Փաշինյանի կյանքը կապված է 481 հազար դրամից. Հեղափոխության ստվերում հասարակ մարդիկ են

Փաշինյանի կյանքը կապված է 481 հազար դրամից. Հեղափոխության ստվերում հասարակ մարդիկ են

Հայաստանի հպարտ ու մտահոգ քաղաքացիների ժամանակներում ենք ապրում: Ու մինչ քաղաքացու այս երկու տեսակներն իրար են ոչնչացնում, հեղափոխական ու հակահեղափոխական ելույթներ ասելով, երրորդ տեսակը՝ Հայաստանի հասարակ քաղաքացին, որը պարզապես ուզում է ապրել, սնունդ և դեղորայք գնել, բուժվել, մնում է ստվերում:

Հեղափոխությունից հետո, ինչպես և դրանից առաջ, նրա կյանքն ու մահը «ատյաններին» քիչ են հետաքրքիր: Պառավաքարի բնակիչ Զարիկ Փաշինյանի համար իրոք, կյանքի ու մահվան հարց է առաջացել: Ենոքավանի աղջիկ է եղել, 75 թվից ապրել է սահմանապահ գյուղում, մոտ 2000 դոլար գումար է հավաքել: Բայց Կոտայքի դատարանը, ի դեմս դատավոր, ներկայում թոշակառու Նելլի Գալստյանի, սև ուրբաթ է բերել կնոջ գլխին՝ նոյեմբերի 30-ին, ի դեպ՝ հենց ուրբաթ օրով, Պառավաքարի փոստ նամակ է եկել ԴԱՀԿ-ից, թե հաշվի վրա կալանք է դրված: «Կրակի բերանը ապրելով կոպեկ-կոպեկ հավաքել եմ, գնացի, որ պետք է հանեմ, ամուսնուս աչքերը վիրահատեմ, տեսա՝ էդ փողի վրայից 481 հազար վերցրած ա, վեր թռա: Եթե տանեն էդ փողը, ինֆարկտը ինձ կխփի, ես չեմ դիմանա»,- որոշել է Զարիկ Փաշինյանը:

Նա վարչապետի հեռավոր ազգականն է, և այն գիտակցությունը, որ Փաշինյանի օրոք է Փաշինյանի հետ նման դժբախտություն պատահել, վերջնականապես սթրեսի մեջ է գցել կնոջը: Իսկ սկիզբը Ջրվեժի վարձով տան պայթած ջրաչափն էր: «Ամուսնուս համար շինարարության գործ էր բացվել Ջրվեժում: Տուն վարձեցինք այնտեղ, մի երկու շաբաթ մնացինք, սեփական տուն էր։ Մի օր էլ առավոտ զարթնեցինք, տեսանք՝ ջրաչափը պայթել է: Անմիջապես կանչեցինք տեսուչին: Ջրաչափը տարան, փոխեցին, ինձ էլ ակտ տվեցին, որ ստորագրեն, ես էլ գիտեմ՝ ջրաչափը փոխելու համար եմ ստորագրում, ակնոցս չհագա, թե կարդամ: Դու մի ասա, խախտում են գրել: Բայց ես ի՞նչ մեղավոր եմ: Սեփական տան ջրաչափ ա դրսում տեղադրած, պայթել ա, շատերինն էր էդ սեփական տներում պայթում։ Ես ինչ անե՞մ», - ասում է Զարիկ Փաշինյանը: Դեպքը տեղի է ունեցել 2014 թվականին: «Երևան ջուր» ընկերությունը դատի է տվել Փաշինյանին, առանց նրա մասնակցության, ինչ որ անհասկանալի հաշվարկներ կատարել ու 400-ից ավելի տուգանքի պարտավորություն է դրել սահմանապահ գյուղի բնակչի վրա:

«Վիոլիա ջուր» ընկերությունում նրան պարզաբանել են, որ «Երևան-ջուր» ընկերությունը լուծարվել է, իրենք, թեև տնօրենը նույն Գոռ Գրիգորյանն է, «Երևան-ջուր» ընկերության իրավահաջորդը չեն հանդիսանում, թող ինքն անի, ինչ ուզում է: Զարիկ Փաշինյանը պատասխանել է, որ ինքն ուզում է, որ Գոռ Գրիգորյանն իրեն ընդունի, ինչին էլ պատասխանել են, որ «ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ընկերության տնօրենը քաղաքացիների ընդունելության օրեր չունի: «Ձեռքը «ստանոկի» տակ է մնացել, ունի խպիպ, սահմանապահ գյուղում ապրող կին եմ: Ես այդ ստրեսները բոլորը տարել եմ, բայց հիմա էլ չեմ կարող դիմանալար», - ասում է Զարիկ Փաշինյանը:

Փաստորեն, ստացվում է, որ հանրային ծառայություններ մատուցող ընկերության տնօրենը զրկել է ՀՀ քաղաքացիներին իրեն տեսնելու հաճույքից: Ինքն անձամբ, կամ նրա աշխատակիցները կարող են կոպտորեն խախտել քաղաքացու իրավունքը, քաղաքացուն մոլորության մեջ գցել, խաբեությամբ ակտ ստորագրել տալ, առանց քաղաքացուն պատշաճ ձևով իրազեկելու դատ-դատաստան տեսնել նրա հետ, իսկ քաղաքացին անգամ չի կարող հանդիպել սույն ՓԲԸ ղեկավարին: Մինչդեռ վերջինիցս ընդամենը պահանջվում էր լսել, մարդկայնորեն հասկանալ գյուղացի կնոջը, փորձել օգնել:

Սյուզան Սիմոնյան