Կարեն Դեմիրճյանը 1977-ին դեմ գնաց Մոսկվային՝ ռուսերենը որպես պետական լեզու ամրագրելուն

Կարեն Դեմիրճյանը 1977-ին դեմ գնաց Մոսկվային՝ ռուսերենը որպես պետական լեզու ամրագրելուն

Ապրիլի 17-ը ՀՀ ազգային հերոս Կարեն Սերոբի Դեմիրճյանի ծննդյան օրն է: Պետական, քաղաքական նշանավոր գործիչն իր ստեղծարար աշխատանքով ու մարդկային կերպարով արժանիորեն տեղ գրավեց մեծերի շարքում: Գործելով երկու հասարակարգերի հատման ժամանակաշրջանում, նա յուրահատուկ նվիրվածություն ու հոգածություն դրսևորեց իր ժողովրդի բախտի հանդեպ: Ճակատագրի բերումով եղավ հին հասարակարգի շենացնողը,  միաժամանակ՝ նորի անաչառ գնահատողն ու կշռադատ ջանադիրը՝ ուսերին առնելով նոր պայմաններում սոցիալ-տնտեսական  խնդիրների լուծման դժվարին պատասխանատվության ողբերգականորեն ընդհատված  դերակատարությունը:

Ծնվել է Երևանում 1932 թվականին: Ծնողները  Արևմտյան Հայաստանից էին, մայրը՝ Վանի Այգեստան թաղամասից, հայրը՝ Էրզրումի վիլայեթի Քոթեր գյուղից: Նրանց բաժին էր հասել ճիշտ նույնպիսի ճակատագիր, որպիսիք ունեին Մեծ Եղեռնից մազապուրծ եղած հայ գերդաստանները: Հայրը՝ Սերոբ Դեմիրճյանը, կորցրել էր ընտանիքի անդամներին: Այդ ծխացող հիշողությունը ժառանգվել էր զավակներին: Կարեն Դեմիրճյանի կյանքում այդ հանգամանքը կարևոր նշանակություն ուներ: Արտաքնապես զուսպ, բայց ներքուստ անհանգիստ այդ մարդը իր ժողովրդի մեծ ցավի կրողն էր ու այդ ցավը ամոքելու պատրաստակամ զավակը: Որպես երևույթ, խորհրդային ժամանակաշրջանի ծնունդ էր, թեև ընթացքը ցույց տվեց, որ կարողություններով ունիվերսալ  էր: Նրա գործունեության առաջին էտապն ուղղված էր սոցիալիստական հասարակարգի կատարելագործմանն ու նրա շրջանակում հայ ժողովրդի  բարեկեցության ապահովմանը: Ուստի այդ փուլում նա եղավ իր նախորդների գործերի արդյունավետ շարունակողն ու նոր խնդիրների լուծողը՝ որքանով, որ թույլ էին տալիս հասարակարգի հնարավորությունները:

Մեզանում մի թյուր կարծիք կա, որ այն ամենը, ինչ կապված է նախորդ հասարակարգի հետ՝ վատն է ու մերժելի: Իրականում ամեն մի գոյաշրջան ունի իր լուսավոր ու մութ  կողմերը: Մարդկանց մասին դատելիս էլ պետք է ելակետ ունենալ այն իրողությունը, թե ի՞նչ էին թույլ տալիս անել ժամանակի կաղապարները և թե ի՞նչ է կարողացել անել որևէ անհատ այդ տիրույթում: Կարեն Դեմիրճյանի մասին խոսելը առիթ է՝ դասեր քաղելու ժամանակների ու գործիչների մասին գնահատումներ անելիս: 42 տարեկանում նա ընտրվեց Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի  առաջին քարտուղար և  երկիրը կառավարեց 1974-1988 թվերին: Պոլիտեխնիկի նախկին սանը, Երևանի էլեկտրատեխնիկական գործարանի վարպետից մինչև տնօրեն հասած Երևանի քաղկոմի, ապա  ՀԿԿ Կենտկոմի քարտուղար աշխատած խոստումնալից կազմակերպիչը ուներ երկրի ապագայի վերաբերյալ սեփական հայեցակարգը: Նա Հայաստանը պատկերացնում էր քիչ էներգատար ու նվազ ռեսուրսատար զարգացած արդյունաբերությամբ, ինտենսիվ գյուղատնտեսությամբ ու բնապահպանական առումով անվտանգ  երկիր, ինչպիսին էր Շվեյցարիան: Նրա մոտեցումները 1975թ. դրվեցին ԽՄԿԿ Կենտկոմի Հայաստանին վերաբերվող ապրիլյան հայտնի հ. 300 որոշման հիմքում: Առաջին անգամ փոքրիկ Հայաստանի համար միութենական մակարդակով կազմվեց երկարաժամկետ զարգացման ծրագիր՝ շեշտը դնելով գիտատար ու որակավոր աշխատանք պահանջող ուղղությունների վրա:

Կարեն Դեմիրճյանին այս պաշտոնում առաջադրելիս չեն եղել բարեխոսներ, ինչպես դա ընդունված էր այն ժամանակներում: Մոսկվայում նա նույնիսկ փորձեց քաղաքավարությամբ մերժել առաջարկությունը: Սակայն նրան հուշեցին, որ հրաժարումը կարող է դիտվել վախկոտություն: Իսկ ինչ-ինչ, վախկոտություն նրան վերագրելը ճիշտ չէր: Նա ողջ կյանքում ինքն էր հարթել իր ճանապարհը՝ սեփական ուժերով: Նրա «բարեխոսներն» էին եղել աշխատասիրությունը, ազնվությունն ու սկզբունքայնությունը: Այնպես որ չնայած անցած ուսանելի ճանապարհին և ունեցած հսկայական փորձին, նրա մեջ ավելի շուտ խոսում էին պատասխանատվության զգացումն ու համեստությունը: Ստանձնելով նոր պաշտոնը, Կարեն Դեմիրճյանը հոգատարությամբ վերաբերվեց հանրապետության կադրային ռեսուրսին, համախմբելով ու հնարավորություն տալով լավագույններին ինքնադրսևորվելու: Տարիների նրա վաստակի ու հաջողությունների գործում քիչ դեր չի խաղացել նշյալ հանգամանքը:

Կարեն Սերոբիչը, ինչպես դիմում էին նրան գործընկերները, մարդկանց  լսելու, կարծիքները համադրելու, դրանց հիման վրա եզրակացություններ անելու բացառիկ ձիրք ուներ: Որևէ գործ սկսելիս, սիրում էր խորանալ մանրամասների մեջ, նշելով, որ չի կարելի ճանապարհ ընկնել՝ չիմանալով այդ ճանապարհը: Թեև գիտեր տեղին ու ժամանակին անել խիստ դիտողություններ, բայց ամենապայթունավտանգ իրավիճակներում էլ նրան բնորոշ էր հավասարակշիռ կեցվածքն ու սառնասրտությունը: Նրան խորթ էր աղմկարարությունը, կատարածի ցուցամոլությունը: Ամենաբարդ խնդիրներն էլ լուծում էր հանգիստ, աշխատանքային սովորական ռիթմով: Հրաշալի էր տիրապետում ճիշտ հանձնարարականներ տալու և վերահսկելու արվեստին: Որպես անբասիր ու անկաշկանդ գործիչ, նա ասպարեզ  բերեց արդարության, օրինականության մթնոլորտի ձևավորման  իր պատկերացումները: Իր առաջին իսկ ելույթներում կարևորեց անկեղծ քննադատությունն ու ազատ խոսքը: Ովքեր ապրել են խորհրդային ժամանակներում, հիշում են, որ կային թեմաներ ու հարցեր, որոնց մասին ընդունված չէր խոսել բարձրաձայն: Հասարակարգի համար դա կարող էր վարկաբեկիչ լինել: Կարեն Դեմիրճյանը հնարավորինս բացեց շատ ու շատ փակագծեր՝ չքողարկելով առկա դժվարություններն ու բացթողումները:

Բարձրացված հարցերը, խնդիրների լուծման մեթոդներն ու  առաջարկությունները  թարմության շունչ էին պարունակում: Նման մոտեցումը նորություն էր ոչ միայն Հայաստանում, այլև ողջ  Խորհրդային Միությունում: Սակայն, որքան էլ ազնիվ լինեին նրա մղումները, միանգամայն հասկանալի է, որ  դրանք չէին կարող ամբողջությամբ  կյանքի կոչվել հսկայական երկրի մի փոքրիկ անկյունում, որը կրում էր մեծ կտորի բազմաբնույթ ու բազմաշերտ ազդեցությունը: Միայն տաս տարի անց հսկա միությունում սկսվեց վերակառուցման գործընթաց, որի շատ ու շատ մտքեր ու  մոտեցումներ վաղուց  հնչել էին Հայաստանում: Այո՛, լինում է այնպես, որ մարդը ուշացած է գալիս ասպարեզ կամ ընդհակառակը՝ գալիս է ժամանակից շուտ ու ամենամեծ ցանկության դեպքում էլ  պայմանները թույլ չեն տալիս ամբողջությամբ իրականացնել սեփական երազանքները: Մնում է անել հնարավորը: Կարեն Դեմիրճյանի հետ ևս այդպես պատահեց: Սակայն  այդ պայմաններում անգամ, հունձքը առատ էր և մաքրահատիկ: 

Բնականաբար, եղան նաև խնդիրներ, որոնց առնչությամբ նրա ջանքերը հանրության կողմից մնացին աննկատ ու ոչ պատշաճ գնահատված. 1977 թ. մոսկովյան կենտրոնից պահանջեցին, որ Հայաստանը ընդունի զարգացած սոցիալիզմի սահմանադրությունը, որում ամրագրված լինի ռուսերենի պետական լեզու լինելը: Նա միակն էր Անդրկովկասի իր կոլեգաների մեջ, որ բացահայտ դեմ գնաց դրան, հայտարարելով, որ հակառակ դեպքում ինքը ստիպված կլինի գրել հրաժարականի դիմում: Շատ քչերը գիտեն, որ ապրիլի 24-ը հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու որոշման համար նա  տարիներ շարունակ թակում էր մոսկովյան չինովնիկների դռները, բացատրելով ու հասունացնելով որոշման ընդունման անհրաժեշտությունը: Զարմանալի ներզգացողությամբ դեռևս 1987 թվին նա հասավ ԱԷԿ-ի փակման որոշման կայացմանը, որը, սակայն, հեռատեսորեն չկիրառվեց, անգամ   չհրապարակվեց, խնդիր դնելով դա իրականացնել միայն  էներգիայի այլ աղբյուրներից բավարար պաշարներ ստեղծելու պարագայում: Այսինքն, Սպիտակի երկրաշարժից մեկ-մեկուկես տարի առաջ արդեն կայացվել էր ատոմակայանի փակման  որոշում, որը հետագայում կամայականորեն կիրառվեց այլոց կողմից՝ առանց այլընտրանք առաջարկելու:

Բնապահպանական տեսանկյունից մեծ նշանակություն ունեցան Սևանա լճի հիմնախնդրի լուծումը,  թունավոր մի շարք ձեռնարկությունների անվտանգացումը: Նախագիծ մշակվեց «Նաիրիտը» լայն սպառման ապրանքների արտադրության վերամասնագիտացնելու մասին և այլն: Եթե շատ բաներ նա չհասցրեց անել, դա արդեն նրա մեղքը չէր: Կարեն Դեմիրճյանի կատարած աշխատանքների մասին կարելի է խոսել շատ երկար: Նրա ջանքերի արդյունքում Խորհրդային Հայաստանը բարձր անուն ու հեղինակություն վաստակեց 15 հանրապետությունների շարքում: Դարձավ գիտության, մշակույթի ու մտավոր ներուժի կենտրոն կառուցելու նրա անուրանալի վաստակը նկատի ունենալով, ժողովուրդը մեկ անգամ չէ, որ հնչեցրել է նրան բնութագրող ամենատիպական բառը՝   Շինարար: 

