Բաց նամակ՝ Նիկոլ Փաշինյանին

Բաց նամակ՝ Նիկոլ Փաշինյանին

Մեծարգո պարոն վարչապետ Վերջերս Դուք հայտատարեցիք տնտեսական հեղափոխության մեկնարկը: Հավատալով Ձեզ և Ձեր կառավարությանը որոշեցի կիսվել մի գաղափարով, որը տարիներ ի վեր պտտվում էր իմ գլխում, և եթե նախկին իշխանության օրոք անհնարին էր թվում, ապա հիմա մենք ունենք բոլոր հնարավորություններն այն իրագործելու: Ես ծնվել և մեծացել եմ գյուղում, զբաղվել եմ հողագործությամբ, ունեմ ջերմոցներ, ուսումնասիրել եմ հիդրապոնիկը, փորձել եմ ներմուծել և արտահանել միրգ և բանջարեղեն, բայց այս ամենը անելու հետ մեկտեղ միևնույն է սպասելիքներս չեն արդարացվել, քանի որ նախկին իշխանությունը շահագրգռված չէր գյուղացու հոգսը թեթևացնելու և կյանքը բարեկեցիկ դարձնելու:

Ընկերներիցս շատերը հիասթափված թողեցին հողագործությունը, ջերմոցները մնացին անմշակ, քանի որ գյուղացու աշխատանքը այլևս եկամտաբեր չէր, ոմանք արտագնա աշխատանքի մեկնեցին, ոմանք էլ ընդհանրապես ընտանիքներով արտագաղթեցին՝ դատարկելով գյուղերը: Այժմ մենք ունենք հեկտարներով չմշակված, ամայի հողատարածքեր՝ ողջ Հայաստանով և Արցախով: Պարոն Փաշինյան, խնդրում եմ հավատացեք, հայ գյուղացին չի վախենում աշխատանքից, նա միայն պետք է համոզված լինի, որ իր մշակած բերքը կունենա սպառելու տեղ, ստիպված չի լինի թափել չվաճառվածը: Բացի այդ կարողանա բարեկեցիկ կյանք ապահովել իր ընտանիքի համար և ամենակարևորը՝ լուծի իր երեխայի կրթության հարցը: Այսօր ամբողջ աշխարհում կա օրգանական, մաքուր գյուղամթերքի պահանջարկը, արդեն նույնիսկ Հայաստանում: Մենք ներկրում ենք Հայաստան այնպիսի միրգ և բանջարեղեն, որը մեզ մոտ կարող ենք աճեցնել:

Ինչ՞ու մենք մեր դրախտային երկրում ունենալով ամենաբերրի հողը և ամենհամեղ ջուրը, մեր երեխաներին պետք է տանք պլաստմասե համով լոլիկ և նավթի հոտով խնձոր, արարատյան դաշտավայրի խաղողը փոխարիենք ներկրված, արհեստական տեսքով, աստղաբաշխական գներով խաղողի հետ, եթե մենք կարող ենք ապահովել ամբողջ պահանջարկը : Դրա համար գյուղացին պետք է ունենա մոտիվացիա, աջակցություն պետության կողմից, նա պետք է հավատա, որ իր դերը երկրի տնտեսական զարգացման մեջ ամենամեծն է: Իմ կարծիքով Հայաստանում գյուղատնտեսությունը տնտեսական հեղափոխության առաջնային օղակներից մեկն է: Պետությունը պետք է իր ձեռքը վերցնի այդ բերքի յուրացման, արտահանման գործընթացը:

Գյուղացին լավ է հասկանում իր աշխատանքի նրբությունները, բայց ինչ վերաբերվում է վաճառքին, արտահանմանը, նրան օգնություն է պետք: Գաղափարս հետևյալն է, կառուցում ենք մրգի և բանջարեղենի ընդունման մի քաղաք կայան, որտեղ գյուղացին որքան բերք էլ բերի, նրանից կգնեն ամբողջը, յուրաքանչյուր տարվա սեզոնի համար ֆիքսված և շահավետ գներով՝ ինչպես գյուղացու, այնպես էլ պետության համար (ընդ որում սորտավորված կամ չսորտավորված տեսքով՝ համապատասխան գնային առաջարկով): Այն իր մեջ նաև ընդգրկելու է այդ հանձնած բերքի վերամշակման գերհզոր գործարան, որտեղից էլ կարտահանվի ինչպես թարմ, այնպես էլ վերամշակված ձևով՝ կիսաֆաբրիկատների, չրի, հյութի, պահածոների և հնարավոր այլ բոլոր տարբերակներով ինչը կարելի է ստանալ մրգերից և բանջարեղենից:

Դրա համար այդ «քաղաք-կայանը» պետք է ունենա անսահմանափակ հնարավորություններ այդ բերքը յուրացնելու: Ծրագրի իրագործման մեկնարկից, ինչու ոչ, հենց կառուցման փուլից՝ մենք կունենանք մեծ թվով աշխատատեղեր: Կարծում եմ շինարարության աշխատանքները կարելի է բաշխել մի քանի ընկերությունների միջև, ինչը կնպաստի մրցակցության մեծացմանը՝ ավելի արագ և որակյալ աշխատանք կատարելու համար, շինարարության ընթացքում ցանկալի է օգտագործել բացառապես հայկական շինանյութ: Գործարանը կունենա մի քանի մասնաշենք, յուրաքանչյուր մասնաշենք կաշխատի կոնկրետ ուղղվածությամբ: Եթե աշխատանքը կազմակերպվի այնպես, որ «քաղաք-կայանը» ունենա մանրածախ և մեծածախ վաճառք, այսինքն լինի նաև «սուպեր-շուկա», որտեղից ցանկացած տնտեսվարող կամ վերավաճառող կարողանա ձեռք բերել շատ չնչին գնային տարբերությամբ միրգ և բանջարեղեն մթերման կամ վերավաճառքի համար, ապա դրանով կկանխվի շուկայում գների կտրուկ աճը:

Միգուցե ներկայիս գործարանների սեփականատերերին այս գաղափարը այդքան էլ չուրախացնի, բայց եկեք մտածենք մեր ՀԱՅՐԵՆԻՔԻ ապագայի մասին: Նրանք չեն կարողանում ապահովել գյուղացու համար այնպիսի շահավետ պայմաններ, ինչպիսին կարող է առաջարկվել այս ծրագրի շրջանակներում. Առնվազն 10 տարի հետո Հայաստանում և Արցախում չեն մնա անմշակ հողեր, կամ էլ գոնե նվազագույնի կհասցվեն, իսկ գյուղերը կծաղկեն, մեր երկիրը կդառնա կանաչ դրախտ՝ պտղատու այգիներով և մշակված դաշտերով: Այս ծրագիրը իրագործելով կբացվեն հազարավոր աշխատատեղեր՝ շինարարական հրապարակում, գործարանում և շուկայում, մակետինգի և սպասարկման բաժիններում և այլն (դա թողնեմ մասնագետներին) և ամենակարևորը գյուղացին կունենա իր երազանքը իրականացնելու երաշխիք, վստահություն վաղվա օրվա հանդեպ: Պարոն Փաշինյան, ամեն ինչ Ձեր ձեռքերում է և մենք հավատում ենք Ձեզ: Ձեր կոչը Սփյուրքահայությանը որոնել մարկետներում «Պատրաստված է Հայաստանում» կլինի վաճառքների ամենաուժեղ խթանիչը: Հ.Գ. Սա միտք գաղափար է, որը մշակման կարիք ունի: Հ

ՀՀ հպարտ քաղաքացի՝ Պետրոս Օհանյան