Փաշինյանը «ղալաթ» կանի, թե կպատժի Թորոսյանին

Փաշինյանը «ղալաթ» կանի, թե կպատժի Թորոսյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանից հետ չի մնում «կոռուպցիայի դեմ պայքարում»։ Վարչապետ, ով սիրում է կրկնել՝ Հայաստանում կոռուպցիա չկա, որ ամեն ինչ արվելու է այդ չարիքը երկրից արմատախիլ անելու համար, եւ որ ինքը որեւէ պարագայում կոռուպցիոներների հետ համագործակցության չի գնալու։ ՀՀ կառավարության օգոստոսի 13-ի նիստում նա նույնիսկ հայտարարել է․ «Էն ժամանակ ասում էին՝ կառավարությունը կոռումպացված է․ բոլորը տանում են, մենք էլ ենք տանում։ Հիմա էլ ղալաթ կանի մեկը, որ կասի՝ կառավարությունը կոռումպացված է․․․»։

Այս հայտարարությունից օրեր անց լուրեր տարածվեցին, թե ծայրաստիճան լարվել են վարչապետ Փաշինյանի եւ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հարաբերությունները, որ Արսեն Թորոսյանը վիրավորել է Նիկոլ Փաշինյանին, որն ԱԱԾ-ին հանձնարարություն է իջեցրել՝ լրջորեն զբաղվել Թորոսյանով ու կոռուպցիոն տարրեր «պեղել» նրա գործունեության մեջ։
Վստահ կարելի է ասել, որ Արսեն Թորոսյանն էլ, շատ ղեկավարների նման, զերծ չէ մարդկային թուլություններից ու գայթակղություններից, ասել է թե՝ սուրբ չէ։ Բայց քանի որ Նիկոլ Փաշինյանն ասել է՝ ղալաթ կանի մեկը, որ կասի՝ կառավարությունը կոռումպացված է, մի տեսակ հուսալի վահան է դարձել օրենսդիր, գործադիր ու տարածքային կառավարման մարմինների ներկայացուցիչների համար։ Դարձել է ամուր տանիք, որի ներքո կոռուպցիան, օրինակ, պարգեւավճարների տեսք է ստացել, ձախողվել է կորոնավիրուսի դեմ պայքարը, ու մսխվել են դրա կանխարգելմանն ուղղված միջոցները․․․

Եվ եթե հիմա ոստիկանությունը, դատախազությունը կամ որեւէ իրավապահ կառույց, ենթադրենք, հայտարարի, որ Արսեն Թորոսյանը կոռուպցիոն հանցագործություն է կատարել, ապա, ըստ Նիկոլ Փաշինյանի, ղալաթ կանի։ Նույնիսկ ղալաթ կանի, եթե փաստերով ապացուցի ու գործը հասցնի դատարան։ Ու սա՝ ոչ միայն Արսեն Թորոսյանի, այլեւ բոլոր «քայլոների» դեպքում։
Այսպես է լինում, երբ երկրի ղեկավարը գերի է դառնում իր իսկ պոռթկումներին։ Այսպես եղավ նաեւ փետրվարին, երբ, առանց մտածելու, քովիդը «շան տեղ դրեց» ու դրա կարեւորությունը ծանակեց այն ժամանակ, երբ չարիքն արդեն Հայաստանում էր։ Ճիշտ է՝ դրանից հետո երկար ժամանակ փորձում էր արդարանալ, բայց՝ իզուր․ խոսքը նետի պես արձակված էր։ ՀՀ վարչապետն իր խոսքի գերին էր դարձել։ 

Այդուհանդերձ, ղալաթ կանի նա, ով կասի, թե կառավարությունը, այդ թվում առանցքային նախարարներից Արսեն Թորոսյանը, կոռումպացված է։ Նույնիսկ ղալաթ կանեն նրանք, ովքեր անհամբեր կսպասեն Թորոսյանի կամ «թավշյա» մեկ այլ պաշտոնյայի պատժին։ Նախորդ իշխանության «մաստեր կլասն» այս իմաստով զուր չի անցել։