Հեղափոխության առեղծվածը

Հեղափոխության առեղծվածը

Մաս 1. 

Հեղափոխության լուսապսակից անդին

Հայկական թավշյա հեղափոխությունը հայաստանյան նոր տոնացույցում հավանաբար կհանգրվանի «Քաղաքացու օրվա» տոնական ցուցանակի ներքո: Հեղափոխության առաջին տարեդարձը մեզ վերադարձնում է փոթորկուն այն օրերը, երբ ՀՀ հարյուր հազարավոր քաղաքացիներ հեղեղեցին Երեւանի փողոցները՝ պահանջելով քաղաքական փոփոխություններ եւ Սերժ Սարգսյանի հրաժարականը: Տասը տարի շարունակ Հայաստանի հանրությունը թեպետ տենչում էր Սերժ Սարգսյանի հեռացումն իշխանությունից, սակայն ՀՀ նախագահի 2008 եւ 2013թթ. ընտրություններին ուղեկցող հասարակական ընդվզման ձախողումից հետո Սարգսյանի իշխանազրկումն ավելի ու ավելի մշուշոտ էր թվում: Հայաստանում, ուր 23 տարի շարունակ՝ 1995թ. ի վեր, իշխանությունը չէր փոխվել ընտրությունների արդյունքում, Հայաստանում, ուր իշխանությունը չէր փոխվել 1996, 2003, 2008, 2013թթ. նախագահի ընտրությունների, հասարակական անհնազանդության եւ հեղափոխությունների հետեւանքով, Հայաստանում, ուր իշխանությունը չէր փոխվել անգամ 2016թ. հուլիսին՝ զենքի սպառնալիքով եւ ՊՊԾ գնդի գրավմամբ, Հայաստանում «խաղաղ, ոչ բռնի, բաց ձեռքերի հեղափոխության» հաղթանակը քաղաքական ուտոպիայի էր նման:

Մինչ հայկական հասարակական ընդվզումների ձախողումները եւ քաղաքական առաջնորդների սխալները Հայաստանի նորագույն պատմության դասագիրք էին մտնում՝ համալրելով քաղաքական պարտությունների ամոթալի էջերը, 2018թ. ապրիլյան հեղափոխությունը՝ «Քա՛յլ արա, մերժի՛ր Սերժին» կարգախոսով, փողոցները փակող պատանիներով եւ երիտասարդներով, իր վրա էր բեւեռել միջազգային հանրության զարմանքը: Նիկոլ Փաշինյանի գլխավորած հեղափոխությունը հաղթանակով ավարտվեց՝ ազդարարելով Նոր Հայաստանի եւ նոր քաղաքականության կերտման ժամանակը: 

Հայկական հեղափոխության վրա ծածանվում էր ոչ միայն հաղթանակի դրոշը, այլեւ տարուբերվում է անիմանալի, անհայտ առեղծվածի ամպը: Հեղափոխության առաջին տարեդարձը պարտադրում է նաեւ մի կողմ դնել հեղափոխության լուսապսակը եւ տեսնել ու մտածել, թե, ի վերջո, ինչ է պահված այդ լուսապսակից անդին:

21-րդ դարի գունավոր հեղափոխությունների դարաշրջանում հայկական հեղափոխությունը գունազուրկ էր, այն ո՛չ անվանում ձեռք բերեց, ո՛չ էլ գունավորվեց՝ դրանով իսկ առանձնանալով գունավոր հեղափոխություններից, որոնք հստակ արեւմտյան քաղաքական զարգացում էին նախանշում: Նաեւ այդ պատճառով էր հայկական հեղափոխությունն անընկալելի թե՛ Արեւմուտքի, թե՛ Ռուսաստանի համար, որոնք միմյանց կասկածում էին հեղափոխության աջակցության մեջ: 
Չնայած հեղափոխությունից մեկ տարի անց ռուսամետ հայ քաղաքացիների մեղադրանքներն ուղղվում են «գունավոր հեղափոխությունների» աջակից, Բաց հասարակության հիմնադրամի նախագահ Ջորջ Սորոսի եւ հիմնադրամի Երեւանի գրասենյակի դեմ, այնուամենայնիվ, երեւանյան գրասենյակի իրականացրած ծրագրերն ու դրամաշնորհային տարակուսելի քաղաքականությունը, դրանց հասցեականությունը վկայում են, որ Երեւանի գրասենյակն արեւմտյան քաղաքականությունը Հայաստանում իրականացրել է հայկական տարբերակով՝ ֆինանսավորելով ընդգծված ռուսամետ գործիչներին, աջակցելով Հայաստանի ռուսամետ նախկին բոլոր իշխանություններին եւ ձախողելով արեւմտյան ուղղությունն ու արժեհամակարգի հաստատումը Հայաստանում: Նույնիսկ «Քաղաքացիական պայմանագրի» եւ «Իմ քայլի» հեղափոխականները արեւմտյան արժեհամակարգի կրող չէին, ինչը հետագայում ապացուցվեց նոր իշխանությունների ռուսական ուղեգծի՝ նրանց աջակցությամբ:

Բացի այդ, Ջորջ Սորոսն իրավացի էր, երբ ավելի վաղ ընդգծում էր. «Իմ դերը «գունավոր հեղափոխությունների» գործում սխալ է ընկալվել եւ մեծապես չարաշահվել է Պուտինի եւ Շեւարդնաձեի կողմից, որոնք գերադասեցին մեղադրել ինձ «գունավոր հեղափոխություններ» կազմակերպելու համար, ընդունելու փոխարեն այն փաստը, որ ժողովուրդն է տապալել ռեժիմը Վրաստանում»: 

Հայկական թավշյա հեղափոխությունը ոչ միայն գունավոր չէր, այն նաեւ ազգային հեղափոխություն չէր. թեպետ Սերժ Սարգսյանի հրաժարականը ողջ հայության երազանքն էր, սակայն հեղափոխությունը ոչ մի ազգային խնդիր չէր առաջադրում: Ազգային խնդիրների, նպատակների, տեսլականի, համահայկական կառույցների գործունեության ծրագրերի բացակայությունը հեղափոխության օրակարգից վկայում էին, որ հայկական հեղափոխությունը ազգային բնույթ չուներ, համահայկականությունը միայն հեղափոխության ֆինանսական աջակցությանն էր վերաբերում: Մեր հեղափոխության ազգային քաղաքական մոտիվներն ու նպատակներն անհայտ էին կամ պարզապես բացակայում էին: 

Հայկական հեղափոխությունն անգույն էր եւ անանուն, այն ո՛չ ազգային էր, ո՛չ դասական-քաղաքագիտական, ո՛չ գունավոր, դրանցով իսկ՝ աննախադեպ էր եւ առեղծվածային: 
Հեղափոխությունը չէր նախանշում նաեւ Հայաստանի զարգացման քաղաքական ուղղությունը: Կասկածներ էին առաջանում, որ հայկական հեղափոխությունը մշակել-նախանշել էին ապագաղափարական, ապաքաղաքական ուժերը, որոնք Հայաստանի քաղաքական զարգացման ուղին չէին նախանշում նաեւ այն պատճառով, որ մեծ քաղաքականությունն անհայտ էր նրանց: Նրանք քաղաքական տեխնոլոգիաները շփոթում էին իրական քաղաքականության հետ: Այդ իսկ պատճառով հեղափոխության համար ընտրվել էին ընդգծված ապագաղափարական, ապաքաղաքական թիմ եւ առաջնորդ: Հեղափոխության առաջնորդը՝ Նիկոլ Փաշինյանը, չկրկնեց նախկինների սխալները. չդրսեւորեց անհետեւողական, անվճռական, եսասիրական վարքագիծ: Սակայն հեղափոխության իրականացման համար ընտրվեց Նիկոլ Փաշինյանի թեկնածությո՞ւնը, թե՞ նա պարտադրեց իր թեկնածությունն ու առաջնորդությունը իրադարձությունների զարգացման արդյունքում, դժվար է ասել, թեպետ ակնհայտ է, որ հեղափոխությունը չէր հաղթի առանց Նիկոլի: 
Քաղաքականության բացակայությունը հայկական հեղափոխության մյուս առանձնահատկությունն էր, նրա առեղծվածի մյուս դրսեւորումը եւ հեղափոխության լուսապսակի մութ կողմը:

Հեղափոխության հարթակն արդեն իսկ ընդգծում էր, որ քաղաքականությունը հեղափոխության առաջնային նպատակը չէր: Ավելին: Այդ հարթակն իրավացիորեն հեռու էր պահվում ոչ միայն կոլաբորացիոնիստներից կամ քաղաքական պայքարում ձախողված գործիչներից, այլեւ հանիրավի հեռու էր պահվում նրանցից, ովքեր հեղափոխությանը կարող էին հաղորդել գաղափարներ եւ ծրագրեր: Ակնհայտ էր, որ հեղափոխության քաղաքական բովանդակությունը կարող էր փոխել ոչ միայն հարթակի ղեկավարությանը, այլեւ դրանով իսկ՝ հեղափոխության ուղղությունը (ինչպես ղարաբաղյան Շարժման ժամանակ քաղաքական առաջնորդների փոփոխությունը փոխեց Շարժման կարգախոսները, բովանդակությունը, ուղղությունը):

Դեպքերի ու դեմքերի զարգացման հետագիծը, փաստերի եւ իրողությունների դասդասումը, վերլուծությունը կարծես գծում են այն ուղղությունը, որտեղից կարող էր ծագել եւ ծրագրավորվել հեղափոխությունը: Ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, անսխալ նախանշում էր հեղափոխության ընթացքն ու արդյունքը: 2018թ. մարտի 30-ին, քայլարշավի նախօրյակին, հյուրընկալվելով Մամուլի ազգային ակումբում, նա հայտարարեց. «Եթե ժողովուրդը հարյուր հազարներով դուրս գա փողոց եւ իր կամքը ցուցադրի, վարչապետի թեկնածուն կլինի ժողովրդի թեկնածուն, նա, ում կընտրի ժողովուրդը հրապարակում»: Այդ ժամանակ հնարավոր էր անգամ հավատալ Սերժ Սարգսյանի հրաժարականին, սակայն բնավ չմտածել «ժողովրդի թեկնածուի»՝ վարչապետ դառնալու մասին:

2018թ. մայիսի 1-ի Ազգային ժողովի հատուկ նիստում, երբ նախկին անօրինակարգ խորհրդարանը տապալեց Նիկոլ Փաշինյանի թեկնածության ընտրությունը վարչապետի պաշտոնում, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը, բոլորի համար անսպասելի, «կողմ» քվեարկեց Փաշինյանի թեկնածությանը՝ երեկոյան իր ֆեյսբուքյան էջում գրառելով․ «Ես քվեարկել եմ ժողովրդի թեկնածուի օգտին՝ իմ խղճի թելադրանքով»: Սա, թերեւս, հեղափոխության առաջին անսպասելի եւ առեղծվածային մոտիվն էր: Քսանչորս տարեկանում ՀԼԿԵՄ Արարատի շրջկոմի քարտուղարի պաշտոնում նշանակված, 1980-91թթ. ՊԱԿ-ի Գորիսի բաժանմունքի օպերլիազոր, ՊԱԿ-ի Եղեգնաձորի բաժանմունքի պետ, 2007-2013թթ. ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Ֆելիքս Ցոլակյանը որեւէ հեղափոխության հետ կարող էր նույնքան կապ ունենալ, որքան հրաշապատում հեքիաթը՝ իրականության հետ, եթե այդ հեղափոխության աջակցման եւ իրականացման հրահանգավորում չունենար: 

 ԱԺ մայիսի 8-ի նիստում վարչապետի ընտրությանը «կողմ» քվեարկեց նաեւ ՀՀԿ խմբակցության մեկ այլ անդամ՝ Շիրակ Թորոսյանը, ավելի ուշ հեռացվելով խմբակցությունից: Նա եւս իր քվեարկությունը բացատրեց «խղճին համապատասխան»: Ջավախքում իր ազգայնական գործունեությամբ առանձնացող, վրացական իշխանությունների կողմից պարբերաբար մերժվող Շիրակ Թորոսյանը չէր կարող դուրս մնալ անվտանգության մարմինների ուշադրությունից: 
Սերժ Սարգսյանի քաղաքական թիմը սկսում էր կազմաքանդվել ոչ միայն եւ ոչ այնքան «հանուն ժողովրդի թեկնածուի», «հանուն խղճի եւ ազատության» կամ հանուն հեղափոխության: Այնպիսի տպավորություն էր, որ հայկական թավշյա հեղափոխությունը՝ որոշակի ուղեգծով եւ ծրագրով, հարթում էր իր արագ եւ հաղթական ընթացքը: Դեպքերի եւ իրողությունների դասդասումը ենթադրել է տալիս, որ թավշյա հեղափոխության նախապատրաստման պատմությունը, թերեւս, սկսել էր ավելի վաղ:

Շարունակելի