Ինչու է «Սանիթեքը» դատի տվել քաղաքապետարանին

Ինչու է «Սանիթեքը» դատի տվել քաղաքապետարանին

Երևանի քաղաքապետարանի և «Սանիթեքի» միջև հակամարտությունը տեղափոխվել է իրավական դաշտ։ Երևանի աղբահանությունն իրականացնող ընկերությունը դատի է տվել քաղաքապետարանին՝ գումարի բռնագանձման պահանջով։ Ընկերությունը պահանջում է քաղաքապետարանից բռնագանձել 64 միլիոն դրամ։

Դատական նիստերի օր դեռևս չի նշանակվել և «Դատալեքս» տեղեկատվական հարթակում նշված չէ, թե ինչ հիմքով է «Սանիթեքը» հայց ներկայացրել քաղաքապետարանի դեմ։ Սակայն մեզ հայտնի դարձավ, որ «Սանիթեքը» քաղաքապետարանին դատի է տվել պահումների և տուգանքների համար։

Քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը մեզ հետ զրույցում, մեկնաբանելով մեր տեղեկությունը, ասաց, որ միայն կարող է ասել, որ քաղաքապետարանը մշտապես պատշաճ և ժամանակին կատարել է իր պարտավորությունները։

Ընկերության մամուլի բաժնի պատասխանատու Քնարիկ Առաքելայն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ այս փուլում որևէ լրացուցիչ բան ասել չեն կարող, քան ասված է իրենց տարածած մամուլի հաղորդագրության մեջ․
«Ի պատասխան բազմաթիվ լրատվականների հարցադրումների՝ ցանկանում ենք տեղեկացնել, որ ընկերությունն այս պահին չի կարող տալ որևէ մեկնաբանություն՝ ելնելով տեղի ունեցող գործընթացների շահերից և իրավական արգելքներից։ Առաջիկայում «Սանիթեք» ընկերության ներկայացուցիչները հրապարակային հանդես կգան՝  բոլոր հարցերին պարզաբանում տալու նպատակով»։