Ռուստամի մոդելային պարամետրերը

Ռուստամի մոդելային պարամետրերը

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի բանակից ազատվելու բժշկական եզրակացությունն այնպիսին է, որ դժվար չէ անհատի անմիջական զննության և ողնաշարի ռադիոլոգիական հետազոտության միջոցով  ճշտել։ Երևի հիշում եք, որ ՀՀ արդարադատության նախարարի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում՝ նախարարի  բանակում չծառայելու օրինականության վերաբերյալ փաստաթղթեր էր ներկայացրել, ըստ որի՝ ծառայությունից ազատման պատճառը եղել էր ողնաշարի 30 աստիճան սկոլիոզի առկայությունը,  որը համարվում է երրորդ աստիճանի սկոլիոզ։

Մինչ նախարարի  պաշտոնի անցնելը հանրության կողմից կասկածի տակ էր դրվել բանակից ազատվելու օրինականության հարցը։ Ցանկացած պաշտոնյա, մանավանդ արդարադատության հետ կապված, երբ մինչ պաշտոնին անցնելը հանրության կասկածի դաշտ է մտնում, չի կայանում։ Պաշտոնավարման ողջ ընթացքում անընդհատ նույն հարցը՝ տարբեր մեկնաբանություններով, հնչում է։ Այսօր էլի համացանցում մասնագիտական  չափում- ձևումներ են սկսվել նախարարի սկոլիոզի վերաբերյալ։ Համացանցում նկարներ են տեղադրվում, որտեղ բանակից ազատված նախարարը  թենիս, սկվոշ և այլ բնույթի խաղեր է խաղում, որը նման հիվանդություն կրողը չի կարող խաղալ։ Չափումների արդյունքում պարզում են, որ նախարարը նման հիվանդություն չունի և բանակից ազատելը կոռուպցիոն ռիսկեր է պարունակում։ 

Հոր բարձր պաշտոնը մի կողմ թողնենք ու հիշեցնենք, որ նախարարը եղել է հեղափոխության ժամանակ Նիկոլ Փաշինյանի ակտիվ փաստաբանը։ Հիմա ի՞նչ եք կարծում՝ նախարարին կասեն՝ առո՞ղջ է։ Եթե անգամ  նախարարը մոդելային պարամետրեր ունենա, էլի կասեն՝ հիվանդ է ու  30 աստիճան սկոլիոզ ունի։

Սա մենակ Ռուստամին չի վերաբերվում, համակարգային ախտ է։ Ու եթե ասում եք, որ հեղափոխություն է եղել, նման բաները պիտի վերանային։ Համակարգային ախտերը ավելի են խորացել՝ բոլոր առումներով։

Բանակի բժշկական ստուգումների  ժամանակ մեկի հայրը ուրախ ժպտալով դուրս եկավ, փաթաթվեց կնոջն ու  ասաց՝ աչքդ լույս, տղադ առողջ է։ Զարմացած շատերը նայում էին, թե ոնց է ուրախացել հայրը , որ տղան առողջ է։ Մեկը թե՝ այնպես ես ուրախացել, ասես տղայիդ բանակից ազատել են։ Հայրն էլ զարմացավ՝ բա չուրախանա՞մ, որ տղաս առողջ է։

Գյուղացի, առողջ դատող մարդ էր։ Մեր իշխանությունը նման է այն մեկին, որ ասում էր՝ այնպես ես ուրախացել, ասես տղայիդ բանակից ազատել են։ Այո, իշխանությանը չի անհանգստացնում, որ իր պաշտոնյաների մեծ մասը բժշկի թղթով բանակից ազատվածներն են։ Դրա մեջ ինչ որ անառողջ բան կա, որի առկայությամբ հեղափոխությունից խոսելը վաղ է։ Իր նշանակածներն են, դրա համար վարչապետը լռում է, իսկ ա՜յ նախորդի ժամանակ նշանակածներին պիտի վեթթինգ անել, որովհետև նախորդն է նշանակել։