ՔՊ-ում թեժ նախընտրական պայքար է սպասվում

ՔՊ-ում թեժ նախընտրական պայքար է սպասվում

 «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում հունիսի 15-ին նշանակված համագումարին ընդառաջ վարչության անդամի թեկնածուները թեժ քարոզարշավի են պատրաստվում։ Օրերս հայտնի դարձավ, որ 65 թեկնածու է դիմել՝ կուսակցության ղեկավար կազմում ընդգրկվելու համար։ Գործող վարչությունը 13 անդամից է բաղկացած՝ Նիկոլ Փաշինյան, Սասուն Միքայելյան, Ալեն Սիմոնյան, Արարատ Միրզոյան, Լենա Նազարյան, Ռոմանոս Պետրոսյան, Արայիկ Հարությունյան, Սուրեն Պապիկյան, Զարուհի Բաթոյան, Տիգրան Ավինյան, Գարիկ Սարգսյան, Վահագն Հովակիմյան եւ Հովիկ Աղազարյան։ Նոր վարչության կազմը կընդլայնվի՝ նախնական որոշմամբ կլինի 21 հոգուց, ՔՊ-ն հիմա իշխանություն է, եւ պետք է մեծացնել նաեւ որոշում կայացնողների թիվը։

Դիմումատուների շարքում են գործող բոլոր անդամները, ինչպես նաեւ նորաթուխ պատգամավորներ Արմեն Փամբուխչյանը՝ տրասնպորտի նախկին փոխնախարարը, Թագուհի Ղազարյանը, Կարեն Սարուխանյանը, Արման Բոշյանը, Լիլիթ Մակունցը, Հակոբ Սիմիդյանը, Հայկ Սարգսյանը, Մխիթար Հայրապետյանը, Արփի Դավոյանը եւ այլք, նախարարներից Հակոբ Արշակյանը, Արսեն Թորոսյանը, մարզպետներից շատերը, անգամ ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանն ու ՔՊ մամուլի խոսնակ Վահան Կոստանյանը։ 

Վարչության անդամների ընտրությունը կկայանա հին կարգով, որը պայմանականորեն ՔՊ-ում անվանել էին «ռեյտինգային»։ Համագումարի օրը պատվիրակները՝ մոտավորապես 450 հոգի, փակ քվեարկությամբ իրենց ձայնը կտան ընդհանուր ցուցակից 21 հոգու։ Յուրաքանչյուր պատվիրակ կարող է քվեարկել 21 թեկնածուի օգտին, վերջում ամենաշատ ձայն ստացած 21 հոգին կընտրվեն վարչության անդամ, այնուհետեւ վարչությունը կընտրի ղեկավար։ Ներկայումս այդ պաշտոնում Սասուն Միքայելյանն է, նա մոտ օրերս հրաժարական կներկայացնի, տեղեկություններ կան, որ Նիկոլ Փաշինյանին է ՔՊ-ն վստահելու ժամանակավոր ղեկավարի պոստը, թեեւ այլ անուններ էլ էին հնչում։

Մինչ համագումարը թեկնածուները ներկուսակցական հարթակում քարոզարշավ կանցկացնեն։ Առաջադրված թեկնածուներից Հովիկ Աղազարյանը մեզ փոխանցեց, որ մոտ օրերս կմեկնարկի քարոզարշավը, այն մի քանի փուլով կընթանա։ «Շատ լուրջ քարոզարշավ է ընթանալու,- ասաց նա՝ մանրամասնելով։- Մեզանից յուրաքանչյուրը նախ հանդես է գալու ակտիվի ժողովի առաջ, ծրագրային դրույթներն է իր ներկայացնելու, հարցերին է պատասխանելու, իր տեսլականները՝ կուսակցության կառավարման եւ այլնի վերաբերյալ։ Այդ ամենը կտեսագրվի եւ կուղարկվի բոլոր պատվիրակներին, որպեսզի իրենք իմանան, թե ում են ընտրելու։ Հետո կգնանք նաեւ մարզեր եւ տարածքային կառույցներում կիրականացնենք մեր քարոզարշավը։ Բոլոր դեպքերում, մեզ մոտ պայքարը թեժ է լինելու»։ Իշխանություն դառնալուց հետո ՔՊ-ում «թեւերի» քանակն ավելացե՞լ է, ո՞ր թեւին է պատկանում  Աղազարյանը եւ կստանա՞ արդյոք բավարար ձայներ։ «Նախ, ես համաձայն չեմ, թե մեզ մոտ թեւերի ենք բաժանված, ինչ վերաբերում է բավարար ձայներին, ես կարող եմ ասել, որ քարոզարշավից է շատ բան կախված լինելու, հիմա չեմ ուզում խաղաքարտեր բացեմ»։

Վարչության այս ընտրության ժամանակ նաեւ նոր կարգ է սահմանվել․ ՔՊ վարչության անդամի թեկնածուները նախապես 50 հազարական դրամ են վճարում։ «Դա քարոզարշավի համար է, ծախսերը հոգալու, դահլիճ վարձել եւ այլն»,- ասաց Աղազարյանը։ Ովքեր որ մինչեւ վերջ կորոշեն մնալ պայքարում եւ ճանապարհի կեսից չեն փոշմանի ու դուրս գան, պետք է եւս 150 հազար դրամ վճարեն։ «Ես ասեմ, որ դա նոր կարգ չէ, նախկինում ուղղակի գումարի չափն էր պակաս, սկզբում 50 հազար էինք վճարում, հետո եւս 50 ավելացնում, այս անգամ որոշեցինք, որ 150 պետք է հավաքել, հիմա շատ ենք, դահլիճ վարձելուց բացի սննդի հարց կա, ամբողջ օրն այնտեղ ենք լինելու եւ այլն»։
Թեկնածուն ընտրվի, թե ոչ կամ պայքարի կեսից դուրս գալու դեպքում էլ նախապես վճարած գումարը նրան հետ չեն վերադարձնելու, թեեւ նախապես հակառակն էինք լսել՝ որ հաղթողների գումարը վերադարձվելու է։ «Դա լինելու է նվիրաբերություն կուսակցությանը»։

2015 թվականից ՔՊ հիմնադիր անդամ, 2017-2018թթ. ԱԺ «Ելք» խմբակցության գործավար, հեղափոխությունից հետո վարչապետի օգնական, այժմ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանն էլ է թեկնածու, ասում է, որ վարչության անդամ լինելը «գրավիչ չէ»։ «Դա մեծ պատասխանատվություն է եւ ծանր, մեծ, պատասխանատու աշխատանք։ Իմ կարծիքով, ներկայումս Հայաստանի Հանրապետությունում որեւէ պատասխանատու աշխատանք կատարելն ավելի շատ պատասխանատվություն է, քան գրավչություն, հետեւաբար, ՔՊ վարչության անդամ լինելու համար հայտ ներկայացնելը պատրաստակամություն է՝ ծանր աշխատանք ստանձնելու»։ Դավոյանը չի վախենում այդ աշխատանքից, հարցին՝ իսկ դժվար չի՞ լինի մրցակցել թիմի  հնաբնակների, այսինքն՝ ակտիվ քաղաքականությամբ զբաղվողների հետ, պատասխանեց․ «Վարչության անդամ դառնալու թեկնածուները բոլորը քաղաքականության մեջ նոր են՝ չհաշված մեր վարչապետի, Սասուն Միքայելյանի եւ եւս այլ թեկնածուների։ Այդ հարցի տրամաբանությունը, կարծում եմ, ճիշտ չեք տալիս»։

Դավոյանի խոսքով՝ թիմում ինքն աջակիցներ ունի, որոնց շնորհիվ կարող է դառնալ ղեկավար կազմի անդամ։ Ի դեպ, երեկ 3 հոգի արդեն ինքնաբացարկի դիմում էին ներկայացրել, այդ թվում՝ Փաշինյանի աներորդի Հրաչյա Հակոբյանը։