Ցավոք Ռուսաստանում կրճատվում է հայ գիտնականների քանակը․ Ռուբեն Հարությունյան

Ցավոք Ռուսաստանում կրճատվում է հայ գիտնականների քանակը․ Ռուբեն Հարությունյան

Դեկտեմբերի 7-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ հանդիպում Ռուսաստանի Դաշնության նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյի հետ: 

Հանդիպմանը մասնակցեցին ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը, ՀՀ ԳԱԱ նախագահության անդամները, ՀՀ ԳԱԱ ինստիտուտների տնօրենները, Ռուսաստանի պետական ​​հումանիտար համալսարանի պրոֆեսոր, Դալի անվան Ռուսաստանի գրականության պատմության պետական թանգարանի տնօրեն Դմիտրի Բակը, Միխայիլ Շվիդկոյի օգնական Մաքսիմ Ռազումովը:

Ողջունելով ռուս գործընկերների այցը՝ ակադեմիկոս Աշոտ Սաղյանը նշեց, որ ՀՀ ԳԱԱ-ն  ունի սերտ կապեր Ռուսաստանի գիտական ինստիտուտների հետ: «Այդ կապերը պետք է շարունակել զարգացնել», - ասաց Աշոտ Սաղյանը՝ նշելով, որ երկկողմ համագործակցությունը պահանջում է ֆինանսական նոր մեխանիզմներ եւ առաջարկեց ստեղծել հիմնադրամ, որի միջոցով կֆինանսավորվեն համատեղ ծրագրերը: Միխայիլ Շվիդկոյը նշեց. «Առանց ֆինանսական միջոցների հնարավոր չէ զբաղվել գիտությամբ: Համատեղ ծրագրերի համար պետք է գումար լինի: Մենք կմտածենք՝ ինչպես ստեղծել հատուկ հիմնադրամ: Կանենք այն ամենը, ինչը կախված է մեզանից»: 

ՀՀ ԳԱԱ Բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, թղթակից անդամ Ռուբեն Հարությունյանը խոսեց խնդիրների մասին.  «Ցավոք մենք տեսնում ենք, որ Ռուսաստանում կրճատվում է հայ գիտնականների քանակը: Մեր գիտնականների համար ավելի հեշտ է մեկնել Գերմանիա, քան Մոսկվա: Բարդ է նաև նյութերի և սարքավորումների տեղափոխման գործընթացը: Մեզ պետք է ստեղծել համակարգ, որը կնպաստի մասնագետների փոխանակմանը: Նաև պետք են նյութական ապահովման բարեփոխումներ, սա լուրջ խնդիր է»: Ռուբեն Հարությունյանը նշեց, որ պետք չէ սահմանափակվել երկկողմանի համագործակցությամբ, այլ պետք է ներգրավել այլ երկրների գիտական կենտրոնները: «Հատկապես ներկայիս իրականության պայմաններում սա կարևոր է: Հուսով ենք, որ ձեր մեծ փորձը և հեղինակությունը կօգնեն մեզ հասնել դրան», - ասաց նա:

«Ռուսաստանի համար կարևոր է պահպանել հարաբերությունները Հայաստանի հետ, որոնք ձևավորվել են երեք հարյուր տարի առաջ: Հայաստանում միշտ եղել են հրաշալի գիտական դպրոցներ աստղաֆիզիկայի, մաթեմատիկայի, պատմության, գրականության և այլ ուղղություններով: Մենք հետաքրքրված ենք և բաց ենք համագործակցության համար: Նաև հույս ունենք, որ մեր գիտնականներն էլ մասնակից կլինեն Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադրման 80-ամյակին», - ասաց Միխայիլ Շվիդկոյը: