Ամուլսարի ճակատամարտն առջևում է

Ամուլսարի ճակատամարտն առջևում է
Ամուլսար

Ամուլսարի գործով զարգացումները դեռ առջեւում են։ Մինչեւ սեպտեմբերի 4-ը շրջակա միջավայրի նախարարությունը որոշում կկայացնի արդյոք Ամուլսարի շահագործման դեպքում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման նոր փորձաքննություն իրականացնելու անհրաժեշտություն կա՞, թե՞ ոչ: Բայց իշխանության տեսակետն արդեն հասկացվում է, երեկ էլ իմքայլական պատգամավորներից ոմանք տեսակետ հայտնեցին, թե նոր փորձաքննության անհրաժեշտություն չկա, ու հանքի շահագործումը պետք է շարունակվի։ Տեղեկություններ կան, որ իշխանությունը պատրաստվում է մոտ օրերս օպերացիա իրականացնել Ամուլսարում եւ բացել հանքի ճանապարհը։ Այդ նպատակով արդեն Ջերմուկ են տարվել 3 հազարի չափ ոստիկան, որոնք բերվել են մյուս մարզերից ու քաղաքներից։

Մոտ օրերս անցնելու են հարձակման՝ «ազատագրելու» Ամուլսարը հերթապահություն իրականացնող ակտիվիստներից։ Թե ինչու են մեծաթիվ ուժեր կենտրոնացրել Ջերմուկում, երեկ ոստիկանությունից հայտնեցին, որ կպատասխանեն գրավոր հարցման համար նախատեսված ժամանակահատվածում, իսկ սպասվող օպերացիայի մասին հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակիցը հայտնեց, որ «մտացածին լուրերին» չի անդրադառնում։ Ի դեպ, անցած շաբաթ ոստիկանությունից լրատվամիջոցների հարցումներին ի պատասխան հայտնել էին, թե Ջերմուկում ուժեղացված ծառայություն իրականացնելու որոշումը պայմանավորված է նրանով, որ «հանգստյան շրջան է, բացի այդ՝ կանեփ-կակաչ միջոցառում է իրականացվում»։

Շարունակո՞ւմ եք պնդել, որ «կանեփ-կակաչ ծրագրի» համար եք նաեւ հսկողությունն ուժեղացնում։ «Այս օրերին հանրապետության ողջ տարածքում կանեփ-կակաչ օպերացիա է իրականացվում։ Այսքանը»։
Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանն էլ խուսափեց մեզ հետ զրուցել, ասաց միայն «տետ ա տետ»։ Խոսեցինք Գնդեվազի վարչական ղեկավար Հայրապետ Մկրտչյանի հետ։ Նա արձակուրդում է, առողջական հարցերով Երեւանում է գտնվում, բայց ասաց՝ կապի մեջ է, տիրապետում է իրավիճակին․ «Ես կարող եմ ասել, որ չկա հրահանգ, որպեսզի հանքի ճանապարհը բացեն, որ հանքի աշխատողները ներս մտնեն։ Գոնե ես այդպես գիտեմ»։

Նիկոլ Փաշինյանն անցած շաբաթ Ջերմուկ այցի ընթացքում հայտնեց, որ տեսակապով շաբաթ օրը խոսելու է փորձաքննություն իրականացրած ԷԼԱՐԴ ընկերության աշխատակիցների հետ՝ ռիսկերի հետ կապված մանրամասն պարզաբանումներ պահանջելու։ Մկրտչյանն ասաց, որ իրեն հայտնի չէ, թե ինչ են խոսել վարչապետն ու փորձագետները, խոսե՞լ են, թե՞ նոր պետք է խոսեն։ «Եթե հանքի շահագործումն օրինական է, ու կարելի է շահագործվի, կառավարությունը կորոշի՝ շահագործի, թե չշահագործի, եթե վնասակար է, ապա հաստատ չի շահագործի։ Սա է իմ դիրքորոշումը, ամեն ինչ պետք է լինի օրենքի սահմաններում»։ Ջերմուկին միավորված վարչական շրջանի ղեկավարին հիշեցրինք, որ գնդեվազցիները չեն վստահում որեւէ փորձաքննության արդյունքների ու դրա համար են մոտ մեկ ամիս փակել հանքը տանող ճանապարհը, ինքը վստահո՞ւմ է։ «Տո, ես հիմա ոչ մեկին չեմ վստահում»,- պատասխանեց  համայնքի ղեկավարը՝ այդպես էլ չբացատրելով, թե իր տեսակետը որ «օրենքի» սահմաններում է տեղավորվում։  

Զրույցից տպավորություն ստացանք, որ Մկրտչյանը կաշկանդված էր խոսելիս, մե՛կ մի բան էր ասում, հաջորդ պահին՝ հակասում իր նախորդ մտքին․ «Մենք միշտ ուղղորդվել ենք «Լիդիանի» եւ կառավարության փաստաթղթերի վրա, եթե եղել է դրական, աշխատանքներ են տարվել, եթե հիմա պարզվի, որ դրական չէ, ու կան վտանգներ, ուրեմն  թող չշահագործեն»։ Այս օրերին Ձեր համայնքի ներկայացուցիչները խոսեցին վտանգների մասին, Ջերմուկում վարչապետ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում էլ տեղեկացրին, որ չնայած իրականացված աշխատանքների արդյունքում արդեն իսկ աղբյուրներն աղտոտվել են, իրենց կովերը ջուր չեն խմում։ «Ես երկու հատ կով ունեմ, դաշտից որ հետ են եկել, նրանք ծարավ չեն եղել, չգիտեմ՝ ջուր խմել են դաշտում, թե չեն խմել։ Էդ աղբյուրները որ կան, դրանց չեն կպել, ու անասուններն էլ ջուրը խմել են, ես չգիտեմ՝ ով է նման բան ասել»։

Երեկ համացանցում կարծիքներ էին հնչում, որ այս մեկամյա պարապուրդը եւ իշխանության կողմից որեւէ որոշում չկայացնելը փակուղի են մտցրել հարցը՝ մեծ վնասներ պատճառելով «Լիդիանին», ակտիվիստներին ներշնչելով, որ իրենց պահանջը կատարվելու է, եւ խորացնելով կողմերի միջեւ թշնամությունը։ Այսինքն, ցանկացած որոշում՝ դրական կամ բացասական, ավելի նախընտրելի էր, քան այս անորոշությունն ու որոշում կայացնելուց խուսափելը, որը նախընտրեց Նիկոլ Փաշինյանը։