Կարեն Դեմիրճյանը հպարտ ու բարձր արժանապատվությամբ օժտված անհատականություն էր: Ի տարբերություն հարևան երկրի շողոքորթ ղեկավարի, նա իր ժողովրդի համար կենսական հարցերը լուծում էր այն մարդկանց միջոցով, ովքեր իր մեջ գնահատում էին հենց բարձր առաքինությունները: Այնտեղ՝ մոսկովյան կենտրոնում էլ մարդիկ տարբեր էին ու քիչ չէին այնպիսիք, որ համակրում էին բարձրահասակ,ժպտերես ու ազնիվ հայորդուն: Ավագ սերնդի մարդկանց մոտ դեռևս պահպանված կլինեն հիշողություններ այն մասին, որ սննդամթերքի, հագուստեղենի, կենցաղային իրերի մատակարարման հարցերում Հայաստանը գտնվում էր շատ ու շատ հանրապետություններից ավելի ապահովված վիճակում: Հայաստան այցելած զբոսաշրջիկները տուն էին վերադառնում բեռնավորված՝ ոչ միայն բարձր պահանջարկ վայելող  հայկական ապրանքներով, այլև երբեմն իրենց երկրների արտադրանքով:

Խորհրդային երկրի երեք տարբեր գլխավոր քարտուղարներ նրան տեսնում էին միութենական մակարդակի պաշտոններում, սակայն ինչ-ինչ պատճառներով այդ նշանակումները չկայացան: Երիտասարդ տարիքում ձեռք բերած հաջողություններն ու վայելած համաժողովրդական սերը հաճախ խանդ էին ծնում այն չինովնիկների մոտ, ովքեր նրա մեջ տեսնում էին իրենց մրցակցին: Մոսկվայում սկսեցին շրջանառել մի կարծիք, թե Կարեն Դեմիրճյանի նկատմամբ Հայաստանում ձևավորվում է անհատի պաշտամունք, մինչդեռ կուսակցությա՛նն է պետք սիրել և ոչ թե նրա ղեկավարին: Իսկ երբեմն էլ, ինչպես Մ. Գորբաչովի դեպքում, հանդես էր բերվում բացահայտ չարակամություն: Դրան տեղիք էր տալիս վերակառուցման քաղաքականության այս կամ այն դետալի վերաբերյալ Դեմիրճյանի լռությունը կամ ոչ խանդավառ կեցվածքը: Այդպիսիներից էր, օրինակ, ալկոհոլիզմի դեմ պայքարն ու դրա հետևանքով խաղողագործությանը հասցվող վնասները: 1987թ. հունիսին մոսկովյան ամբիոնից Գորբաչովը քննադատություն հնչեցրեց Հայաստանի հասցեին, նշելով, որ վերակառուցումն այստեղ տեղապտույտ է տալիս: Ժամանակի հեռվից զավեշտական է դիտվում նման վերաբերմունքը, հատկապես մի մարդու կողմից, ով իրեն համարում էր վերակառուցման կնքահայրը, բայց այն իրականացնում էր առանց վերջնական նպատակը հասկանալու, խարխափելով մթության մեջ, ուրիշներին ու իրեն էլ մոլորեցնելով պոպուլիստական արտահայտություններով, ի վերջո հսկայական երկիրը հասցնելով փլուզման: Դա կատարյալ ապաշնորհություն էր, եթե ի սկզբանե հենց այդպիսի նպատակ չէր հետապնդվել:  

1988 թվին սկսվեց ղարաբաղյան շարժումը: Ազատության հրապարակը եռում էր մարդկային զանգվածների հրաբորբոք կրքերից: Կարեն Դեմիրճյանը չգնաց խաբեության ճանապարհով: Նա հարթակ բարձրացավ ու անկեղծորեն ասաց իր կարծիքը, որը չէր համընկնում մասսաների ցանկությանը: Առաջացավ խզում: Նա արժանապատվորեն հեռացավ ասպարեզից: Իսկ Մոսկվայում փորձեցին նրան մեղադրել այդ շարժումը հրահրելու և նացիոնալիզմի մեջ: Պատահական չէ, որ նրան «սեփական դիմումի համաձայն» աշխատանքից ազատեցին Ադրբեջանի ղեկավար Բաղիրովի հետ նույն օրերին: Մոսկվան հավասարության նշան էր փորձում դնել Սումգայիթ ծնած Բաքվի  ու խաղաղ ցույցեր կազմակերպած Երևանի միջև:

Փորձառության ծաղկունքում գտնվող 57-ամյա «թոշակառուին» համառորեն ոչ մի աշխատանք չէին առաջարկում: Նույնիսկ, երբ  երկրաշարժից հետո նա դիմեց Նիկոլայ Ռիժկովին՝ իր ուժերը աղետի գոտում օգտագործելու համար, ոչ մի պատասխան չստացավ: Քչերը գիտեն, որ իր ժողովրդի համար օրհասական պահին նա պատրաստ էր աղետի գոտում անգամ աշխղեկի կարգավիճակով աշխատել: Սակայն դրան խանգարում էր Գորբաչովի վերաբերմունքը: Վերջինս վարպետորեն շրջանցելով իրեն ավելի մոտ կանգնած ռեգիոնների բարքերը, Դեմիրճյանին մեղադրում էր ոչ միայն նացիոնալիզմի, այլև կոռուպցիայի ու հովանավորչության մեջ, ասես դա զուտ հայկական դրսևորում էր: Բոլորովին էլ չժխտելով այդ երևույթների առկայությունը Հայաստանում, նշենք, որ 14 տարի երկրի առաջին դեմք, հետագայում անկախ Հայաստանի ԱԺ նախագահ աշխատած մարդու «կոռուպցիայի» արդյունքը տրամաբանորեն պիտի լիներ այն, որ նրա ընտանիքը   ունենար մասշտաբային սեփականություններ, ինչպես այլք: Մինչդեռ  սեփական առանձնատուն չունենալու փաստն անգամ արդեն իսկ խոսուն է: Եզրակացությունը թողնվում է ընթերցողին:

Ասում են ամենակարևոր եզրակացությունները մարդիկ անում են համեմատության արդյունքում: Գրեթե 10 տարի անց ժողովուրդն իր հայացքը կրկին հառեց Կարեն Դեմիրճյանին՝ ակնկալությամբ, որ նա վերադառնա քաղաքականություն: Հենց այդ տրամադրությունները հաշվի առնելով ու նրանց հուսախաբ չանելու նպատակով էլ նա 1999թ. մարտին սեղմեց իրեն ուղղված Վազգեն Սարգսյանի ձեռքը: Վերջինս ոչ միայն հարգանք ու ակնածանք էր տածում նրա անձի հանդեպ, այլև շատ լավ հասկանում էր այն կարծիքի թյուրիմացություն ու արհեստածին լինելը, ըստ որի  Դեմիրճյանը կարող էր ղեկավարել կամ տնտեսվարել միայն խորհրդային ժամանակներում՝ կենտրոնի կողմից տրված անխափան ֆինանսավորմամբ: Դրա ամենապարզ  հակափաստարկն այն էր, որ 90-ական թթ. դժվար տարիներին նա կարողացել էր աշխատեցնել Հայկական Էլեկտրամեքենաշինական գործարանը և երկրի տնտեսությունը գիտեր ներսից՝ ոչ միայն մակրո, այլև միկրո մակարդակով: Նա պահանջված գործիչ էր նոր ժամանակներում ևս: 

«Միասնություն» դաշինքը թիկունքում ունենալով ժողովրդի տաք շնչառությունը,  ասպարեզ մտավ վերածննդի համոզմունքով: Եւ այդ համոզմունքը բոլորովին էլ խաբուսիկ չէր: Մեծ գործերը, սովորաբար, արվում են մեծ հավատի դեպքում: Ձևավորված միասնությունը հասարակ ժողովրդի համար փրկօղակ էր, վաղվա հանդեպ հավատի հզոր աղբյուր ու աղոթքի կռվան: Հանապազօրյա աղոթք՝ սիրելի, բայց հանկարծակիորեն ընդհատված…

Ոչինչ հենց այնպես չի կորչում: Մտքերը, գաղափարներն ու հնչեցրած խնդիրները մի օր դուրս են բերվում դարակներից ու մաքրվում մոռացության փոշուց: Նրանք ու իրենց ծնած կերպարները սկզբում դանդաղ, ապա շռնդալից հեղեղում են մարդկային հոգիներն ու  ուղեղները, համախմբելով և ուղղորդելով նրանց դեպի  մեծ ու սքանչելի գործեր: Այդպիսիները, որպես խարիզմատիկ անհատականություններ,  դարձյալ առաջնորդում են մարդկանց, ինչպես կենդանության օրոք: Դա վստահաբար  կարող է վերաբերվել Կարեն Սերոբի Դեմիրճյանին՝ մեծ ու պահանջված անհատին: 
   
Ֆիրդուս Զաքարյան