Ռուսական ռազմաբազայի վնասները՝ Շիրակի մարզին
Հայաստանի անկախացումից հետո, երբ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գործուն ջանքերով 1990-ականների սկզբներին դեռ նոր-նոր անկախացած Հայաստանն անդամակցեց ԱՊՀ-ին, եւ Հայաստանի անվտանգության երաշխավորի պարտականությունը ստանձնեց Ռուսաստանի Դաշնությունը, Հայաստանում տեղակայվեցին ռուսական զորքեր, որոնց տեղակայման վայրերից մեկն էլ Գյումրիի ռուսական 102-րդ ռազմական բազան է։ Առայսօր ռուսական ռազմաբազան շարունակում է իրականացնել միջպետական պայմանագրով իր պարտականությունները եւ դեռ առաջիկա մոտ կես դարի ընթացքում էլ այդ վիճակը կպահպանի, քանի որ միջպետական պայմանագիրն ամեն ժամկետի լրանալուց հետո թարմացվում է։
Ռազմաբազայի ներկայությունը Գյումրիում մի կողմից դրականորեն է ազդում քաղաքի ընդհանուր տնտեսական կյանքի վրա, սակայն արդեն քանի անգամ է, որ բազայի զինվորականների կողմից իրականացվում են հանցագործություններ, որոնք ակամա դարձել են որոշակի նեգատիվ վերաբերմունք եւ կեցվածք դրսեւորելու հիմք։ Թեեւ ամեն մի հանցագործությունից հետո մշտապես խոսվել է այն մասին, որ «գյուղ չկա, որ շուն չլինի», եւ որ եզակի դեպքերը չպետք է տարածել երկու եղբայրական ժողովուրդների հարաբերությունների վրա։
Առաջին հանցագործությունը, որը ռուս զինվորականների կողմից կատարվեց Գյումրիում, 1999 թվականի ապրիլի 14-ին է եղել, երբ ռուս զինվորականներ Ալեքսանդր Կամենեւը եւ Դենիս Պոպովը զենքով փախել էին զորամասից եւ հրազենային կրակ բացել Գյումրու կենտրոնական հրապարակի մերձակայքում՝ շուկայի «Լաչինի միջանցք» կոչված տարածքում գտնվող մարդկանց վրա։ Զոհվել էր երկու անձ, վիրավորվել՝ 7-ը։ Նրանք կալանավորվել են հայկական կողմի քննիչի որոշման համաձայն եւ պահվել հայկական կողմի մեկուսարանում։ Դատվել են հայկական կողմի դատարանի կողմից՝ ստանալով պատիժ 14 եւ 15 տարի ժամկետով, ինչպես պատմել է Դենիս Պոպովի պաշտպանությունն իրականացրած Թամարա Յայլոյանը «168 ժամ»-ի հետ զրույցում։
Հաջորդ եւ թերեւս ամենից աղմկոտ հանցագործությունը ռուս զինվորականի կողմից կատարվել է 2015-ի հունվարի 12-ին, երբ Վալերի Պերմյակովը սպանդի ենթարկեց գյումրեցի Ավետիսյանների ընտանիքը՝ հորից մինչեւ վեց ամսական մանուկը։ Այս դեպքն առաջացրեց գյումրեցիների ցասումը։ Գյումրիում օրեր շարունակ բողոքի ցույցեր էին տեղի ունենում, մարդիկ արդարություն էին պահանջում։ Պերմյակովը, սակայն, չհանձնվեց հայկական կողմին։ Նա մշտապես կալանքի տակ մնաց ռուսական բազայի մեկուսարանում։ Ավելին՝ դատվեց երկու երկրների դատարանների կողմից՝ ռուսական ռազմադաշտային դատարանի կողմից դատապարտվելով 10 տարվա ազատազրկման՝ դասալքության եւ այլ զինվորական հանցանքների համար, եւ ցմահ ազատազրկման հայկական դատարանի կողմից՝ սպանության բուն հանցագործության կատարման համար։
Նույնիսկ վճռի արձակումից հետո նա շարունակեց մնալ ռուսական բազայի մեկուսարանում եւ, ի վերջո, արտահանձնվեց ռուսական կողմին։ Եվ, ահա, երրորդ հանցագործությունը տեղի ունեցավ օրերս, երբ գյումրեցի հավաքարար կինը, ըստ պաշտոնական քրոնիկոնի, մահացավ, իսկ այդ մահվան հետ կապ ունենալու կասկածանքով ձերբակալվեց ռուս զինվորական։ Վերջինս հիմա դարձյալ գտնվում է ռուսական բազմաբազայում։ Ի դեպ, բացի հանցագործությունները, ռուսական բազմաբազայի պատճառով 2013 թվականին նաեւ երկու երեխա է մահացել Շիրակի մարզում՝ Հովունի եւ Վահրամաբերդ գյուղերի միջեւ ընկած տարածքում՝ ռուսական զորքերի տանկային հրաձգարանի տարածքում չպայթած ականի պայթյունից: Այդ տարածքը 45 տարով վարձակալության է տրված ՌԴ ԶՈՒ-ին։
Կարծիքներ