Նարեկ Սարգսյանը գործուն դերակատարում ունի քաղաքաշինության ոլորտում

Նարեկ Սարգսյանը գործուն դերակատարում ունի քաղաքաշինության ոլորտում
Նարեկ Սարգսյան

Դեռ ամիսներ առաջ՝ իր նշանակումից անմիջապես հետո, Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը հայտարարեց, որ Երեւանում այլեւս ոչ մի հուշարձան չի քանդվելու՝ գլխավորապես նկատի ունենալով Արամի 23-ի պատմամշակութային հուշարձանը։ Բայց անցան ամիսներ, եւ հուշարձանն արդեն ինքնիրեն քանդվեց։ 

«Փարիզ Էսթ» համալսարանի քաղաքաշինության դոկտոր Մարիամ Խաչատրյանն ասում է, որ ինքն այն ժամանակ էլ չի հավատացել Արթուր Մեսչյանի խոսքերին, որովհետեւ․ «Շատ կատեգորիկ ասեց, առանց բացատրելու, թե ինչու, այդ ինչ է անելու, որ դա չլինի։ Միայն հավելեց, թե ես այդպես ասեցի, դրա համար այդպես պետք է լինի, ինչ-որ ներվային ջիղ կար մեջը, ու դա ինձ ընդհանրապես հավատ չներշնչեց, հատկապես որ դրանից հետո ոչ մի քայլ չարվեց՝ հանձնարարականներն էլ չտվեցին, որովհետեւ 2-րդ օրը պետք էր արդեն այդ ամրացումներն անեին, բայց դա ո՛չ 2-րդ օրն արվեց, ո՛չ 3-րդ։ Բացի դրանից, երբ սկսել էին փորել, այդ մնացած շենքերն էլ պետք է ամրացնեին, որովհետեւ այդ շինարարության հետեւանքով այնպես արվեց, որ էլ ավելի խոցելի դարձան այդ հուշարձան-շենքերը ու սկսեցին փլվել։ Միայն պատի փլվելուց հետո Մեսչյանն ասում է, որ կխոսի Լեւոն Վարդանյանի հետ, որ ապահովեն այդ շենքերի ամրացումը, բայց դա մինչեւ այդ պետք է արվեր։ «Հին Երեւանը» նախագծելիս իրենք չէին նախատեսել այդ շենքերը նույն տեղում պահել, որն աբսուրդ է․ եթե այդ շենքը կա, ինչո՞ւ չես նախատեսել, պարադոքսալ վիճակ է, ու ստացվում է, որ այդ «Հին Երեւանն» ուղղակի դեկորացիա է լինելու ու վերջ»։ 

Նա նկատում է, որ այն, ինչ կատարվեց, մանիպուլյացիա էր, Մեսչյանն ակամայից իր հայտարարությամբ փափուկ բարձ դրեց բոլորի գլխի տակ՝ ասելով, որ ոչ մի հուշարձան չի քանդվելու․ «Քանի որ թավշյա հեղափոխություն էր եղել, բոլորը հավատացին այդ խոսքերին, հետո վերցրեցին այնքան փորեցին հողը՝ առանց այդ ամրացումն անելու՝ ինչ-որ աբսուրդ բան ուղարկեցին մշակույթի նախարարություն, որտեղից ասեցին, որ այն չի համապատասխանում նորմերին։ Ու մինչեւ այդ նամակները գնացին եկան, շինարարությունը տեղում շարունակվեց, ու պատն էլ փլվեց։ Գրեթե նույն իրավիճակն է, ինչպես նախկինում, ուղղակի հիմա գործելակերպն է մի քիչ փոխվել, բայց մեխանիզմը նույնն է, եւ եթե իրականության մեջ չպաշտպանվի ոչ մի շենք, բոլոր շենքերը կգնան»։ 

Խաչատրյանը կարծում է, որ ճիշտ կլինի հուշարձանն ամրացնել իր տեղում․ «Նախագիծն անելուց այդ բոլոր պատմամշակութային հուշարձանները չպետք է մտնեին ընդհանուր տարածքի մեջ, ավելին՝ պետք է պայման դնեին, որ, ասենք, հուշարձան-շենքի ներքեւի հարկը պետք է վերակառուցեք, եւ տային «Փոքրիկ երգիչներին», մյուս շենքի առաջին հարկը վերակառուցեին եւ տային այս կամ այն թանգարանին»։           

Խաչատրյանը պատահական չի համարում նաեւ այն հանգամանքը, որ իր առաջին ասուլիսի ժամանակ Մեսչյանը խոսեց եւ պաշտպանեց Նարեկ Սարգսյանին․ «Երբ Նարեկ Սարգսյանը գլխավոր ճարտարապետն էր, Արթուր Մեսչյանը Սամվել Դանիելյանի եւ նրա եղբայրների հետ մի արվեստանոցում էր աշխատում, իսկ Դանիելյան Սամվելը, երբ գլխավոր ճարատարապետ էր, Նարեկ Սարգսյանի բոլոր ծրագրերն էր իրականացնում։ Նարեկ Սարգսյանն այդքան ապականեց քաղաքը, բայց նրա մասին ոչ մի բան չասեց Մեսչյանը։ Նշանակվելով գլխավոր ճարտարապետ՝ արդեն այդ ժամանակ պարզ էր, որ շարունակելու են այն, ինչ եղել է մինչեւ թավշյա հեղափոխությունը։ Նույնն էլ՝ քաղաքաշինության կոմիտեն, որի նախագահ Ավետիք Էլոյանի հայրը նույնպես ճարտարապետ էր ու աշխատում էր Նարեկ Սարգսյանի արվեստանոցում։ Այսինքն՝ բոլորը նույն թիմի մեջ են»։ 
 

Նարեկ Սարգսյանն այլեւս պաշտոն չունի, եւ նրա դերակատարումն այդ առումով մի քիչ չափազանցված չէ՞ այսօր։ Խաչատրյանն ասաց․ «Նարեկ Սարգսյանն օրումեջ հաճախում է քաղաքաշինության կոմիտե եւ հետեւում է, որ նորմալ ձեւով այդ ծրագրերն իրականացվեն, նույնն էլ՝ մշակույթի նախկին փոխնախարար Արեւ Սամուելյանը, որը նույնպես պարբերաբար քաղշին է հաճախում, ում օրոք քանդվեցին պատմամշակութային հուշարձանների մի քանի շենքեր։ Ու երբ Էլոյանը նշանակվեց, Նարեկ Սարգսյանն ասեց՝ հիմա ես հանգիստ եմ, որ քաղաքաշինական ծրագրերը կընթանան այնպես, ինչպես որ ընթացել են։ Նարեկ Սարգսյանն առաջ էլ, այսօր էլ գործուն դերակատարում ունի քաղաքաշինության ոլորտում, գլխավոր ճարտարապետը լիներ Սամվել Դանիելյանը, թե Տիգրան Բարսեղյանը»։  

Եթե պատմամշակութային շենքերը պետք է շարունակվեն ավիրվել, ուրեմն ոչ մի բան չի փոխվել մեր երկրում, ավելին՝ Սահմանադրության խախտում է տեղի ունենում։ Մարիամ Խաչատրյանն ընդգծում է․ «Սահմանադրության համաձայն, պետությունը պետք է ապահովի ժողովրդի շարունակականությունը տվյալ հողի վրա, իսկ դա նշանակում է, որ ժառանգությունը ոչ մի ձեւով չպետք է ավիրի, իսկ այսօրվա դրությամբ մշակույթի նախարարությունն ուզում են փակել, իսկ պատմամշակութային մասը միացնում են քաղաքաշինության կոմիտեին, ինչի՞ համար. որ առանց որեւէ խնդրի արագ ստորագրեն ու բոլոր հուշարձաններն ավիրե՞ն, ու ոչ մի մարդ դրա մասին չիմանա՞: Դա վտանգավոր միտում է, ավելի լավ է քաղաքաշինության կոմիտեն փակեն, որն ամեն ինչ ուզում է անել, բացի օրենք ու նորմ գրելուց, այդ դրույթները թող որոշ չափով տան մշակույթի նախարարությանը, մնացած նախարարությունների մեջ թող բաշխեն, ապակենտրոնացումը կզարգանա, ու մարզպետն էլ կիմանա, թե իր մարզում ինչ են անում, ոչ թե Երեւանի քաղաքաշինության կոմիտեն իրեն մատնանշի, թե իր՝ Լոռու մարզում ինչ պետք է անի։ Դա աբսուրդ է»։