Բարաք Օբամայի օրոք էլ նշանակված դեսպանների 40 տոկոսը դիվանագետներ չէին

Բարաք Օբամայի օրոք էլ նշանակված դեսպանների 40 տոկոսը դիվանագետներ չէին

Ապրիլյան հեղափոխությունից հետո նախկին վարչակարգի օրոք արտերկրում աշխատած ՀՀ դեսպաններից շատերը հետ են կանչվել զբաղեցրած պաշտոններից, քանի որ նրանք սպասարկել են Սերժ Սարգսյանին, ամեն ինչ արել՝ արդարացնելու նրա իրականացրած ներքին եւ արտաքին քաղաքականությունը։

Ի՞նչ սկզբունքով պետք է ընտրվեն այսուհետ ՀՀ դեսպանները՝ նրանք պետք է լինեն կադրային դիվանագետնե՞ր, թե՞ պետք է կատարվեն քաղաքական նշանակումներ։ 

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը համաձայն չէ, որ նախկինում մեր դեսպանները զբաղված են եղել արտերկրում մեր ներքին քաղաքականությունը պարզերես անելով։

«Ցանկացած ներքաղաքական գործընթաց, որ տեղի է ունենում Հայաստանում, արտերկրի մեր դեսպաններն ընդունող պետության պահանջով անդրադառնում են դրան։ Դա դիվանագիտության մեջ ընդունված պրակտիկա է։ Երկրորդը՝ կարող են լինել թե՛ քաղաքական նշանակումներ, թե՛ կարող են լինել կադրային դիվանագետներ։

Օրինակ՝ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի օրոք նշանակումների 40 տոկոսը քաղաքական նշանակումներ էին, ոչ թե դիվանագետներ։ Սա համաշխարհային պրակտիկայում ընդունված կարգ է, ես որեւէ խնդիր չեմ տեսնում։ Եթե, օրինակ, տարիներ առաջ մենք, Մեծ Բրիտանիայում, որպես դեսպան ներկայացրել էինք մեր նախկին վարչապետին, ապա նրա կշիռը բավականին բարձր էր։ Այդ դեպքում ընդունող պետությունը շատ կարեւոր մեսիջներ է ստանում, եւ նոր դեսպանի համար էլ այնպիսի դռներ են բացվում, որոնք դժվար կլինեին այլոց դեպքում։ Երրորդը՝ շատ կարեւոր է, թե ինչ սկզբունքներով է ընտրվում արտերկրում դեսպանություն բացելը։

Հաշվի են առնվում մի քանի կարեւոր հանգամանքներ՝ տվյալ երկրի արտաքին քաղաքականությունը, այդ երկրում հայ համայնքի առկայությունը, այդ երկրում մեր հակառակորդ պետությունների ակտիվությունը եւ գործունեությունը մեր դեմ եւ այլն։ Սրանք այն հիմնական չափորոշիչներն են, թե ինչու պետք է տվյալ երկրում ՀՀ-ն ունենա դիվանագիտական ներկայացուցչություն։ Հենց այս սկզբունքներից ելնելով է ՀՀ-ն տարբեր պետություններում նշանակել դեսպաններ։ Ինչ-որ երկրներում դա եղել է արդյունավետ, ինչ-որ երկրներում՝ ոչ արդյունավետ, բայց հիմա կարծես թե ընտրել ենք այն ճանապարհը, որ չլինեն քաղաքական նշանակումներ, լինեն կադրային նշանակումներ, ինչը ողջունելի է»,- նշեց մեր զրուցակիցը։ 
Սուրեն Սարգսյանը հիշեցնում է, որ իշխանափոխությունից հետո արտերկրում ՀՀ-ն նշանակել է մոտ տասը դեսպան, սակայն քաղաքական նշանակումներ դեռեւս չեն կատարվել։