Ստալինիստների մոլորությունը

Ստալինիստների մոլորությունը

Ստալինիստների ամենամեծ մոլորությունն այն է, որ նրանք ճիշտ չեն հասկանում պետության գաղափարը, ինչի հետևանքով էլ ի հակադրություն ստալինյան ռեպրեսիաների առաջնային պլան են մղում Խորհդային Միության միջուկային գերտերություն դառնալու չափազանց թույլ հակափաստարկը։ Այսինքն՝ զանգվածային սպանությունները, կտտանանքերը, բռնաճնշումները, մարդկային ճակատագրերի խեղումներն ու միջուկային գերտերություն դառնալու փաստերը հավասարեցվում են իրար։ Իբրև թե դա այն գինն էր, որը մարդիկ պարտավոր էին վճարել, այսինքն մարդիկ պետք է ֆիզիկապես ու մարդկայնորեն ոչնչանանային, որ պարանոիկ ինչ-որ մեկը կյանքի կոչեր իր կայսերական հիվանդագին նկրտումները։

Առաջին հայացքից գործ ունենք չափազանց վեհ գաղափարի հետ, որի համաձայն անհատը զոհաբերում է ինքն իրեն հանուն պետության բարձր գաղափարի։ Հենց այստեղ է թաքնված մոլորությունը, որից խուսափելու համար պետք է արձանագրենք հետևյալը․ մարդն է ստեղծում պետություն, այլ ոչ թե պետությունն է մարդ արտադրում։ Սրանից հետևում է, որ մարդու մտքով երբևէ չի անցնի ստեղծել այնպիսի մի պետություն, որը բացի դժբախտությունից ուրիշ ոչինչ չի կարող իրեն տալ։

Պետությունն ինքնին բռնության գործիք է, բայց մարդը ստեղծել է այդ գործիքը, որպեսզի նրա միջոցով ձեռք բերի սոցիալական, քաղաքական, մշակութային, անվտանգային, կենցաղային ինչ-ինչ արժեքներ։ Այսինքն պետությունն ընդամենը գործիք է, այլ ոչ թե վեհ նպատակ։

Ասվածի համատեքստում ի հայտ է գալիս հետևյալ եզրակացությունը․ եթե պետությունն ի զորու չէ մարդուն կամայական արժեքներ տալ և հանդես է գալիս պատժիչ մեխանիզմի և կտտանքների գործիքի դիրքերից, ապա այդպիսի պետությունը իրավունք չունի գոյություն ունենալ։ Նույնիսկ եթե դա միջուկային և տիեզերք նվաճող գերտերություն է։

Բացի այդ կան բազմաթիվ գիտական տվյալներ, որոնց համաձայն աշխարհի ամեհարուստ նյութական և մարդկային ռեսուրսներն ունեցող Ռուսաստանն իսկապես կարող էր մոլորակի առաջատար շարժիչ ուժը դառնալ, ինչպես գիտատեխնիկական, այնպես էլ տնտեսական տեսանկյունից։ Բնական այդ զարգացումը կասեցվել է ստալինիզիմի քայքայիչ ներգործության պատճառով։