Ծնողավարություն.Ինչպես են ծնողների հարաբերություններն ազդում երեխայի վրա

Ծնողավարություն.Ինչպես են ծնողների հարաբերություններն ազդում երեխայի վրա

Երեխայի զարգացումը, նրա հոգեվիճակը կախված են մեծամասամբ ծնողների հարաբերություններից: Ընտանիքում, որտեղ հայրն ու մայրը միմյանց հարգալից և բարեհամբույր են վերաբերվում, երեխան իրեն զգում է վստահ և ապահով: 

Ընտանեկան տարաձայնություններ
Բոլոր ընտանիքներում էլ տարաձայնություններ լինում են, և հնարավոր չէ երեխային բացարձակապես զերծ պահել կոնֆլիկտներից, ավելին` պետք էլ չէ: Սակայն երբ ընտանիքում հաճախ են վեճեր լինում, երեխան ունենում է մեծ անհանգստություններ, որոնք չեն կարող չանդրադառնալ նրա առողջության ու հոգեվիճակի վրա: Նա ծնողների ամբողջ բացասական հույզերը վերցնում է իր վրա և սկսում  կարծել, որ կոնֆլիկտների գլխավոր մեղավորն ինքն է: Հետևանքը լինում է մեղքի զգացումը, ինչը կործանարար է երեխայի հոգեկանի համար և կարող է վերածվել հոգեբանական տրավմայի: 

Այո', երեխաները, ինչպես երբեմն և ծնողները, հաճախ չեն կարողանում հասկանալ ծնողների վեճերի իրական պատճառները, սակայն նրանք հստակ զգում են բոլոր բացասական հույզերը, հուզական պատնեշներն ու հեռավորությունը, որ առկա է մայրիկի ու հայրիկի միջև: Հաճախ ծնողները կարծում են, թե երեխայի մոտ չվիճելով, սակայն իրականում միմյանց հետ վատ ու չպարզաբանված հարաբերություններ ունենալով, երեխային ապահովագրում են բացասական ազդեցությունից: Սխալվում են: Եթե նույնիսկ տանը ափսեներ չեն նետում իրար ուղղությամբ ու դռները չեն շրխկացնում իրար առաջ, իրար վրա չեն բղավում, միևնույն է` երեխան որսում է ընտանիքի հուզական վիճակն ու իրեն անհարմարավետ զգում:

Երբ միմյանցից դժգոհությունները թաքցնում եք  ու հարմար առիթի սպասում, որպեսզի հարաբերությունները պարզեք, ռիսկի գործոնը մեծանում է, որ ձեր բացասական հույզերը վաղ թե ուշ կթափեք երեխայի վրա: Պատահում է, երբ երեխան, օրինակ, հյութը պատահաբար թափում է, իսկ ծնողն անտեղի սկսում է բղավել: Հիշեք` յուրաքանչյուր հույզ պետք է դուրս բերվի, և ահավոր է, երբ այն ուղղված է լինում ընտանիքի ամենաթույլ անդամին` երեխային: Երբ նման իրավիճակները հաճախ են կրկնվում, երեխան մշտապես ապրում է մեղքի զգացում, իրեն համարում է վատ, անպետք, որևէ բանի անընդունակ: Հետևանքը լինում է ցածր ինքնագնահատականն ու դրանից բխող հետևանքները:

Գերկենտրոնացում երեխայի վրա
Ցավոք, հաճախ իրարով այլևս չհետաքրքրվող ու հանուն երեխայի ընտանիքը պահպանող ծնողները միայն կենտրոնանում են երեխայի, նրա զարգացման ու դաստիարակության վրա: Սա հանգեցնում է ծնողների մոտ դյուրագրռության, չարության, հոգնածության, հույզերը չկառավարելուն: Մինչդեռ երեխային պետք են հոգեպես առողջ և հուզական առումով կայուն ծնողներ, իսկ դա հնարավոր է միայն դերերն իրարով փոխարինելով` մայր լինելուց անցում կին լինելուն, կնոջից` դստեր, դուստրից` ընկերուհու, ընկերուհուց` գործընկերոջ: Ահա թե ինչու է կարևոր միշտ հիշել, որ դուք ոչ միայն հայր կան մայր եք, այլև` կին ու ամուսին:
Երեխան նման իրավիճակում գրեթե միշտ ենթարկվում է գերհոգատարության, ինչը բացասաբար է ազդում նրա զարգացման վրա:

Փրկարարի դերում
Ոչ պակաս վտանգավոր են այն իրավիճակները, երբ երեխան հանդես է գալիս փրկարարի դերում` հաշտեցնելով վիճած ծնողներին: Մի դեպքում դա տեղի է ունենում, երբ ծնողները երեխայի միջոցով իրար ուղերձներ են հղում, մյուս դեպքում, երբ վաղուց իրարից հիասթափված ծնողները շարունակում են իրար հետ ապրել հանուն երեխայի:
Երեխան, ծնողներին հաշտեցնելու համար, փնտրում է լավագույն միջոցը` ամեն կերպ իր նպատակին հասնելու համար: Զգալով հոգեբանական անհարմարություն` երեխան ուզում է լացել, զայրանալ կամ փախչել: Այսպիսի երեխաները հաճախ են հիվանդանում, քանի որ հիվանդ երեխան միավորում է իր շուրջ դեռ երեկ վիճած ծնողներին և ստիպում միասին հաղթահարել հիվանդությունը: Իսկ այս միջոցը կործանարար է թե՛ երեխայի հոգեկան, թե՛ ֆիզիկական զարգացման համար:

Անահիտ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Նյութի աղբյուրը` ya-roditel.ru