Քաղաքական կրքեր առողջապահական թեմայով քննարկմանը

Քաղաքական կրքեր առողջապահական թեմայով քննարկմանը

«Հայկական առողջապահական ազգային խորհուրդ» ՔՀԿ կոալիցիայի կազմակերպած «Առողջապահական բարեփոխումներ» աշխատանքային քննարկմանը բժշկական շրջանակներից բացի hրավիրված էին կուսակցությունների ներկայացուցիչներ՝ առաջարկները հավաքագրելու և օրենսդրական լուծումներ առաջարկելու։

Հաշվի առնելով,  որ «Պ»-աձև սեղանի շուրջ հավաքվել էին «Իմ քայլից» ներկա Լուսինե Բադալյանը,ՀՀԿ-ից Կարեն Ավագյանը,  «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը, «Ռեֆորմիստների» կուսակցությունից Վահան Բաբայանը, զրույցը պարբերաբար մասնագիտական հարթությունից տեղափոխվում էր քաղաքական հարթություն,չնայած կոալիցիայի նախագահ Գևորգ Գրիգորյանն անընդհատ քննարկման մասնակիցներին կոչ էր անում անձնական երկխոսություն չծավալել, վերադառնալ մասնագիտական քննարկման դաշտ։

Ամեն ինչ սկսվեց նրանից, որ Վահան Բաբայանը «Ստոմատոլոգիա․ բժշկություն, այլ ոչ թե բիզնես» թեմատիկ քննարկման ժամանակ հայտարարեց, որ բժիշկ չէ, բայց, ոչինչ, հիմա թրենդի մեջ է, երբ բոլորը խոսում են բաներից, որի մասին պատկերացում չունեն։ Ներկաները ժպիտը հազիվ էին թաքցնում, Լուսինե Բադալյանը հասկացավ, որ ակնարկները թիմին էին ուղղված և իր ելույթում Բաբայանին խորհուրդ տվեց լռել։ 

«10 տարվա մեջ եթե խնդիրները չեք լուծել, ավելի լավ է՝ լռեք, էլի»,-ասաց Լուսինե Բադալյանը։ 
Վահան Բաբայանն էլ պատասխանեց, որ Լուսինե Բադալյանը թերթ չի կարդում, կայք չի նայում, թե չէ կիմանար, որ երբևէ իշխանության չի եղել և որևէ իշխանության համար պատասխանատվություն չի կրում։

Լուսինե Բադալյանը՝ մասամբ համաձայնելով, ասաց՝ ամեն դեպքում, հարթակ եղել է։
«Ես համաձայն չեմ այս իշխանությանը մեղադրանքներ հնչեցնելու, որովհետև էնպես չի, որ էնքան ժամանակ է անցել, որ բոլոր հարցերը պետք էր լուծվեն»։

Նա նշեց, որ ստոմատոլոգների խնդիրներին քիչ թե շատ տեղյակ է, և որ, այո, շատ խնդիրներ կլուծվեն, հատկապես, եթե լուծվի պարտադիր ապահովագրության համակարգի ներդնումը։
«Պետական կլինի պարտադիր ապահովագրությունը, մասնավո՞ր, թե երկուսն իրար հետ, այս դեպքում Ձեր բարձրացրած խնդիրները պիտի որ լուծվեն»,-ասաց իմքայլական պատգամավորը։

Բացի «պիտի որ»-ից, բժիշկներն էլ կստանան բարձր աշխատավարձ և բոլորը որակյալ բուժում՝ Լուսինե Բադալյանի պատկերացնումներով, իսկ Վահան Բաբայանն ասում էր, որ այդ հեղափոխության արդյունքում պետք է դրական բան տեղի ունենար, որ մարդիկ կարողանային ազատվել հարկային վարչարարությունից, որ նախկինում կար։

«Ասում էին՝ առողջապահության ոլորտը հեսա տեսեք ինչ է դառնալու, ոչինչն էլ ոչ մի բան չի դարձել և դժվար դառնա, որովհետև չկա արտոնություններ տալու մոտեցումը։ Բժիշկներին, կլինիկաներին և շատ ոլորտներում պետք է տրվեն հարկային արտոնություններ, որ մարդիկ սկսեն լավ աշխատել, որ մարդիկ ուզենան Հայաստանում ապրել, Հայաստանում բուժվել, իսկ քանի որ Հայաստանում ամեն ինչ վերջին շրջանում խոսքի արժեքով է, ոչ թե գործի, դրա համար մեր երկրի վիճակը սենց է»,-հայտարարեց Վահան Բաբայանը։

