Անահիտ Ֆարմանյանը ոչ թե ՇՊՀ ռեկտորի, այլ ուրիշ պաշտոնի համար է պայքարելու

Անահիտ Ֆարմանյանը ոչ թե ՇՊՀ ռեկտորի, այլ ուրիշ  պաշտոնի համար է պայքարելու

Շիրակի պետական համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթի համար հայտեր ներկայացնելու վերջնաժամկետն այսօր էր: Հիշեցնենք, որ ՇՊՀ ռեկտորի պաշտոնը նախորդ տարվա մայիսից՝ Սահակ Մինասյանի հրաժարականից հետո թափուր է: Ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է Երվանդ Սերոբյանը: Մեր ունեցած տեղեկություններով՝ Երվանդ Սերոբյանը նույնպես մասնակցելու է  մրցույթին, սակայն այդ պաշտոնի ամենաիրական հավակնորդը  ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանի քույրն է՝ նույն բուհի նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանը, որի դեմ քրեական գործ էր հարուցվել յուրացումների համար:  Քանի որ մինչ այս պահը դեռ հայտնի չեն, թե ովքեր են հայտեր ներկայացրել, hraparak.am-ը Անահիտ Ֆարմանյանից  ճշտեց՝ նա մասնակցելու է մրցույթին, թե՞ ոչ:

«Իհարկե ունեմ ռեկտորի պաշտոնը զբաղեցնելու համար անհրաժեշտ գիտելիքներ, կարողություններ և հմտություններ, սակայն այս փուլում նպատակահարմար չեմ գտել իմ թեկնածությունը առաջարկելու, չնայած որ բուհի շատ աշխատակիցներ և ուսանողների կողմից հորդորվել է, և տեսել եմ շատ մեծ համակրանք:Երևի տեղյակ եք, որ 2019 թվականի փետրվարի 15-ին Վերաքննիչ քաղաքացիական դատարանը բեկանեց Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2018 թվականի սեպտեմբերի 24-ին կայացրած որոշումը, որտեղ քննարկվել է պրոռեկտորի պաշտոնից ինձ ապօրինի ազատելու հայցադիմումը: Ես ոչ նախկինում, ոչ էլ հիմա չեմ պայքարել ռեկտորի պաշտոնի համար, իհարկե մինչև վերջ պայքարելու  եմ պրոռեկտորի պաշտոնում վերականգնվելու համար, իսկ իմ հարազատ բուհիս ես ավելի շատ օգուտ կարող եմ բերել այս պաշտոնում աշխատելով»,- hraparak.am-ին փոխանցեց նա:

Հիշեցնենք, որ ՇՊՀ-ի ռեկտորի թափուր պաշտոնի թեկնածու կարող է առաջադրվել համալսարանի կառուցվածքային ստորաբաժանումների կողմից կամ ինքնառաջադրմամբ որևէ մեկը: ՇՊՀ-ի ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթին կարող է մասնակցել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, ով ունի գիտական աստիճան, բուհում առնվազն 3 տարվա դասավանդման փորձ և վերջին 15 տարվա ընթացքում առնվազն 5 տարվա հանրային կառավարման կամ բարձրագույն կրթության համակարգում առնվազն 5 տարվա վարչական աշխատանքի ստաժ: Հոգաբարձուների խորհուրդը ՇՊՀ ռեկտորին ընտրում է գաղտնի քվեարկությամբ: Ռեկտորի պաշտոնում ընտրված է համարվում այն թեկնածուն, ով հավաքել է խորհրդի ցուցակային կազմի հիսուն տոկոսից ավելի ձայն: Ռեկտորն ընտրվում է պաշտոնավարման հինգ տարվա ժամկետով: