Փաշինյանական «քամելեոնները»

Փաշինյանական «քամելեոնները»

Տարիներ առաջ մտքովս չէր անցնի, որ նման վերնագիր կգրեմ «հանուն հայրենիքի իր կյանքը զոհասեղանին դրած» մեր այսօրվա վարչապետի մասին… Սակայն ինչե՞ր են անում պաշտոնն ու փողը: 

Ինձ միշտ մտահոգել է այն փաստը, որ հայտնվում են գործիչներ, որոնք թքած ունեն իրենց քաղաքական հայացքների, սկզբունքների եւ, իհարկե, ինքնասիրության վրա ու հավեսով «օգտագործվում» եւ փոխանցվում են մի քաղաքական ուժից մյուսին՝ մոռանանք անգամ, որ օրենք է խախտվում: Ինչպես ասում են՝ «աստված իրենց հետ», սակայն մտահոգությունս այն է, որ հայաստանցիս է տուժում դրանից, այն էլ ինչպե՜ս…

Օրինակ, ի՞նչ կարող էին անել միայնակ ավազակաիշխանության պարագլուխները, եթե չլիներ «քամելեոնների» բանակը, որը, բազում զրկանքների հետ միասին, հայաստանցուս վրա էր դրել նաեւ իր «ամորտիզացիոն» ծախսերը, այն էլ՝ ինչպիսի՜: Սակայն սերժիկհեռացիրներն իրենց խոստումները չեն էլ հիշում, որ նրանց «թափ տան», եւ մոռացել են այնպես, ինչպես իշխանություն յուրացրած նրանց մյուս գործընկերներին… Ավելին, նրանց պատսպարել են, անգամ նոր պաշտոններ տվել, այդ թվում՝ նրանց սերունդներին… Իսկ «հեղափոխության» թավշյա մասն ապահոված Սերժիկը երեկ թռավ, ասում են՝ Բադեն-Բադեն:

Ինչեւէ, փորձեցի մի աղյուսակ կազմել եւ տեսնել, թե մեր նվիրյալ, այն է՝ քաղաքական եւ հայեցողական պաշտոններ զբաղեցրած գործիչներից ովքեր են հաջողությամբ տեղափոխվել կամ փոխանցվել մի ուժից մյուսին՝ ԼՏՊ-Քոչ-Սերժիկ-Փաշինյան ճանապարհին: Ստացված մոտ 80 հոգանոց ցուցակը զարմացրեց, քանի որ նոր բացահայտումներ եղան՝ անգամ ինձ անձնապես ծանոթ գործիչների մասին:

Այսօր ներկայացնում եմ այդ ցուցակի այն 15-ին՝ քաղաքական կշռային հերթականությամբ, որոնք վայելում են մեր սիրելի վարչապետի համակրանքը․ Գագիկ Հարությունյան, Արմեն Սարգսյան, Տիգրան Սարգսյան, Խոսրով Հարությունյան, Արտաշես Թումանյան, Աղվան Հովսեփյան, Կիմ Բալայան, Գագիկ Ջհանգիրյան, Սասուն Միքայելյան, Ֆելիքս Ցոլակյան, Շավարշ Քոչարյան, Տիգրան Մուկուչյան, Կամո Արեյան, Գեղամ Ղարիբջանյան, Սամվել Բալասանյան։

Հիշեցնում եմ նաեւ, որ քամելեոնը տարբերվում է նրանով, որ միայն գույնն է փոխում համապատասխան պայմաններում եւ որեւէ մեկին վնաս չի տալիս։

Ռուբեն ԹՈՐՈՍՅԱՆ