Երկու «Շրջանների միջև»

Երկու «Շրջանների միջև»

Մարտիրոս Սարյանի թանգարանում բացվել է գեղանկարիչ Ֆելիքս Եղիազարյանի «Շրջանների միջեւ» չցուցադրված գործերի ցուցահանդեսը։ 

Ցուցահանդեսի համադրող Արամազդ Գալաջյանն ասում է, որ  գաղափարը հղացել են դեռ անցած տարի՝ ցանկանալով ցուցադրել Ֆելիքս Եղիազարյանի վերջին շրջանի չցուցադրված գործերը՝ նրա մահվանից 4 տարի անց։ «Ցուցահանդեսի վերնագիրն է՝ «Դատարկ շրջանների միջեւ», մի շարք կա՝ «Շրջան զրո», որ իր վերջին շրջանի գործերն են, եւ «Շրջան մեկ», որ իր կենդանության ժամանակ արված եւ ցուցադրված գործերն են։ Դու կարծես գտնվում ես այդ երկու շրջանների միջեւ, զգում ես այդ դադարը»,- ասում է համադրողն ու հավելում, որ ցուցահանդեսն իրականություն է դարձել նկարչի ընկերների, բարեկամների եւ ընտանիքի անմիջական ջանքերի շնորհիվ։  

Ինքը՝ Արամազդ Գալաջյանը, նկարիչ Ֆելիքս Եղիազարյանի հետ «ծանոթացել» է նրա գրքի միջոցով՝ մահվանից հետո․ «Երբ տեսա նրա գործերը, առաջին հայացքից սիրահարվեցի դրանց, իսկ երբ տեսա վերջին շրջանի գործերը, հասկացա, որ դրանք ուղղակի արտացոլում են թեմաներ, որ ինքը տարբեր մակարդակներում տարիներ առաջ անընդհատ դրանց անդրադարձել է․ դա սեռական թեման է, հոգեւոր, միության եւ բաժանության թեման։ Այդ թեմաներին նա հավատարիմ ձեւով վերադառնում է երբեմն 10 տարվա կտրվածքով»։  

Համադրելով ցուցահանդեսը՝ Արամազդ Գալաջյանը գործերն ընտրել է տարբեր մարդկանց հետ զրուցելով։ Ասում է՝ սա իր առաջին ցուցահանդեսն է, որտեղ հանդես է գալիս որպես համադրող։ «Ընտրվել են գործեր՝ իր թեմաների հետ կապված։ Վերջին շարքի գործերը, որ տեսնում եք, հիմնականում տրիպտիխի ձեւաչափի մեջ են, որոնց մեջ կան մահվան, կրոնական, հոգեւոր կյանքի փնտրտուքի թեմաներ, հիշողություն եւ սեռական զգացողություններ․ դրանք բոլորը բաժանված են տարբեր տրիպտիխներով»,- ասում է նա ու մատնանշում ցուցասրահում կախված նկարչի վերջին ինքնանկարներից մեկը, որն աղջիկը գտել է հոր արվեստանոցում՝ նրա մահից հետո։ 

«Ես լսել եմ իր ընկերների պատմությունները Ֆելիքսի մասին, պատմում են, որ նա սիրում էր ազատ տարածք տալ մարդուն եւ չվերնագրել իր նկարները, որպեսզի այդ մարդն ինքը մեկնաբանի դրանց իմաստը։ Այդ պահն է, որ խորհրդավոր իմաստ է ստեղծում նայողի եւ օբյեկտի միջեւ։ Ես նույնպես ուզում էի ստեղծել այդ առիթը, որ մարդիկ, կանգնելով այս շրջանների միջեւ, առնեն այդ դադարն ու հնարավորություն ունենան իրենց մեկնաբանությունով իմաստ ստեղծել»։  

Ֆելիքս Եղիազարյանի գործերի դիտումն ու քննարկումն ուղեկցվեցին նաեւ դաշնակահար Վահագն Հայրապետյանի կատարումներով։ 

ՀՀ վաստակավոր նկարիչ Ֆելիքս Եղիազարյանի աշխատանքները գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Մոսկվայի գեղարվեստի ֆոնդում, Արեւելքի թանգարանում եւ մի շարք մասնավոր հավաքածուներում, այդ թվում՝ Մարգարետ Թետչերի, կարդինալ Էդչգերիայի հավաքածուներում: