«Հրապարակ». ԲԴԽ-ից սպասում եմ բարձրագույն մակարդակի արդարադատություն

«Հրապարակ». ԲԴԽ-ից սպասում եմ բարձրագույն մակարդակի արդարադատություն

Բարձրագույն դատական խորհրդում երեկ շարունակվել է Երեւանի դատավոր Արթուր Ստեփանյանի կարգապահական վարույթի քննությունը: Այն սկսվել էր նոյեմբերի 14-ին։ Արթուր Ստեփանյանը Դատավորների միության փոխնախագահն է։

Ըստ արդարադատության նախարարության միջնորդության՝ դատավորը թույլ է տվել դատավարական իրավունքի նորմերի խախտումներ, այն է՝ եզրափակիչ դատական ակտը հրապարակել է սահմանված ժամկետից առնվազն 1 տարի 7 ամիս անց, դրա օրինակը հայցվորին տրամադրել է 1 տարի 4 ամիս անց, իսկ գործով պատասխանողին առնվազն 1 տարի 7 ամիս անց տրամադրված չէ: Մնում է պարզել, թե սահմանված ժամկետը որն է։ Շուրջ 3 ժամ տեւած նիստից հետո ԲԴԽ-ն գնացել է խորհրդակցական սենյակ, որոշումը կհրապարակի նոյեմբերի 24-ին։ Ստեփանյանի պաշտպանը Սիրանուշ Սահակյանն է։

Արթուր Ստեփանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենք փորձել են ներկայացնել իրենց փաստարկները: «Մենք, միանշանակ, չենք ընդունում նախարարության ներկայացրած հիմնավորումները, մենք կարծում ենք, որ առաջին հերթին այդ կարգապահական վարույթը ենթակա է կարճման, եթե կարճման ենթակա չէ, ապա ենթակա է մերժման՝ չապացուցված լինելու հիմքով, կամ, ծայրահեղ դեպքում, ենթակա է մերժման նվազ կարեւորության հիմքով»,- ասաց պարոն Ստեփանյանը։

- Իսկ ինչո՞վ է նվազ կարեւոր, եւ որո՞նք էին ձեր ներկայացրած հիմքերը։

- Նախ՝ նվազ կարեւորն ամենավերջինն է։ Մեր հիմքերից էին, որ խտրական վերաբերմունք է դրսեւորվել հարուցման փուլում, որ հարուցման ժամկետն է լրացել, եւ դրանից հետո իրավունք չունեին վարույթ հարուցել, նաեւ՝ ով որ հաղորդում էր ներկայացրել, հրաժարվել է իր հաղորդումից՝ կարգապահական վարույթի փուլում դեռեւս նախարարությունում գտնվելու ժամանակ։ Այսինքն՝ կարծում ենք, որ եթե սկզբից առիթը եղել է, ապա առիթը վերացել է, նաեւ էնտեղ վերագրվել էր ենթադրյալ կարգապահական խախտում այն մասով, որի մասով, մեր գնահատմամբ, առիթ չի եղել հարուցելու համար, որի ընթացքում ենթադրյալ խախտումը հայտնաբերվել է, չի փոխակերպվել նշված վարույթը։

- Ամեն դեպքում՝ ժամկետի խախտում թույլ տրվե՞լ է Ձեր կողմից։

- Ինձ վերագրվում է ժամկետի խախտում, ես առարկել եմ, համարում եմ, որ ենթակա է կարճման եւ մերժման։

- Ինչ-որ միտում տեսնո՞ւմ եք արդարադատության նախարարության կողմից։

- Էսպես ասեմ․ եթե այն աստիճանի լինի այդ միտումը, որ ինձ մոտ դա հիմնավոր լինի, կամ ես կարողանամ բացահայտել եւ տեսնել միտում․․․ որեւէ բան չեմ կարող բարձրաձայնել այդ մասով։ Կարծում եմ, որ չունեմ բավարար հիմքեր՝ այդ հարցը բարձրաձայնելու, առավել եւս՝ ես դատավոր եմ, կաշկանդված եմ վարքագծի կանոններով։ Բացի այդ՝ նաեւ մասնագիտական բնավորության գիծ է դարձել, որ եթե չունենամ ինձ համար բավարար փաստեր, որեւէ հարցի մասին չեմ կարող բարձրաձայնել։

- Շատ է խոսվում այն մասին, որ արդարադատության նախարարությունը կարծես ընկել է դատավորների հետեւից եւ ոչ էական հարցերով կարգապահական վարույթներ է հարցում դատավորների դեմ՝ փորձելով դա որպես մահակ պահել նրանց գլխին։ Թեեւ՝ ոչ բոլոր միջնորդություններն է ԲԴԽ-ն բավարարում։ Ձեզ մոտ կա՞ նման տպավորություն։

- Թե ինչով է պայմանավորված՝ չեմ պատասխանի, որովհետեւ կաշկանդված եմ վարքագծի նորմերով, բայց հղում կկատարեմ ԳՐԵԿՈ-ի անցյալ տարվա զեկույցին, որտեղ նշված էր, որ արդարադատության նախարարի կողմից՝ ինստիտուցիոնալ իմաստով, կարգապահական վարույթ հարուցելը խնդրահարույց է։

- Այդ ժամանակ նախարարը Կարեն Անդրեասյա՞նն էր։

- Չեմ հիշում, ճիշտն ասած։

- Իսկ Դուք ի՞նչ տպավորություն ստացաք նախկին նախարար, այժմ՝ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի վարած նիստից։

- Նախ՝ ինքը չէր նախագահում, որովհետեւ հենց առաջին դատական նիստը բացելուց հետո պարոն Անդրեասյանն ինքնաբացարկ հայտնեց։

- Ինչո՞ւ, որովհետեւ ի՞նքն էր հարուցել վարույթը։

- Այո, ինքն էր հարուցել՝ դրա համար։

- Իսկ Դուք ի՞նչ սպասելիք ունեք՝ կբավարարի՞ ԲԴԽ-ն նախարարության միջնորդությունը, թե՞ կմերժի։

- Ես, բնականաբար, ԲԴԽ-ից սպասում եմ բարձրագույն մակարդակի արդարադատություն տվյալ հարցի շուրջ, եւ, իմ գնահատմամբ, դա բերելու է կարճման կամ մերժման։ Թե ԲԴԽ-ն ինչ որոշում կկայացնի՝ մի քանի օրից կտեսնենք։