Խոսքը վերաբերում էր առաջարկներին, որ ստոմատոլոգիական ծառայությունների համար պետության կողմից տրվող պետպատվերն ավելացավ և մոտ լինի իրական շուկայական արժեքին կամ ծառայության ինքնարժեքին։

Նշենք, որ կարիեսի բուժման համար պետությունը տրամադրում է 3800 դրամ, պրոտեզավորման համար՝ 18 000 հազար և այլն։ Բաբայանը նշեց, որ պետպատվերը ոչ միայն ստոմատոլոգիայում,այլ, առհասարակ, իրեն չի արդարացրել և որևէ հեղինակավոր բժիշկ երբեք պետպատվերով վիահատություն չի անում, և պետպատվեը հանձնվում է սկսնակներին, որոնք էլ, ինչպես են անում, Աստված գիտի։

Կարեն Ավագյանը դեմ արտահայտվեց արտոնություններ տալուն և նշեց, որ դա ոչ մի տեղ չտանող և վարակիչ ճանապարհ է։ Այսօր արտոնություն կտան ստամատոլոգներին, վաղը այն կպահանջեն ուռոլոգները, կարդիոլոգները և այսպես շարունակ։

«Գոյություն ունեցող առողջապահական համակարգը մեր ստեղծած համակարգն է, մենք երբևէ պատասխանատվությունից չենք խուսափել։ Այն ծրագրերը, որ այսօր դրված են համակարգում, բացառապես մեր ստեղծածն է, մեր կուսակցության կողմից է ներկայացված եղել առանձին առողջապահական ծրագիր։ Առանձին առողջապահական ծրագրեր շատ քիչ կուսակցությունների նախընտրական ծրագրերում կտեսնեք»,-նշեց Կարեն Ավագյանը։

Նա նշեց, որ պետպատվերը,որը տրամադրվում է պետության կողմից, գնում է ոչ թե նյութերի ձեռք բերմանը, հասնում է ոչ թե ստոմատոլոգներին, տնօրինվում է բուժհիմնարկների տնօրենների կողմից։ Նախկին իշխանության ներկայացուցիչը բավականին իրազեկ էր, թե պետպատվերով ինչ նյութեր են օգտագործվում  ստոմատոլոգիայի մեջ, պլոմբանյութ, որն արդեն 20 տարի է՝ դուրս է եկել շուկայից։

Արման Աբովյանն էլ, նշելով, ո Առողջապահությունն այն ոլորտն է, որն առնչվում է բոլորին, նշեց, որ այո, հարկային արտոնություններ պետք է տրվեն բժշկական ծառայություններին ու կլինիկաներին։

ՀՀԿ-ի երիտասարդական թևի նախկին ղեկավարը նաև համաձայն չէր Բաբայանի հետ պետպատվերի մասով։ Ասաց, որ առանձին հիվանդությունների պետպատվերի ու վճարովի ծառայությունների որակների միջև տարբերություն չկա։ 

Ինչ վերաբերում է նրան, որ ստոմատոլոգիան 0-18 տարեկան երեխաների համար դարձել է անվճար, Կարեն Ավագյանի համար միանշանակ դրական չէ․

«Հրաշալի է։ Բայց, երբ նայում ենք, թե հինգ տարի հետո ինչ է լինելու, խայտառակ թվեր են լինելու։ Մենք հիմնահատակ մոռանում ենք զարգացվածության մասին․ինքնարժեքը ծածկելու քաղաքականություն է, որը գուցե այս պահին արդարացնում է, բայց զարգացման չի տանում։ Բյուջե, աշխատավարձ, ոչ բժշկի կատարելագործում, ոչ նոր նյութեր կան, ոչ նոր գիտելիքներ, ոչ փորձի փոխանակություն։ Դրանք գումարներ են, որ պիտի ծախսվեն»,-ասաց Կարեն Ավագյանը։

Նրա ամփոփմամբ՝ այսօր առողջապահության քաղաքականությունը բացառապես ինքնարժեքով ապահովելն է։ Սա, ըստ նրա, արդարացնում է կարճաժամկետ։