Մենք պարարտացնում ենք ամենախղճուկ ու կեղտոտ խմբերի բարօրությունը

Մենք պարարտացնում ենք ամենախղճուկ ու կեղտոտ խմբերի բարօրությունը

1974 թվականին, արդեն մի քանի ամիս վտարված լինելով Սովետական Միությունից, Ալեքսանդր Սոլժենիցինը Ցյուրիխում Իտալական կաթոլիկ մամուլի միության կողմից արժանանում է մրցանակի, որի հանձնման ժամանակ էլ ելույթ է ունենում հետեւյալ տեքստով՝ դիտարկելով Արեւմուտքն ու Արեւելքը՝ ինչպես մեկ ամբողջականություն, մատերիալիզմին տրված լինելու կոնտեքստում։

Ծանոթանալով այն սկզբունքներին, համաձայն որոնց՝ Իտալացի լրագրողների միության կողմից արդեն 11-րդ տարին եւ այսօր ահա ինձ տրվում է այս մրցանակը, ես, բնականաբար, ոչ միայն հայտնում եմ իմ շնորհակալությունը, այլեւ, տեսնելով այսքան արժանի եւ քաջ մարդկանց ինձ նախորդածների մեջ, այդ թվում՝ ողջ պրահական երիտասարդությանը միասին վերցրած, ազատ չեմ հպարտության զգացումից։ Նրանք, ովքեր այսօր հանձնում են այս մրցանակը, եւ նա, ով ստանում է այն, կարծես թե իրենց ողջ կյանքն ապրել են մոլորակի տարբեր կեսերում, աշխարհներում, համակարգերում, որոնց մասին ասում են, թե նրանք բաժանված են անդունդով, ամեն ինչում հակադարձում ու բացառում են իրար։ Այդուհանդերձ, եթե դա այդպես լիներ, ապա մեր միջեւ չէին գտնվի ընդհանուր արժեքներ, որոնք ձեզ կտային ինձ այս մրցանակը հանձնելու միտքը։ Իսկ եթե այդպիսի արժեքներ գտնվել են, ապա, հնարավոր է՝ մենք կարող ենք մշակել ընդհանուր հայացք դեպի այսօրվա աշխարհի դեպքերին եւ նույնիսկ կարող ենք բացել միմյանց համար մեր հույսերի ու ջանքերի ընդհանուր ուղղությունը։ 

Աշխարհի պարզունակ բաժանումը երկու համակարգերի համարվում է քաղաքական դատողություն, նշանակում է՝ այն շատ միջակ մակարդակի է։

Առհասարակ, բոլոր քաղաքական հնարքները՝ պատրաստի էթիկական (կամ ոչ էթիկական) պատվիրաններով, ընկած մարդկային գիտակցության ու գոյության ոչ բարձր մակարդակի վրա, իրավիճակի յուրաքանչյուր փոփոխության դեպքում շատ կարճ ժամանակում ջարդվում են եւ փոխվում։ Քաղաքական կրքոտ պիտակներով մենք ավելի մոլորվում ենք, քան ըմբռնում ներկայիս աշխարհի վիճակը։ Եթե մենք ուզում են որսալ այսօրվա մարդկության վիճակի իրական էությունը, նրա հույսի ու անհուսության աստիճանը, իսկ մամուլն իր բարձրագույն նպատակներում նույնպես չի կարող այս մեկը նկատի չունենալ, քաղաքական բնութագրերից, ձեւակերպումներից եւ բաղադրատոմսերից շատ ավելի վերեւ բարձրանալն անխուսափելի է։

Եվ այդ ժամանակ մենք կտեսնենք, ու չնայած դա մեզ չի ուրախացնի, որ գլխավոր վտանգը ոչ թե նրանում է, որ աշխարհը բաժանված է երկու այլընտրանքային սոցիալական համակարգերի, այլ նրանում, որ այդ երկու համակարգերն էլ վարակված են արատով եւ նույնիսկ՝ ընդհանուր արատով, եւ այդ պատճառով ներկայիս աշխարհընկալման դեպքում այդ համակարգերից ոչ մեկը չի խոստանում առողջ ելք։ 

