Հիմա ՍԴ-ն լեգիտի՞մ է, թե՞ ոչ

Հիմա ՍԴ-ն լեգիտի՞մ է, թե՞ ոչ

Օրերս Սահմանադրական դատարանի նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանը նամակ էր հղել ՀՀ նախագահին, ԱԺ-ին, կառավարությանը, դատավորների ընդհանուր ժողովին։ Դիմումի նպատակը ՀՀ ՍԴ-ի ներկայում հանդես եկող կազմի սահմանադրականության խնդրից բխող սահմանադրական ճգնաժամի հիմքերի պարզաբանումներն են եւ ճգնաժամից ելքի շուրջ անհրաժեշտ որոշումների կայացումը։ 

ՍԴ դատավոր, 2003-2014թթ․ ՄԻԵԴ դատավոր Ալվինա Գյուլումյանից հետաքրքրվեցինք, թե կա՞ արդյոք սահմանադրական ճգնաժամ, թե՞ ոչ։
«Հարցրեք, թե ինչում է կայանում սահմանադրական ճգնաժամը։ Ես կհասկանայի, եթե ճգնաժամ լիներ եւ Սահմանադրական դատարանը չգործեր, չկայացներ որոշումներ, վարչապետը չդիմեր Սահմանադրական դատարան։ Ես կհասկանայի, եթե ՍԴ-ի գրություններին մյուս սահմանադրական ինստիտուտները չպատասխանեին եւ կասեի՝ միգուցե ՍԴ-ն չի աշխատում, սահմանադրական ճգնաժամ է առաջացել»,- ասաց Ալվինա Գյուլումյանը։

Միաժամանակ ՍԴ դատավորը հիշեցնում է, որ այն ընթացքում, երբ որոշ մարդիկ ՍԴ-ի կազմը ոչ լեգիտիմ են հայտարարել, երկրի նախագահն է երկու անգամ դիմել ՍԴ՝ օրենքի սահմանադրականության վերաբերյալ, շուրջ քսան անգամ էլ դիմել է երկրի վարչապետը։ 
«Հիմա ես չգիտեմ՝ մի՞թե մեր սահմանադրական ինստիտուտները չէ՞ին հասկանում, որ լեգիտիմ դատարան չէ եւ դիմումներ էին ներկայացնում ՍԴ»,- հարցնում է ՍԴ դատավորը։