնտեսական ծրագիր։ Տարերային գոծուղություններն ինչքան էլ արդարացի թվան՝ ոչ մի լավ բանի չեն բերի։ Եկեք նորից քաղաքական ճահիճ չստեղծենք՝ Սորոսի համբերությունն էլ սահման ունի։