Այդ արատը դարերի ընթացքում, առանձին երկրների զարգացման պատահականությունների միջով օրգանական կերպով հյուսվել է ժամանակակից մարդկությանը, եւ հեռահար դիտակետից մենք կարող ենք այն հետեւել։ Մենք՝ բոլորս, ամբողջ քաղաքակիրթ մարդկությունը՝ նստեցված միեւնույն պինդ կապած կարուսելի վրա, անցել ենք երկար ուղեծրային ճամփորդություն։ Ինչպես կարուսելի ձիերի վրայի երեխաներին, մեզ նույնպես այն թվում էր անվերջանալի՝ եւ անընդհատ առաջ, առաջ, ո՛չ կողք, ո՛չ ծուռ։ Այդ ուղեծիրը հետեւյալն էր՝ Վերածնունդ-Ռեֆորմացիա-Լուսավորում- ֆիզիկական արյունահեղ հեղափոխություններ- ժողովրդավարական հասարակություններ-սոցիալիստական փորձեր։
Այդ ուղին չէր կարող տեղի չունենալ, քանի որ Միջին դարերը չկարողացան պահել մարդկության ընթացքը, քանի որ Երկրի վրա Աստծո Արքայության հաստատումը տեղի ունեցավ բռնի կերպով՝ խլելով անձի էական իրավունքները հանուն Ընդհանուրի։ Մեզ քաշում էին, մեզ վռնդում էին դեպի Հոգի բռնությամբ, մենք պոկվեցինք, առանց սահմանափակումների խրվեցինք Նյութականի մեջ։ Այդպես սկսվեց մարդասիրական ինդիվիդուալիզմի երկար դարաշրջանը, այդպես սկսվեց կառուցվել քաղաքակրթությունը՝ հետեւյալ սկզբունքով․ մարդն ամեն ինչի չափն է եւ մարդն ամեն ինչից վեր է։ Այս ամբողջ անխուսափելի ուղին բավականին հարստացրեց մարդկության փորձը, բայց, ահա, մեր աչքի առաջ այն նույնպես մոտեցավ սպառման․ այն ֆունդամենտալ սխալները, որոնք չեն գնահատվել ու արհամարհվել են ուղու սկզբում, այժմ վրեժ են լուծում։

Ամեն ինչի վերեւում թողնելով մարդուն՝ իր բոլոր թերություններով ու ագահությամբ, առանց չափի, զսպվածության տրվելով Նյութականին, մենք եկել ենք աղբակալման, աղբի առատության, մենք խեղդվում ենք երկրային աղբում, այդ աղբը լցնում է մեր գոյության բոլոր դաշտերը։

Նյութական դաշտում այդ աղբը բոլորին արդեն շատ նկատելի է, այն թունավորել է օդը, ջուրը, երկրի մակերեւույթի յուրացված մասը, արդեն թունավորում է եւ չյուրացվածը․ նա նույնկերպ անճոռնիաբար պարգեւատրել է մեր հզոր արտադրական ջանքերը, ինչպես ամեն օր ամենագրավիչ գովազդները, փաթեթավորումներն ու պլաստմասսաներն են առանձին մարդկանց կյանքում վերածվում առատ քաղաքային աղբի։ Բայց, այսպես կոչված, հոգեւոր դաշտում էլ այդ աղբը լցնում է մեզ, ճնշում է մեզ՝ մեր աչքերում, ականջներում, կրծքերում տեղավորվել չկարողացող ծանր ծավալներով, առաջին հայացքից կարծես թե բոլորին պարզ՝ անընդհատ արտանետվող, բայց գործնականում անօգնական մակերեսային գաղափարներով, կեղծ գիտությամբ, շինծու արվեստով․ այն ամենով, ինչը չի ճանաչում ավելի բարձր պատասխանատվություն, քան Մարդն է, այսինքն՝ դու, ես եւ մեր նմանները։

Գոռացող քաղաքակրթությունը մեզ բոլորովին զրկել է ներքին կյանքից, հանել է մեր հոգիները շուկա՝ կուսակցական կամ կոմերցիոն։

