Լավ էլի, Լարիսա Ասատուրովնա

Լավ էլի, Լարիսա Ասատուրովնա


Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը լրագրողների հետ հերթական հանդիպմանն ասել է, որ միայն առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն էր ասել, որ պետք է տարածքները հանձնվեն: Ի՞նչ են ասել հաջորդ նախագահները՝ տիկին Ալավերդյանը ոչ ուղղակի, ոչ անուղղակի մեջբերում չի արել: Միանգամից անցել է «Սասնա ծռերին»՝ ներկայացնելով, որ նրանք հանդես են գալիս տրամագծորեն հակառակ՝ Հայաստանի եւ Արցախի միավորման, դիրքերից, իսկ մյուս քաղաքական ուժերը որոշակի ոչինչ չեն ասում:

Միջին-վիճակագրական ընթերցողի մոտ, սակայն, այդ վերլուծությունը նստվածք չի թողնում: Նա տպավորվում է, որ Հայաստանի առաջին նախագահը «ծախում էր Ղարաբաղը»: Տիկին Ալավերդյանը գիտի ինչ եւ ինչպես է ասում: Եւ նրա հիմնական նպատակն էլ հենց դա է՝ ի ցույց դնել Տեր-Պետրոսյանի «պարտվողականությունը»: Այս քարոզչական «կրակի» վրա շատերն են տաքանում եւ ջերմացնում նաեւ ուրիշներին: Բայց ինչքա՞ն կարելի է նույնը կրկնել: Դեռ որքա՞ն է շարունակվելու այս կլոունադան:

Փաստ է, որ տարածքների վերադարձի գաղափարն ընկած է եղել նաեւ կարգավորման «Ընդհանուր պետության» եւ Քի Ուեսթի առաջարկությունների հիմքում, այն առկա է Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի կողմից որպես բանակցությունների հիմք ընդունված մադրիդյան սկզբունքներում: Իսկ Սերժ Սարգսյանը չի թաքցրել, որ հայկական կողմերը պատրաստ էին Ադրբեջանին վերադարձնել բոլոր յոթ շրջանները, սակայն համաձայնությունը Կազանում չի կայացել Իլհամ Ալիեւի առավելապաշտության պատճառով: Սա է իրականությունը, որ հետեւել է Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականին:
Անցած քսան տարիներին չի հաջողվել փոխել կարգավորման հայեցակարգը: Եւ ո՞րն է Լարիսա Ալավերդյանի եւ այլոց քարոզչության նպատակը: Հանրությանը ներշնչել, որ կա իրավիճակ փոխելու հնարավորությու՞ն: Այդ դեպքում ինչու՞ նրանք այդ մասին չէին բարձրանում Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի նախագահության տասնամյակներին: Եւ ինչու՞ են խոսում հատկապես այսօր, երբ նոր իշխանությունը ԼՂ հարցով դեռեւս ոչ մի որոշակի քայլ չի արել: Ի՞նչ են ուզում նրանք: Որ նոր իշխանությունը հրաժարվի՞ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջնորդությունից, խզի՞ բանակցությունները: Իսկ դրան ի՞նչ պիտի հետեւի: Եւ առհասարակ ժամանակը չէ՞, որ ամեն ոք արտահայտվի իր իրավասությունների սահմաններում:

Լարիսա Ալավերդյանը գլխավորում է իրավապաշտպան հասարակական կազմակերպություն՝ թող զբաղվի այդ հարցերով: Իսկ ԼՂ կարգավորմամբ թող զբաղվեն պրոֆեսիոնալ դիվանագետները, քաղաքական գործիչները: Թե չէ ամեն անգամ առաջին նախագահին ի ցույց դնելով ի՞նչ են ուզում ակնարկել: Տեր-Պետրոսյանը հեռացել է, հաջորդները թող կարողանային շտկել իրավիճակը՞ Չեն կարողացել, ուրեմն չեն ցանկացել կամ այդ հնարավորությունը չկա առհասարակ: Հետեւաբար պետք է հանգիստ թողնել նորերին, որպեսզի լրջորեն ծանրութեթեւ անեն՝ կա՞ կարգավորման այլ հայեցակարգ ներմուծելու հնարավորություն: Եթե ինչ-որ պատուհան բացվի, նրանք անպայման դա կօգտագործեն ի շահ Արցախի եւ Հայաստանի: Թեման անհարկի թեժացնելու կարիք չկա: Եւ չի լինի, եթե ամեն մարդ զբաղվի իր գործով: