Ներքին ձայնս հուշում է, որ ճնշում չկա դատական իշխանության վրա

Ներքին ձայնս հուշում է, որ ճնշում չկա դատական իշխանության վրա

Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու Գրիգոր Բեքմեզյանը երեկ Ազգային ժողովում փակ հանդիպում ունեցավ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ։ Նրա թեկնածությունը խորհրդարանին ներկայացրել է նույն խմբակցությունը։ Դռնփակ հանդիպումից հետո հարցեր ուղղեցինք նրան։

ԲԴԽ-ն ինչպե՞ս է աշխատել նախկինում, Բեքմեզյանը պատասխանեց. «Իմ կարծիքով՝ հրաժարականների շարանն արդեն իսկ հուշում է, թե ինչպես է աշխատել ԲԴԽ-ն։ Եթե իրենք էլ հասկանային, որ լավ ու արդյունավետ են աշխատել մինչ այժմ, ապա հրաժարականների շարան չէր լինի»։ Նրա վստահեցմամբ՝ իշխանությունների կողմից դատական համակարգի վրա ճնշումներ այսօր չկան, դա են հուշում իր ներքին «համոզումն ու ձայնը»։ Իսկ Նիկոլ Փաշինյանի կողմից դատարանների մուտքերն ու ելքերը փակելու քայլը ճնշման ապացույց եւ հակասահմանադրական չէ՞ր։ «Ես իմ ամեն ինչի համար կրում եմ պատասխանատվություն, իմ իրավական գնահատականը կտամ երկրում կատարվող իրադարձություններին, քանի որ դա կարեւոր է, շատերին է հետաքրքրում, կտամ գնահատական, բայց դա կասեմ ԱԺ-ում իմ ելույթի ժամանակ»։

- Պարոն Բեքմեզյան, եթե Ձեր ներքին ձայնը պնդում է, որ դատական իշխանության վրա իշխանությունների կողմից ճնշում չկա, ապա ի՞նչ է պնդում ԲԴԽ անդամների պաշտոնանկության շքերթի մասին․ արդեն 4 դատավոր անսպասելի հրաժարականի դիմում է ներկայացրել, ու պատճառների մասին էլ՝ քար լռություն։

- Իմ կարծիքով՝ մարդիկ հասկացան, որ այն, ինչի համար իրենք ընտրվել էին այդտեղ, չի ստացվել, եւ, այո, կարող են հրաժարական տալ։ Իրենք ունեն 2 ճանապարհ․ շարունակել՝ փոխվելով կամ հրաժարական տալ՝ ճանապարհը զիջելով նորերին։ Ենթադրում եմ՝ այն անձինք, ովքեր հրաժարական են տվել, ընտրել են երկրորդ տարբերակը, եւ կարծում եմ, որ պետք է նորերը գան, ու միգուցե նորերի մոտ ավելի լավ ստացվի։

- Իսկ բացառո՞ւմ եք, որ նրանց պարտադրել են հեռանալ, իշխանությունն էլ բացահայտ քննարկում է ԲԴԽ-ն ցրելու հարցը, Նիկոլ Փաշինյանը բացահայտ սպառնաց դատավորներին, կոչ արեց շրջափակել դատարանները, եւ դրան հետեւեցին հրաժարականները։

- Ես հույս ունեմ, որ այդպես չէ, չեմ կարող ասել՝ կուլիսային ինչ է եղել, բայց էլի եմ ասում՝ ներքին ձայնս հուշում է, որ ճնշում չկա ԲԴԽ անդամների վրա։
Ես կարծում եմ, հակառակը՝ անսպասելի անկախ է եղել ԲԴԽ-ն, միգուցե դրա համար չի հասկացել ինչ անի, ու հրաժարականներ եղան։ Երկրում իշխանական համակարգը փոխվեց, փոխվեց վերաբերմունքը դատական համակարգի նկատմամբ, այն, որ մեր դատական համակարգն ունի խնդիրներ, բոլորս գիտենք, այն, որ մեր դատական համակարգի խնդիրները գալիս են նախորդ իշխանություններից, դա եւս հասկանալի է, այս անջրպետն առաջացավ իշխանության եւ դատական համակարգի միջեւ, այսինքն՝ դատական համակարգը սկսեց այլեւս ցուցումներ չստանալ ներկա իշխանությունից եւ դատական համակարգը սկսեց մտածել՝ եթե սովոր է ցուցումներ ստանալ, ումի՞ց ստանա ցուցումներ։

- Հրաժարականի դիմում գրած ԲԴԽ դատավորների մեջ կան պրոֆեսիոնալներ, կարծում եք՝ բոլորը չե՞ն իմացել ինչպես պետք է աշխատեն, օրինակ՝ Գեւորգ Դանիելյան, Մեղրյան։