Սոցիալական դաշտում մեր բազմադարյա ուղին մի դեպքում մեզ բերել է անարխիայի եզրին, մյուս դեպքում՝ ստաբիլ բռնակալության։ Այս երկու ահեղ ելքերի միջեւ մեր աչքի առաջ ժողովրդավարական կառավարությունները դառնում են անկարող ու իրավազուրկ, քանզի մարդկանց մեծ եւ փոքր միավորումները չեն ուզում հանուն Ընդհանուրի ինքնասահմանափակվել։ 

Ճանապարհի ինչ-որ կետում մեր կողմից կորսված գաղափարը, որ պետք է լինի ինչ-որ Ընդհանուր, Բարձրագույն, որը կսահմանափակի մեր կրքերն ու անպատասխանատվությունը, մանրակրկտորեն հսկվում է ժամանակակից դաժան բռնակալների կողմից եւ պատշաճ ձեւով ներկայացվում է Սոցիալիզմի պիտակի տակ։ Բայց այդ ներկայացումը սուտ է, պիտակը՝ չուսումնասիրված։ Կես դարը միանգամայն պարզ ցույց տվեց, որ այնտեղ նույնպես մենք մասսաներով պարարտացնում ենք մարդկանց փոքր խմբերի, ընդ որում՝ ամենախղճուկ եւ կեղտոտ խմբերի բարօրությունը։ 

Այդ ճանապարհը եղավ ուղեծրային, քանզի մենք պոկվեցինք բռնության իշխանությունից եւ վերադարձանք բռնության իշխանություն, դեռեւս ոչ բոլորը, սակայն թուլացած կամքի հիվանդության եւ կորսված հեռանկարի պարագայում դա սպառնում է բոլորին։ Ուղեծիրը սպառնում է նվաստացուցիչ կերպով փակվել։ Ինչպես մենք տեսնում ենք, քաղաքակիրթ մարդկությունը մոտեցել է համաշխարհային պատմության (կյանքի, կենցաղի եւ աշխարհընկալման) նույնքան նշանակալից անցման, որքան անցումն էր Միջին դարերից Նոր ժամանակներ, եթե, իհարկե, մեր անփութության եւ ոգու անկման պատճառով բաց չթողնենք այդ շրջապտույտը։ Հենց ձեր երկիրը՝ Իտալիան, ժամանակին աշխարհի այն առաջին երկիրն էր, որը բացեց մեզ պատմական նախկին շրջապտույտը։ Գուցե հիմա էլ դուք առաջիններից եք զգում մեր դժվարին վիճակի խորքերը եւ ձեր նրբանկատության շնորհիվ կօգնեք մեզ՝ գտնելու այն ֆորմաները, որոնք կթեթեւացնեն անցումն ուղեծրի ավելի բարձր մակարդակ, որի վրա մենք կսովորենք հետեւել մեր ֆիզիկական եւ հոգեւոր բնությունների արժանի ներդաշնակությանը։ 

Եկեք գտնենք մեր մեջ հոգեւոր ուժ՝ նորից բացահայտելու, որ մարդը տիեզերքի պսակը չէ, այլ ունի իր վերեւում Բարձրագույն Հոգի։ 

Այսօրվա կյանքի սպառնացող տեմպերով ժամանակն այդ շրջապտույտի իմաստավորման եւ իրագործման համար անհամեմատելի նվազում է, քան կար իր ոչ շտապողական հոսանքում 14-րդ կամ 16-րդ դարերում։ Անցած դարերի արյունալի փորձից ելնելով՝ վերաձեւավորումների ֆորմայի ընտրությունն էլ պետք է լինի ավելի նուրբ ու բարձր․ մենք արդեն սովորել ենք, որ պետությունների ֆիզիկական ցնցումներով, բռնի հեղաշրջումներով բացվում է ճանապարհ ոչ թե դեպի լուսավոր ապագա, այլ դեպի վատագույն վախճան, վատագույն բռնություն։ Որ եթե անգամ մեզ առջեւում վիճակված են փրկարար հեղափոխություններ, ապա դրանք պետք է լինեն բարոյական հեղափոխություններ, այսինքն՝ ինչ-որ նոր ֆենոմեն, որը մենք պետք է բացահայտենք, տեսնենք ու կյանքի կոչենք։

Թարգմանությունը ռուսերենից՝ Լիլիթ ԱՂԱՋԱՆՅԱՆԻ
«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