Ժողովուրդ, պատերա՜զմը մոտ է․․․

Ո՞վ առաջինը չարի սերմը գցեց պարարտ հողի մեջ՝ պառակտելով Ազգը։ Հեղափոխականների ու հակահեղափոխականների, սև ու սպիտակի բաժանեց մի ազգ, ով անհաղթահարելի էր իր միասնականությամբ, ոգով։
Ամենայն պատասխանատվությամբ եմ ասում՝ բռնեք դա անողի ձեռքը ու կտրեք, բռնեք դա ասողի լեզուն ու արմատից «քոքահան արեք», որովհետև դա գիտակցաբար է արվել, դա ծրագրով է արվել, դա հենց այնպես հող նետած խոսք չի եղել։
Այսօր մեր ազգի պառակտման ֆոնին թշնամու ուղերձը անսպասելի թող չթվա․ «Մեր հաջորդ կանգառը Շուշին է, սպասեք մեզ» գրությամբ...
Շուշին անուն չէ, դա Արցախի հաղթանակի խորհրդանիշն է և զուր չէ մատնանշվել հենց Շուշին։
Խաղաղասիրական բարձի վրա բավ է թմբիրի մեջ ընկնել, այսօր մեզ պակասում է համահայկական կոչը՝ արթնացեք ժողովուրդ,վերջացրեք ձեր ներքաղաքական գզվռտոցները, բռունցք դարձեք, ինչպես Արցախյան պատերազմի ժամանակ։ Մեզ ներսում է պետք խաղաղություն, մեզ ներսում է պետք միասնություն, մեր ոգին բարձրացնելու այլ ուղի չեմ տեսնում, քան ազգի պառակտմանն ուղղված ներքաղաքական բոլոր գզվռտոցների հեղեղի դեմն առնելը։ Վարչապետն այդ կոչով պիտի հանդես գա և ոչ թե դատարանների, պետական կառույցների կազմալուծման, մարդկանց իրար դեմ հանելու կոչերով։ Արցախյան նախորդ պատերազմի մասնակիցներին նսեմացնելով, ստորացնելով, հետապնդելով, ազգի ոգին կոտրում է, թշնամու բերանում լեզու է դնում։ Պատերազմական իրավիճակում սառեցնում են անջատողական բոլոր կոչերը, մոբիլիզացնում են Արցախյան նախորդ հաղթական պատերազմի մասնակիցների ուժերը, ի մի են բերում հերոսական ոգին բարձրացնելու բոլոր մեթոդները։ Պետական մակարդակով կոչ՝ ուղղված ժողովրդի համախմբմանը, այն ժողովրդի, ում բաժանել են սև ու սպիտակի, այն ժողովրդի, որի մասը հետապնդվում է իրենց տերմինով սև լինելու համար։
Ադրբեջանը լայնածավալ պատերազմ է սկսելու․ դա այլևս փաստ է։ Այս ֆոնի վրա ցանկացած անջատողական քայլ դավաճանություն եմ համարում։ Ցանկացած պառակտողական քայլ դավաճանություն եմ համարում։ Ամեն ինչ՝ ազգի համախմբմանը։ Այլապես տրամաբանական է դառնում մտածել, որ նման ծրագրերը ուղղորդված են արվում՝ թույլ տալ այն, ինչ թույլ չի տրվել մինչև այժմ։
Այսօր ոչ մեկը ոչ մեկին չի լսում։ Կինոյի այն դրվագի նման, երբ հերոսը գոռում է՝ ժողովուրդ պատերազմ է, ոչ ոք չի լսում, շարունակում են թատրոն դիտել ու ծիծաղել։ Հետո երբ ասելիքը հասնում է տեղ, մի անսովոր քար լռություն է տիրում ու գույժի նման կախվում է՝ ժողովուրդ պատերազմ է․․․ Հիմա նույն վիճակն է։
Կարծիքներ