Սա Էդմոն Մարուքյանն է՝ մի հրա՜շք անձնավորություն

Սա Էդմոն Մարուքյանն է՝ մի հրա՜շք անձնավորություն

Նոր Հայաստանի խորհրդարանում, ինչպես նախկինում, խորհրդարանական մեծամասնությունը տառապում է նույն հիվանդությամբ, այն է՝ մերժել ընդդիմության ներկայացրած նախագծերը, իդեաները, հետո գաղափարը գողանալ ու ներկայացնել իրենց անունից՝ բնականաբար, վայելելով դափնիները: Համենայնդեպս, ոչ վաղ անցյալում ՀՀԿ-ի եւ քաղաքական օպոնենտների «բազառներն» այս հողի վրա էին: Երկու օր է՝ խորհրդարանում ընդդիմության եւ իշխանության միջեւ «առանց կանոնների» լեզվամարտ է, փոխադարձ կսմիթներ, անցյալի հիշեցում ու մեղադրանքներ եւ այլն: Այս դեպքում էլ ամեն ինչ սկսվեց այն պահից, երբ «Լուսավոր Հայաստանը» տեղեկացավ, որ իշխանությունը մի կողմից մերժում է իր նախագիծը, մյուս կողմից պատրաստվում է իրենց գաղափարը կառավարության որոշմամբ ընդունել:

Խոսքն այն նախագծի մասին է, որով ԼՀԿ-ն առաջարկում էր փոխհատուցել ծառայության ընթացքում առողջությունը վնասած զինծառայողներին։ «Համապատասխան հանձնաժողովի նիստում բացասական եզրակացություն եղավ, բայց անմիջապես կառավարությունը հանդես եկավ նմանաբովանդակ նախաձեռնությամբ, կառավարության որոշման մակարդակով ներկայացրեց եւ դրեց շրջանառության մեջ»,- նախօրեին դժգոհեց ԼՀ խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանը։ Էդմոն Մարուքյանը դա հանդուրժել չէր կարող, նա տեսել է, որ ֆեյսբուքյան որոշ օգտատերեր արդեն խոսում են կառավարության այդ լավ գաղափարի մասին, մինչդեռ ոչ մեկը չգիտի, որ այն ԼՀԿ-ինն է։ Նա կառավարությանը մեղադրեց գրագողության մեջ. «Կառավարությունն իր մակարդակում գրագողությամբ է զբաղված, գաղափարը տվել ենք, իրենք օրենքի նախագծի մակարդակով մերժում են, կառավարության որոշման մակարդակով՝ ընդունում»: 

ԲՀԿ-ն իր հերթին առաջարկում էր առաջնագծից հետ քաշել 18-20 տարեկան զինակոչիկներին եւ այնտեղ տեղաբաշխել պայմանագրային զինծառայողների։ «Իմ քայլը» սա էլ համարեց պոպուլիզմ: Երեկ մերժվեցին նաեւ կառավարության կառուցվածքային փոփոխությունների վերաբերյալ ԼՀԿ-ի ծավալուն՝ 8 կետից բաղկացած առաջարկները: Իշխանության ներկայացուցիչներն ասացին, որ դա ԼՀԿ-ի տեսակետն է, այդտեղ գուցե կան լավ առաջարկներ, բայց իրենք գիտեն, թե կառավարության ծրագրի իրագործման համար կառավարությանն ինչ կառուցվածք է հարկավոր: 

Էդմոն Մարուքյանը մեզ հորդորեց իշխանությունից պարզել, թե ինչու են մերժում իրենց նախագծերը, ինչը նշանակում է, որ շարունակվում է նախկինում եղած պրակտիկան։ Մարուքյանն առաջարկում է նախորդ մեծամասնության փորձը չշարունակել: Նա փաստում է՝ խորհրդարանը կիսապարապ վիճակում է՝ կառավարությունը նախագծեր չի գեներացնում, պատգամավորների ներկայացրած նախագծերն էլ մերժվում են:

Թե ինչու են իշխանականները գողանում ընդդիմադիրների գաղափարները եւ շարունակում ՀՀԿ-ի ձեռագիրը եւ ընդհանրապես՝ ինչու քաղաքական հակառակորդների նկատմամբ լցված չեն «սիրով եւ հանդուրժողականությամբ», «Իմ քայլից» Սիփան Փաշինյանը չհամաձայնեց՝ իրենք ընդունել են ընդդիմության բերած նախագծերը։ «Առհասարակ, ԱԺ ամբիոնից հնչում են մանիպուլյացիոն հայտարարություններ, որոնք միայն հեղինակն է հասկանում․ թե ինչն է նրանց դրդում նման հայտարարություն անել, չեմ կարող ասել: Գուցե ինչ-որ նախագծեր էլ մերժվում են, բայց մեզ մեղադրել, որ հանդուրժողականության մթնոլորտ չկա, ճիշտ չէ»: Ինչ վերաբերում է ԼՀԿ-ի՝ զինծառայողների մասին վերջին նախագծին, Փաշինյանը հեգնեց. «Վայ, վայ, պարոն Մարուքյանն այնպիսի հիանալի նախագիծ է ներկայացրել, որ ես հիացած եմ, այնքան հիացած եմ, որ եթե հնարավորություն ունենայի այդ մասին գովազդային պաստառներ տպեի ինչ-որ տեղ, դա էլ կանեի: Հասկացանք, որ արել է, բայց միգուցե այդ նախագծում կային դրույթներ, որոնք ընդունելի չեն, այսինքն՝ կարող են, չէ՞, գաղափարները լինեն ընդունելի, բայց նախագիծն ինչ-ինչ առումներով՝ ոչ:

Հիմա ի՞նչ նպատակ կա ԱԺ ամբիոնից հայտարարել՝ իմ, իմ, իմ… հասկացանք, լավ՝ ձեր, խնդրում եմ այստեղ էլ նշեք, որ սա Էդմոն Մարուքյանենց նախաձեռնությունն է, մի հրաշք անձնավորություն, հրաշք օրենքի նախագիծ»: Փաշինյանը վստահեցրեց, որ իրենք գովազդվելու կարիք չունեն եւ առավել եւս ընդդիմադիրների նկատմամբ հատուկ տրամադրվածություն չունեն, բայց ընդդիմությունն էլ, նրա խոսքով, անսխալական չէ եւ նախագծերում կարող է սխալվել: