Հերքելն ինքնանպատակ գործողություն մի դարձրեք, հարգելի նախկին լրագրողներ

Հերքելն ինքնանպատակ գործողություն մի դարձրեք, հարգելի նախկին լրագրողներ

Այսօր մենք լուր ենք տպագրել, որտեղ գրել էինք, որ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը որոշել է մարզերում բացած գրասենյակները փակել եւ թողնել մեկական գրասենյակ։ Լուրի աղբյուրը ՔՊ վարչության անդամ Վահագն Հովակիմյանն էր, ով հայտնելով այդ տեղեկությունը, դա բացատրել էր միջոցների խնայողությամբ եւ ասել էր․ «Այո, ե՛ւ ծախսերը, ե՛ւ այս փուլում այդպես է նպատակահարմար»։

Այսօր նախկին լրագրող Վահագն Հովակիմյանը իբրեւ թե հերքել է մեր գրածը․ «Մոտ երկու ամիս առաջ լրագրողը մոտենում և հետաքրքրվում է, թե ինչու են մարզերի մի շարք քաղաքներում փակվել ՔՊ-ի գրասենյակները: Պարզաբանում եմ, որ կուսակցության վարչությունն այս փուլում որոշել է ամեն մարզկենտրոնում ունենալ մեկական գրասենյակ: Հետագայում՝ տարածքային կառույցների վերակազմավորումից հետո այլ գրասենյակներ ևս կարող են բացվել: Այսօր լրահոսով կարդում եմ ՔՊ-ն որոշել է փակել գրասենյակները և թողնել մեկը, ու իբր ես եմ դա ասել: Ցանկություն չունեմ անդրադառնալ, թե ինչու է այդպիսի ապատեղեկատվություն տարածվում, ընդամենը ցանկանում եմ ցավով ընդգծել, որ այս մոտեցումն անարգանք է լրագրողի մասնագիտության նկատմամբ... Այս ամենի արդյունքում տուժողը լրագրողի մասնագիտությունն ու հեղինակությունն է: Ցավն այն է, որ մի շարք լրատվամիջոցներ ու անհատ լրագրողներ այդպես էլ այդ պարզ իրողությունը չեն հասկանում»: 

Մենք գիտեինք, որ ՔՊ-ում կան ընկալման խնդիրներ եւ մամուլի հանդեպ ատելությունն էլ տրամաբանության շրջանակներից դուրս է եկել, բայց մանիպուլյացիան սահմաններ ունի, մեր համբերությունը՝ եւս։ Նախ, խոսակցությունը չի եղել 2 ամիս առաջ, այլ վերջերս, սակայն դա էլ չի փոխում իրերի դրությունը։ Գրասենյակները փակվել են, իսկ ընտրությունների փուլում ամենուրեք մեծ թվով գրասենյակներ էին բացվել, եւ ինքը՝ վարչության անդամն անձամբ է իր «հերքման» մեջ հաստատում, որ յուրաքանչյուր մարզում մնացել է մեկակա գրասենյակ։ Սա հոռետեսի ու լավատեսի անեկդոտն է հիշեցնում՝ երբ մեկը բաժակը կիսով չափ դատարկ է տեսնում, մյուսը՝ կիսով չափ լիքը։ 

Անշուշտ անիմաստ է, անսխալականության բարդույթով տառապող եւ իշխանությունից գլուխը կորցրած ներկա պատգամավորներին խորհուրդ տալը, այնուամենայնիվ, կտանք՝ մի աշխատեք հերքել ամեն ինչ, անգամ եթե ձեր շեֆերը ձեզ նախատում են «սլիվ» անելու, «կիքս» թողնելու մեջ։ Իսկ եթե կարդացել եւ ճիշտ չեք հասկացել մամուլի հրապարակումները, ամոթ չէ՝ նորից կարդացեք, հարցրեք ձեզնից ավելի խելացիներին, կբացատրեն, թե լրագրողն ինչ է գրել եւ ինչ է նշանակում այսինչ բառը կամ արտահայտությունը։