Ապրիլի 24-ը Փաշինյանի աչքերով՝ 4 տարի առաջ եւ հիմա

Ապրիլի 24-ը Փաշինյանի աչքերով՝ 4 տարի առաջ եւ հիմա

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ «Հրապարակ»-ը ՀՀ կառավարությունից հետաքրքրվեց, թե պետական մակարդակով ի՞նչ միջոցառումներ են լինելու եւ ՀՀ վարչապետը մասնակցելո՞ւ է դրանց։ Կառավարությունից մեզ փոխանցեցին, որ որեւէ հատուկ կազմակերպված միջոցառում չի լինելու։ Ամեն տարվա նման պետական արարողակարգը կկազմակերպի Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ-ական վերնախավի այցը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղիկներ կդնեն անմար կրակի մոտ եւ վերջ։ 

Իհարկե, այս իշխանությունից այլ բան սպասելն անմտություն կլիներ՝ հաշվի առնելով Հայոց Ցեղասպանության փաստի վերաբերյալ այս իշխանության մոտեցումները եւ վերջին հայտարարությունները։ Արհեստական հակադրություն ստեղծելով «իրական եւ պատմական» Հայաստանների միջեւ՝ Փաշինյանը փորձում է կասկածի տակ դնել կամ սրբագրել անգամ Հայոց ցեղասպանության իրողությունը։ Եւ եթե հնարավոր լիներ, անգամ ապրիլի 24-ին հուշահամալիր չէր այցելի, որ չզայրացներ իր «կիրթ» գործընկերոջը:

Նիկոլ Փաշինյանը, հիշեցնենք, կարծում է, որ պետք է դեռ հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել դարասկզբին եւ ով է Հայոց ցեղասպանություն տերմինը դրել շրջանառությա մեջ։ «Մենք Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, պետք է հասկանանք, լավ՝ ի՞նչ է տեղի ունեցել և ինչո՞ւ է տեղի ունեցել, և ինչպե՞ս ենք մենք դա ընկալել, ո՞ւմ միջոցով ենք ընկալել, ո՞նց է, որ 1939 թվին Հայոց ցեղասպանության օրակարգ չի եղել, և ո՞նց է որ1950-ին Հայոց ցեղասպանության օրակարգ հայտնվել է: Սա մենք պե՞տք է հասկանանք, թե՞ չպետք է հասկանանք», - հայտարարել էր Փաշինյանը։ 

Ընդդիմախոսները Փաշինյանին մեղադրում են՝ թուրքական օրակարգ սպասարկելու մեջ եւ Հայոց ցեղասպանության միջազգայնացման խնդրից հրաժարվելու համար: Սակայն եթե այսօր Փաշինյանը փորձում է հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել 1915 թվականին և ինչու, ապա ուղիղ 4 տարի առաջ` ապրիլի 24-ի իր ուղերձում Նիկոլ Փաշինյանն այդ հարցի պատասխանը հստակ ուներ. 

«Ովքե՞ր էին այդ սարսափելի հանցագործությունների մեղավորները, ովքե՞ր էին դրա պատասխանատուները։ Պատասխանը միանշանակ է՝ Օսմանյան կայսրության երիտթուրքական կառավարությունը՝ թուրքիզմի և պանթյուրքիզմի գաղափարախոսությամբ, որի առանցքային նպատակներից էր մոնոէթնիկ և ծավալապաշտական Թուրքիայի ստեղծումը, ինչն իր հերթին ծնել էր հայատյացության և ազգային ու կրոնական փոքրամասնություններից ազատվելու գաղափարը»,- հայտարարել էր նա 2021 թվականին։ 

1.5 միլիոն զոհերին ցուցակագրելու անհրաժեշտության մասին էր խոսել նաեւ ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։ Ցեղասպանագետները սա եւս համարում են թուրքական թեզ, ընդ որում՝ խիստ վտանգավոր։ Պատահական չէ, որ ընդդիմությունը իշխանությանը մեղադրում է պրոթուրքական լինելու մեջ, իսկ Փաշինյանին համարում «Թուրքիայի եւ Ադրբեջանի դեսպանը Հայաստանում»։