Բակո Սահակյանը հրաժարակա՞ն է տալու

Բակո Սահակյանը հրաժարակա՞ն է տալու

Օրերս «Հրապարակ» օրաթերթը գրել էր, թե Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը ծրագրում է եկող շաբաթ համագումար անել ու հայտարարել փողոցային պայքարի մեկնարկը: Բանն այն է, որ չնայած սահմանադրական փոփոխությունների համար Բաբայանի թիմին հաջողվել է պահանջվող ստորագրահավաքը հաջողությամբ ավարտել, սակայն թե՛ հայաստանյան, թե՛ արցախյան պաշտոնական շրջանակները հայտարարել են, որ գործընթացը հակաօրինական է։ Եվ մեծ է հավանականությունը, որ Արցախի Գերագույն դատարանը մերժի նախագիծը, ուստի Բաբայանը ցանկանում է մի ոտք շուտ բռնել իշխանությունների վախը, փողոցով պարտադրել սահմանադրական փոփոխությունները:

ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատարի գրասենյակը նախօրեին այս լուրի վերաբերյալ պարզաբանում էր տարածել, որը թեեւ կառուցված էր հերքման տրամաբանությամբ, սակայն, ըստ էության, հաստատում էր թերթի տեղեկատվությունը։ «Նախաձեռնող խումբը հնարավոր ամեն ինչ անում է հարցը հանրահավաքներին չհասցնելու ուղղությամբ։

Սակայն եթե այս բանակցություններն իրենց պատշաճ հանգուցալուծմանը չհասնեն, հավաքներ անցկացնելը կդիտվի ժամանակի անհրաժեշտություն։ Տարածված այն լուրերը, որ ձեռք են բերվել որոշակի պայմանավորվածություններ ինչ-որ քաղաքական ուժերի հետ, չի համապատասխանում իրականությանը»,- ասված է Բաբայանի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։ Սամվել Բաբայանի գործոնի դեմ, ըստ էության, լայն կոնսենսուս է ձեւավորվել Հայաստանում եւ Արցախում։ Իհարկե, այդ կոնսենսուսի պատճառները միանգամայն տարբեր են։ Ստեփանակերտի էլիտան անհանգստացած է, որ Բաբայանի վերադարձն Արցախ սկիզբ կդնի վենդետայի գործընթացին․ բոլորն են հիշում Բաբայանի արցախյան փաստացի կառավարման տարիները, երբ հայկական երկրորդ պետությունը վերածվել էր «խանության»։

Հայաստանի գործող իշխանության համար Բաբայանը չափազանց անկանխատեսելի կերպար է․ եթե Նիկոլ Փաշինյանի թիմը չի կարողանում քաղաքական համակեցություն հաստատել անգամ իսկ հավասարակշռված Բակո Սահակյանի ու նրա թիմի հետ, ապա կանխատեսելի է, թե ինչ է լինելու էպատաժային Բաբայանի պարագայում, մանավանդ, որ վերջինս մոտ քսան տարի առաջ եղել է Հայաստանի իշխանության «օկուպացման» հիմնական դերակատարներից մեկը։ ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատարին խանդավառությամբ չեն ընդունում նաեւ Հայաստանի նախկին իշխանության շրջանակներում։ Բանն այն է, որ Բաբայանի հայաստանյան գործունեությունը խարսխված է եղել Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հակասությունների վրա, այլ խոսքով՝ ՊԲ նախկին հրամանատարը չի կարող լինել նախկիններին կոնսոլիդացնող գործոն։ Այս մտահոգությունները հիմք են դարձել, որ Հայաստանի ու Արցախի իշխանությունները վերջին շաբաթներին փորձեն մեղմել իրենց հակասությունները՝ Բաբայանի արցախյան ակտիվությունը, հատկապես նրա հանրահավաքային հնարավոր նախաձեռնությունները կանխելու նպատակով։

Ասում են՝ այդ առաքելությամբ է Ստեփանակերտ ժամանել Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը, իսկ հետո՝ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Երեւանը փորձում է Արցախում լայն կոնսենսուս կայացնել՝ նախագահական ընտրություններում միասնական թեկնածուով հանդես գալու եւ Բաբայանի գործոնը չեզոքացնելու նպատակով։ Սակայն այս գործընթացը դժվար է տեղից շարժվում, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ իշխանությունից Սերժ Սարգսյանի հեռանալուց հետո Արցախի վերնախավում վերացել է կոնսոլիդացիոն հիմքը։ Ահա, նման իրավիճակում, մեր ունեցած տեղեկություններով, քննարկվում է ֆորսմաժորային տարբերակ, որը միտված է Արցախում խաղի կանոնները հստակեցնելուն։

Մեր աղբյուրը տեղեկացնում է, որ մոտ օրերս հրաժարական է տալու Բակո Սահակյանը, ու խորհրդարանը Սահմանադրության անցումային դրույթներով կարող է նախագահ ընտրել, որն էլ հաջորդ տարվա նախագահական ընտրություններում կլինի Երեւանի ու Ստեփանակերտի էլիտաների միասնական թեկնածուն։ Ընդ որում, այս իրադարձությունը կարող է տեղի ունենալ արդեն առաջիկա օրերին՝ հուլիսի 22-ին, երբ հրավիրված է Արցախի խորհրդարանի արտահերթ նստաշրջան՝ օրակարգային մի շարք հարցերով։ Հայաստանի եւ Արցախի իշխանական շրջանակներում սկզբունքորեն այս տարբերակը համաձայնեցված է, ամբողջ խնդիրն այն է, որ Երեւանը պնդում է նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի թեկնածությունը, որն ամենեւին էլ կոնսենսուսային թեկնածու չէ Արցախի իշխանության բոլոր թեւերի համար։

Սուրեն Սուրենյանց