- Իրոք, շատ պրոֆեսիոնալ մարդիկ են, երկուսին էլ ճանաչում եմ, շատ լավ գնահատում, հենց պրոֆեսիոնալիզմն իրենց ստիպեց, որպեսզի իրենց վեր դասեն պաշտոնից եւ գնան, երեւի որովհետեւ ԲԴԽ-ում այս պահին անելիք չունեն։

- Այսինքն՝ հիմա ոչ պրոֆեսիոնալնե՞ր են հավաքում։

- Ոչ, պրոֆեսիոնալներ են բոլորը, ես դրա համար ասացի, որ կա երկու տարբերակ՝ կա՛մ անձը որոշում է, որ ինքը դեռեւս ունի անելիք, եւ շարունակում է, կա՛մ գտնում է, որ իրենք այլեւս սպառել են իրենց, ու որոշում են դուրս գալ։ Մեղրյանն ու Դանիելյանն ընտրեցին այդ ճանապարհը՝ հավանաբար, ես չեմ խոսել իրենց հետ, ենթադրում եմ եւ հույս ունեմ, որ իրենց չեն կանչել կուլիսային զրույցների, քանի որ ԲԴԽ անդամները նաեւ անկախ են, ու նրանց  հնարավոր չէ պարտադրել հրաժարական, իրենք են որոշում՝ տա՞լ, թե՞ չտալ հրաժարական։

- Դուք մտահոգություն չունե՞ք, որ ԲԴԽ անդամ դառնալուց հետո ինչ-որ պահի Ձեր նկատմամբ էլ կլինեն ճնշումներ, քաղաքական քմահաճություններ ստիպված կլինեք կատարել։

- Ես հույս ունեմ, որ նման բան չի լինի, եթե եղավ, ես կբարձրաձայնեմ։

- ԲԴԽ-ում ստեղծվել է մի վիճակ, երբ քվորումի խնդիր կա, որոշումների ընդունման համար առնվազն 7 անդամ է հարկավոր, մինչդեռ մնացել են 4-ը․ ի՞նչ է սա ենթադրում՝ պետք է ցրե՞լ կառույցը, թե՞ համալրել։

- Պետք է լրացվեն, եւ նոր կազմով արդեն իրավասու կլինի որոշումներ կայացնել։

- Փաշինյանը հայտարարեց դատավորներին վեթթինգի ենթարկելու մասին, ո՞ր մարմինը պետք է վեթթինգ իրականացնի, ի՞նչ է դա իրենից ներկայացնում, եւ արդյոք, դատելով հրաժարականներից, ԲԴԽ-ում վեթթինգն արդեն սկսվա՞ծ չէ։

- Ես չեմ ուզում վեթթինգի մասին խոսել․ պետությունն է առաջարկել, պետությունն էլ պետք է ներկայացնի այն մեխանիզմները, որոնցով պետք է իրականացնի, մենք էլ կքննարկենք։
Խոսակցություններ կան, որ ԲԴԽ-ն կարող է իրականացնել վեթթինգը կամ մեկ այլ կառույց․ ես խնդիր չեմ տեսնում՝ եթե պետությունը որոշի, որ ԲԴԽ-ն պետք է իրականացնի, ապա  կառույցն այնքան վստահություն ու ազնվություն պետք է ունենա, որ ինքն իրականացնի, եւ առաջին հերթին կարեւոր է, որ ԲԴԽ-ն ինքը նախեւառաջ ենթարկվի վեթթինգի, նոր մնացած դատավորներին ներկայացնի։

- Հիմա ԲԴԽ-ի նախկիններին ճամփում են, շուտով նորերին կբերեն․ սա ինքնըստինքյան վեթթի՞նգ է, թե՞ ոչ։

- Ոչ, նորերին էլ պետք է վեթթինգի ենթարկեն, նրանք հանրության առջեւ պետք է անցնեն դա եւ ցույց տան, որ մենք ունենք այս կապերը, այս հնարավորությունները եւ այլն։

- Իսկ վեթթինգ իրականացնելու համար չպե՞տք է սահմանադրական փոփոխություններ արվեն։

- Այո, բայց իշխանությունը կարող է գտնել նաեւ այն ձեւը, որ առանց սահմանադրական փոփոխության էլ լինի։ Եթե անկախ մարմինը պետք է իրավական հետեւանք առաջադրի, մենք Սահմանադրության հետ խնդիր կունենանք, եթե քննի եւ այդ ամենը փոխանցի այլ մարմնի, որպեսզի վերջինս իրավական հետեւանքներ չառաջացնի, ապա մենք սահմանադրականության հետ կապված խնդիր չենք ունենա։

- Այսինքն՝ հնարավո՞ր է, որ մի անկախ մարմին քննի, բացահայտումները փոխանցի այլ մարմնի, որն էլ գործ կհարուցի կամ իրավական այլ հետեւանքներ կպարտադրի։

- Ինչո՞ւ ոչ, ես խնդիր չեմ տեսնում այդ առումով։