Արդյոք Ռոբերտ  Քոչարյանին ազատ արձակելու որոշումը Սերժ Սարգսյանը չի՞ տվել

Արդյոք Ռոբերտ  Քոչարյանին ազատ արձակելու որոշումը Սերժ Սարգսյանը չի՞ տվել

Փաստաբան Նորայր Նորիկյանը անցած մեկ տարվա ընթացքում պարբերաբար ահազանգում է դատաիրավական համակարգում, ոստիկանությունում եւ քննչական մարմիններում իրականացվելիք անհրաժեշտ բարեփոխումների մասին։ 
Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ քաղաքացիներին ուղղված կոչը, որից հետո շրջափակվեցին Երեւանի մի շարք դատարանների շենքերը, կարճաժամկետ արդյունք տվեց։ Իսկ Փաշինյանի ելույթը դատաիրավական համակարգի բարեփոխումների մասին որոշակի իրարանցում է առաջացրել առաջին հերթին դատավորների շրջանում։
Նորայր Նորիկյանը Հայաստանի վարչապետի ելույթում ուշագրավ է համարում նրա՝ վեթթինգի մասին հայտարարությունը։

««Վեթթինգ» նշանակում է «Զտման մասին» օրենք, որը պետք է ընդունի ԱԺ-ն։ Իսկ դա հրատապ է։ Երբ ես իրեն կոչ եմ անում իրականացնել բարեփոխումներ դատաիրավական համակարգում, ապա այդ կոչի ներքո ես տեսնում եմ ՀՀ սահմանադրության, միջազգային պայմանագրերի, ստորագրած կոմվենցիաների համատեքստում իրականացվող գործողություններ, որոնք պետք է ենթադրեն իսկապես անկախ, անաչառ դատարանի ձեւավորումը։ Եթե Դուք ուսումնասիրեք մեր Ազգային անվտանգության ռազմավարությունը, ապա դատական համակարգի նկատմամբ հանրության վստահության պակասը դիտարկվում է որպես ազգային անվտանգության ներքին մարտահրավեր։ Իսկ սա լուրջ սպառնալիք է, դատական իշխանության նկատմամբ՝ վստահության ճգնաժամ։ Ես պնդում եմ, որ ՀՀ դատական իշխանության նկատմամբ առկա է հանրային վստահության ճգնաժամ, այդ ճգնաժամը չի հաղթահարվում։ Այդ ճգնաժամը հաղթահարելու ուղիներից են  դատական իշխանության մեջ արմատական փոփոխությունները, բայց դրանք պետք է իրականացվեն բացառապես իրավական գործընթացներով եւ գործիքակազմի ներդրմամբ»,- նշեց փաստաբանը։

Դատարանների ելքերն ու մուտքերը փակելու նախաձեռնության մասին Նորայր Նորիկյանը հիշեցնում է հայտնի ասույթը՝ «Պլատոնը բարեկամս է, բայց ճշմարտությունն ավելի թանկ է»։ Փաստաբանը կարծում է, որ եթե ինքը լիներ Փաշինյանի տեղը, բանը չէր հասցնի դատարանների ելքերն ու մուտքերը փակելուն։ Նա հիշեցնում է, որ վարչապետն ունի լեգիտիմ մանդատ՝ խոսելու ժողովրդի անունից, եւ ժողովրդի ուժը ցուցադրելու հավելյալ անհրաժեշտություն չկա։ 
Ի՞նչ է առաջարկում փաստաբանը․ «Լավ կլիներ հրավիրել Անվտանգության խորհրդի նիստ, լավ կլիներ, որ այդ նիստում վարչապետը ներկայացներ իր պատկերացումները դատական իշխանության եւ ընդհանրապես այդ համակարգի ռիսկերը, վտանգներն ու մարտահրավերները, այն խոչընդոտները, որոնք առկա են կոռուպցիայի դեմ պայքարում։ Անվտանգության խորհուրդը թող հատուկ ուղերձ հղեր ժողովրդին։ Այդ դեպքում խոսքի կշիռն էլ ծանր կլինի, ասելիքն էլ՝ լուրջ։ Ես կարծում եմ, որ լուրջ անելիք ունի նաեւ ԱԺ-ն, օրենսդրական գործունեությամբ պետք է ստեղծի այն իրավական գործիքները, որոնք հնարավորություն կտան ձեւավորելու իսկապես արդար դատական համակարգ»։ 

Նորայր Նորիկյանը հետահայաց անդրադարձ է կատարում դատական համակարգում ստեղծված ճգնաժամին։ 

«Օրեր առաջ, երբ մամուլում լուր տարածվեց, որ Բակո Սահակյանը եւ Արկադի Ղուկասյանը պատրաստվում են երաշխավորություն ներկայացնել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար, դիմում է մուտք արվել դատարան, ես հրապարակավ հայտարարեցի, որ դա կոպիտ եւ սխալ հաշվարկ էր, որը պայթյուն է առաջացնելու։ Չէր կարելի այսպիսի ծանր եւ անհարմար իրավիճակի մեջ դնել Հայաստանի եւ Արցախի ղեկավարությանը, չէր կարելի Արցախի իսթաբլիշմենթին ներքաշել այդ ամենի մեջ եւ քաղաքական միջամտություն ցուցաբերել «Մարտի 1»-ի գործով։ Եթե անգամ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը միայն սպիտակ թուղթ բերեին դատարան, միայն նրանց՝ դատարան ներկայանալն էլ բավական էր նման պայթյուն առաջացնելու համար»,- ասաց փաստաբանը։

Միաժամանակ փաստաբանը տարակուսում է՝ արդյոք  Ռոբերտ Քոչարյանի կալանքը որպես խափանման միջոց փոխելու մասին դատարանի որոշման հիմքում չե՞ն երեւում նախկին իշխանության ականջները, արդյոք դա միջամտությո՞ւն չէր դատական իշխանության գործունեությանը։

 «Արդյոք Սերժ Սարգսյանը տեղյա՞կ չէր Բակո Սահակյանի եւ Արկադի Ղուկասյանի մտադրությանը՝ հաշվի առնելով, որ այդ օրերին ինքը գտնվում էր Արցախում։ Արդյոք Ռոբերտ  Քոչարյանին ազատ արձակելու որոշումը Սերժ Սարգսյանը չի՞ տվել»,- հարցնում է փաստաբանը։