Կկայանա՞ արդյոք ԵՊՀ հոգաբարձուների մայիսի 13-ի նիստը

Կկայանա՞ արդյոք ԵՊՀ հոգաբարձուների մայիսի 13-ի նիստը

Մայիսի 16-ին ԵՊՀ-ում մեկնարկելու են մայր բուհի հիմնադրման 100-ամյակին նվիրված միջոցառումները: Եվ հեղափոխական իշխանությունները՝ ի դեմս ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի, որոշել են ամեն գնով ԵՊՀ 100-ամյակը նշել առանց Արամ Սիմոնյանի: Տղայական «կապրիզի են ընկել»։ Հիշեցնենք, որ վարչապետը մարտի 25-ի կառավարության նիստում հայտարարել էր․ «Այն ռեկտորները, որոնք բարձրագույն կրթական համակարգը դարձրել են ինչ-որ կուսակցական բջիջներ, այն ռեկտորները, որոնք ուսանողների վրա դռներ են փակել, նոր Հայաստանում անելիք չունեն: Սա քաղաքական որոշում է, ու այդ որոշումը մի շաբաթ այս կողմ, մի շաբաթ այն կողմ՝ կիրականացվի»։ Նկատի ունենալով ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին՝ հրահանգել էր Նիկոլ Փաշինյանը:

Եվ սա այն դեպքում, երբ փետրվարին Սիմոնյանին անվստահություն հայտնելու հարցը չմտավ հոգաբարձուների խորհրդի նիստի օրակարգ՝ 1 ձայն պակասեց: Հիմա նրանք փորձում են ամեն գնով կյանքի կոչել այս ծրագիրը, որ մինչեւ մայիսի 16-ը Սիմոնյանը մայր բուհում չլինի: Դրա համար, մեր տեղեկություններով, մայիսի 13-ին նախատեսված է հրավիրել ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստ եւ քննարկել ԵՊՀ ռեկտորին անվստահություն հայտնելու հարցը: Մեր տեղեկություններով՝ այս ընթացքում ԵՊՀ-ից հեռացված պրոռեկտորներ Գեղամ Գեւորգյանը եւ Ալեքսանդր Գրիգորյանն ինտենսիվ հանդիպումներ են ունենում ԵՊՀ խորհրդի անդամ որոշ դասախոսների հետ, որ «կողմ» ձայների քանակն աճի։ Գեղամ Գեւորգյանը, հիշեցնենք, դատի է տվել Արամ Սիմոնյանին՝ իրեն «ապօրինաբար աշխատանքից հեռացնենելու համար»: Նա մեզ հետ զրույցում ասաց, թե առաջինը մեզնից է լսում, որ մայիսի 13-ին նման նիստ է լինելու: Նիստի մասին չէին լսել նաեւ հոգաբարձուների խորհրդի մի քանի այլ անդամներ, նաեւ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը: Վերջինս ասաց. «Կապրենք՝ կտեսնենք, ես առաջին անգամ Ձեզնից եմ լսում, չգիտեմ՝ էդ տեղեկությունները Ձեզ որտեղից»:

Հոգաբարձուների խորհրդի անդամ Գեւորգ Հաջյանն էլ տեղյակ չէր նիստի մասին: Իսկ եթե նորից ԵՊՀ ռեկտորի անվստահության հարցն օրակարգ մտցնելու համար քվեարկեն, իր դիրքորոշումն ինչպիսի՞ն կլինի, հիմա՞ էլ կողմ կարտահայտվի, ինչպես նախորդ անգամ: «Ձեզ դա շա՞տ ա հետաքրքրում, տղա ջան... Դե, եթե շատ հետաքրքրում ա, նիստը տեղի կունենա՝ կիմանաք: Իմ կարծիքն ինձ համար է, Դուք ինչի՞ եք ուզում իմանալ իմ կարծիքը»: Նրան հիշեցրինք վարչապետի հրահանգի մասին: «Դուք այդ հրահանգի մասին տեղյա՞կ եք»,-հարցրեց Հաջյանը, ով Գեղամ Գեւորգյանի հետ մտերիմ է: Ամբողջ հանրությունն է տեղյակ։ «Հանրությունն էնքան բանից ա տեղյակ, որ հետո պարզվում ա՝ փուչիկներ են դրանք: Հանրության տեղյակությունը մի՛ համարեք Ձեզ համար չափանիշ, սպասեք, ամեն ինչ տեղի կունենա, կիմանաք»,- ասաց Հաջյանը: Տեղեկություն կա, որ խորհրդի անդամների վրա ճնշումներ են գործադրում, որ կողմ քվեարկեն։ «Ինձ վրա ոչ մեկի կողմից ճնշում չի եղել, բացի հասարակական կազմակերպություններից, հասարակական ինչ-որ անհասկանալի մարդկանցից, որոնց դերը հասարակության մեջ ինձ համար գոնե անհասկանալի է, որոնք չգիտեն, որ վարձու մարդիկ են իրենք: Իսկ կոնկրետ կողմերից ոչ մի ճնշում չի եղել»։

Հոգաբարձուների խորհրդի մեկ այլ անդամ՝ ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանը նույնպես տեղյակ չէր․ «Ճիշտն ասած՝ ես ո՛չ ապրիլի 15-ի մասին էի իմացել, որ զանգել ինձ հարցնում էին, ո՛չ էլ մայիսի 13-ի մասին: Գաղափար չունեմ»: Գոգյանը, սակայն, դեմ չէ, որ ռեկտորի անվստահության հարցը մտնի օրակարգ եւ քննարկվի։ «Տեսեք, օրակարգ որ մտնում ա, սկսում են քննարկել, իրենց դիրքորոշումները ներկայացնել, չէ՞: Փետրվարի 28-ին իրականում օրակարգ չմտավ, դրա համար ոչ մի կողմը չկարողացավ հիմնավորի՝ անվստահություն հայտնե՞նք, թե՞ չէ: Ես ամեն ինչ էլ պատրաստ եմ օրակարգի սահմաններում քննարկել, ցանկացած հարց: Ի՞նչ վատ ա, որ ցանկացած պահի կարելի ա ցանկացած մարդու անվստահության հարցը քննարկել ու որոշել, որ չէ՝ վստահում ես»,- ասաց նա:

Մենք հիշեցրինք, որ ԵՊՀ 100- ամյակին ընդառաջ ուզում են, որ Արամ Սիմոնյանը հեռացած լինի՝ քաղաքական որոշման արդյունքում: Սմբատ Գոգյանը հիշեցրեց, որ ինքը քաղաքական գործիչ չէ, կուսակցական չէ, այս հարցերին չի կարող պատասխանել. ինքը ԵՊՀ շրջանավարտ է եւ պատրաստ է ԵՊՀ-ի համար լավ որոշումներ կայացնել: «Բայց Դուք ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամ եք, եւ վարչապետը, կարելի է ասել, հոգաբարձուների խորհրդի որոշումը շրջանցող հայտարարություն է արել»։ «Դուք էլ եք հիմա հայտարարություն անում ԵՊՀ ռեկտորի մասին, չէ՞: Ասենք, նենց չի, որ հոգաբարձուների խորհուրդն ա միակ մարմինը Հայաստանում, որ կարա կարծիք հայտնի ռեկտորի մասին: Վարչապետի հայտարարությունն իմ վրա ոչ մի պարտավորվածություն չի դնում: Եվ ես չեմ կարծում, որ վարչապետը հրահանգ ա տվել, էլի, իր կարծիքն ա հայտնել ուղղակի»,- արձագանքեց Գոգյանը:

Զրուցեցինք նաեւ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամ եւ քարտուղար Արթուր Իսրայելյանի հետ: Նա էլ տեղյակ չէր․ «Ճիշտն ասած՝ օրակարգը կազմում եմ ես, բոլոր անդամներին ուղարկում եմ ես, ես նման բան չեմ կազմել: Դուք որտեղի՞ց գիտեք մայիսն ու 13 թիվը»: Տեղեկություն կա, որ մայիսի 16-ին ընդառաջ ուզում են նիստ անել, որ մեկ օր շուտ Սիմոնյանը հեռացած լինի ԵՊՀ-ից:

- Դա ո՞ւմ կարծիքն ա, ո՞վ ա նման բան որոշել, չեմ հասկանում՝ ինչ եք ասում: Նման բան հիմիկվա դրությամբ չկա: Քարտուղարը ես եմ, ես ուղարկում եմ բոլոր անդամներին, այսինքն՝ խորհուրդը նման բան չի քննարկել դեռեւս:

- Տեսականորեն հնարավո՞ր է, որ մեկ անգամ տապալված, օրակարգ չմտած հարցը երկրորդ անգամ նորից մտնի օրակարգ:

- Կարծում եմ՝ չէ: Այդ մասին բազմիցս ասել է նաեւ հոգաբարձուների խորհրդի նախագահը, որ նման հարց հաջորդ նիստին չի լինելու:

- Բայց Նիկոլ Փաշինյանի հայտնի հայտարարությունը հենց Արամ Սիմոնյանին էր ուղղված, որ մեկ շաբաթ ուշ, մեկ շաբաթ շուտ՝ պիտի հեռանա:

- Կարծում եմ՝ վարչապետի հայտարարությունն ուղղված չէր կոնկրետ Արամ Սիմոնյանին, այլ ուղղված էր բոլոր ռեկտորներին:

- Այդուհանդերձ, սա կարո՞ղ է որպես քաղաքական հրահանգ ընկալվել ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կողմից եւ նշանակություն ունենալ:

- Ես տարբեր կերպ եմ հասկանում, թույլ տվեք էդ հարցին չպատասխանել:

- Նոր իշխանությունները կարծես ամեն գնով ուզում են ԵՊՀ 100-ամյակն առանց Արամ Սիմոնյանի նշել:

- Կապրենք՝ կտեսնենք, էլի:

- Ձեր դիրքորոշումն ինչպիսի՞ն է այս հարցում:

- Համալսարանականի դիրքորոշում:

- Ո՞րն է դա, տարբեր թեւերի են բաժանված այսօր համալսարանականները:

- Չեմ կարծում, թե իսկական համալսարանականը մի քանի թեւի բաժանված լինի:

- Իսկ ինչպիսի՞ն պետք է լինի իսկական համալսարանականը, պետք է կողմ լինի, որ Արամ Սիմոնյանը մնա, եւ նրա ղեկավարությա՞մբ նշվի ԵՊՀ 100-ամյակը, թե՞ ոչ:

- Իսկական համալսարանականը պետք է տեսնի համալսարանը զարգացած, ծաղկած եւ առաջատար բուհ:

- Արամ Սիմոնյանի՞ առաջնորդությամբ, թե՞ առանց նրա:

- Դուք հա փորձում եք ինձնից ինչ-որ բան... դա իմ կարծիքն ա, ես իմ կարծիքն Արամ Սիմոնյանի հանդեպ վաղուց արտահայտել եմ եւ հիմա նորից երկրորդ, երրորդ անգամ չեմ ուզում անդրադառնալ դրան: