Մեր երկիրը՝ Բարբադոսի հետ նույն ցուցակում․ սա՞ է Տաթևիկ Ռևազյանի կոնցեպցիան

Մեր երկիրը՝ Բարբադոսի հետ նույն ցուցակում․ սա՞ է Տաթևիկ Ռևազյանի կոնցեպցիան

Ավիացիոն ոլորտի մասնագետները մտահոգված են, թե ինչով է զբաղված Քաղավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթեւիկ Ռեւազյանը։ Մասնավորապես, «ԱրմԷյր նախաձեռնող թիմն» օրերս նամակ է ուղղել վարչապետի խորհրդական, նախկին օդաչու Հակոբ Ճաղարյանին, որում իր մտահոգությունն է հայտնում Ռեւազյանի վերջին ուղեւորությունների վերաբերյալ։ Նախաձեռնող թիմն ունի շուրջ 28 անդամ, որոնց ոլորտային միջին փորձը 17 տարի է։ Մեր ձեռքի տակ է հայտնվել այդ նամակը, որն ամբողջությամբ ներկայացնում ենք։ «Հարգելի պրն Ճաղարյան, դիմում ենք Ձեզ «Արմէյր նախաձեռնող թիմի» անունից, իրականում՝ գրեթե ամբողջ ավիացիոն հանրության անունից՝ մեր վրդովմունքն արտահայտելու ՔԱԿ-ի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանի վերջին շրջանի գործուղումների վերաբերյալ, մասնավորապես՝ դրանց անհրաժեշտության, ՔԱԿ-ի նոր ընդունված կանոնադրությանը համապատասխանության, ՀՀ պետական բյուջեից կատարված ծախսերի եւ գործուղումներից հետո ներկայացված հաշվետվությունների մասին: Դեռեւս անցած տարվա կեսերին տիկին Ռեւազյանը համոզում էր հանրությանը, որ անպայման հունգարական Wiss Air low-coster-ը կբերի Հայաստան, մենք, բնական է, թերահավատ էինք, բայց մտածում էինք՝ նոր է նշանակված, թող փորձի եւ ինքը համոզվի, որ իրական չէ: 

Հետո ամռանն ուղեւորվեց Չինաստան՝ հանրությանը նախօրոք տեղեկացնելով, որ գնում է Ali-Baba Group-ին համոզի, որ գան բազավորվեն օդանավակայանի բեռնահամալիրում: Գնաց, վերադարձավ, եւ ոչ մի մեկնաբանություն չհետեւեց… Անցած տարվա դեկտեմբերի սկզբին Թուլուզից Airbus-ի ղեկավարներից զանգեցին, շփոթված հարցնում էին՝ ինչո՞ւ է ձեր երկրի ՔԱԿ-ի նախագահն ուզում մեզ այցելել... 

Դեկտեմբերի 3-4-ն այդ այցը կատարվեց: Հարց՝ ո՞րն էր նպատակը, եւ ո՞րը եղավ արդյունքը։ 2019 թվականի փետրվարին տիկին Ռեւազյանը մեզնից խնդրեց «Արմէյրի» բիզնես-տեսլականը՝ պատճառաբանելով, որ մեկնելու է Դուբլին, որ հանդիպի Ryanair-ի հետ, փորձելու է մեր թիմի հետ համագործակցության եզրեր գտնել: 

Մենք, իհարկե, շնորհակալությամբ տրամադրեցինք տեսլականը, բայց նաեւ նշեցինք, որ Ryanair-ը, նաեւ որեւէ այլ low-coster-ներ երբեք չեն համագործակցում այլ ավիաընկերությունների հետ՝ դա իրենց կոնցեպցիայից դուրս է: Ինչեւէ, այդ այցը կայացավ, վերադարձին մեր թիմին որեւէ արձագանք չեղավ, իսկ հանրությանը եթերով մատուցվեց այն տեղեկատվությունը (մեր թիմի մասնագետների կարծիքով՝ ոչ մասնագիտական ապատեղեկատվությունը), թե, իբր, Ryanair-ը 2020 թվականից պատրաստվում է թռչել Հայաստան: Նաեւ տիկին Ռեւազյանը Ryanair-ի օդանավի օդաչուների խցիկում իր աշխատողի հետ նկարվել է եւ այդ նկարը գցել facebook: Հարց՝ արդյոք դա ճի՞շտ է։ Տեղեկատվության համար ներկայացնեմ, որ մեր թիմի մեծամասնությունն աշխատել է ՔԱԳՎ վերջին 5 պետերի հետ եւ նման բան երբեւէ չի տեսել: 

Վերջերս՝ ապրիլի սկզբին, տիկին Ռեւազյանն ուղեւորվեց Հնդկաստան (մեզ հասած տեղեկատվությամբ՝ GoIndigo-ի հետ բանակցելու համար) եւ Սինգապուր: Հնդկական GoIndigo ավիաընկերության կոմերցիոն տնօրեն Վիլյամ Բոլթերի հետ անցած տարվա դեկտեմբերից կապի մեջ էինք, տիկին Ռեւազյանը դրա մասին տեղյակ էր, սակայն մեկնելուց առաջ մեզ հետ չհանդիպեց եւ տեղեկատվություն չցանկացավ ստանալ: Նշենք նաեւ, որ հիմա GoIndigo-ն պայմանավորվել է Turkish Airlines-ի հետ եւ արդեն իրականացրել է առաջին չվերթը:

Անցած տարվա մեջ տիկին Ռեւազյանի ուղեւորությունը դեպի Բրյուսել եւ այս նորը դեպի Սինգապուր (որտեղ տիկին Ռեւազյանի այցելած ռեստորանի նկարը՝ ՔԱԿ նախագահին ոչ հարիր ոչ ավիացիոն քոմենթներով, նույնպես տեղադրված է facebook-ի մեջ), մեր համեստ կարծիքով, նույնպես կարելի էր չեղարկել եւ բյուջեի գումարները չմսխել։ Ձեզնից ակնկալում ենք ստանալ սույն նամակի առաջին պարբերության մեջ արծարծված հարցերի պատասխանը: Կանխավ շնորհակալ ենք»,- ասված է նամակում։

Թեմայի առնչությամբ կապվեցինք «ԱրմԷյր նախաձեռնող թիմի» համակարգող Նավասարդ Խաչատրյանի հետ՝ հարցնելով, թե երբեւէ փորձե՞լ են Ռեւազյանի հետ հանդիպել եւ քննարկել այս խնդիրները։ «Իրականում, խոսելն իմ ցանկությամբ չէ, քանի որ դրա համար նախօրոք համաձայնեցնում են, այսինքն՝ այնպես չէ, որ կարող ենք զանգել եւ ինչ-որ թեմա քննարկել։ Վարչության պետի հետ մի քիչ դժվար է այդ ձեւաչափով խոսելը, պիտի հանդիպում լինի, ժամ ֆիքսվի խոսելու համար, թեման պետք է ասվի։ Նման զանգեր չեն եղել, բայց այն 2 կետը, որ ես նամակի մեջ նշել եմ, դրանք եղել են։ Իր հետ հանդիպում է եղել հունվարին, որի ժամանակ մեզ ասել է, որ պատրաստվում է ուղեւորվել Դուբլին, մենք էլ ասացինք, որ անիմաստ է, քանի որ 20 տարվա ավիացիոն ստաժ ունենք եւ շատ լավ գիտենք, թե ինչ բան է «low-coster»-ը, նրանք երբեք չեն համագործակցում որեւէ այլ ընկերության հետ, էլ ուր մնաց՝ մեզ հետ, երբ մեզ մոտ դեռ ընկերություն էլ չկա, ընդամենը նախաձեռնողների թիմ է։ Դրանից մի շաբաթ հետո, երբ դեռ չէր գնացել Ռեւազյանը, մեզ ասաց՝ ձեր բիզնես-տեսլականը կտաք, ես տանեմ, «Ryanair»-ի հետ փորձեմ ձեզ համար համագործակցություն բերել։

Ասացինք՝ սիրով կտանք, բայց նորից ասում ենք, որ դա իրատեսական չէ։ «low-coster»-ը ոչ մեկի հետ չի համաձայնեցնում իր գործունեությունը, այն շահույթ-վնաս չի հաշվում, այն ուղեւորաքանակի վրա է աշխատում, վաճառքի ծրագրեր են գործում։ Եթե, օրինակ, իրենց մոտ 100 տեղանոց օդանավ է եւ, ենթադրենք, Դյուսելդորֆից թռչում է Աթենք, ապա եթե 100 տեղն էլ լցվի, լավ է, եթե մի շաբաթ հետո իրենց վաճառքի համակարգը ցույց տվեց, որ, օրինակ, 80 տեղ է լցված, ապա, կոպիտ ասած, կարմիր լույսը սկսում է թարթել, այսինքն՝ իրենց համար այլեւս նպատակահարմար չէ այդ ուղղությունը հետագայում շահագործելը։ Այսինքն՝ իրականում, չցանկանալով վիրավորել «low-coster» ընկերություններին, բայց իրենք համարվում են «փուչիկ ընկերություններ»։ Իրենց վրա հաշվարկներ անելն անիմաստ է, դա նման է նրան, որ փուչիկ առնես եւ բերես տուն, այն վաղ թե ուշ պայթելու է, այսինքն՝ վստահելի բան չէ»։

Հարցրինք, թե որն է Ճաղարյանին նամակ ուղարկելու պատճառը, ինչ ակնկալիքներ կան վարչապետի խորհրդականից, եւ ինչ է պատասխանել նա իրենց։ «Ճաղարյանն ասաց․ «Այդ ի՞նչ հոգու ճիչ էիք գրել»։ Ասացի՝ բա ի՞նչ անենք, մի տարի է՝ այդպիսի թիմ ունենք, կարող ենք ավիափոխադրող ստեղծել եւ շահագործել, վաղուց մշակված լավ բիզնես-նախագիծ ունենք, ընդամենը առաջիկա 3 տարիներին կուզենայինք ունենալ պետության աջակցությունը, իհարկե՝ ոչ գումարային ձեւով, քանի որ միանշանակ գտնում ենք, որ ներկայումս հայկական ավիացիան քարուքանդ վիճակում է, բայց մեզ գեղեցիկ փաթեթավորմամբ մերժեցին փետրվարին։ 

Փոխարեն վարչության պետն իր գործն անի, որն ամրագրված է ՔԱԿ-ի նոր կանոնադրությամբ, անվտանգության նկատմամբ վերահսկողություն սահմանի, գնում է Դուբլին, պետության փողերը ծախսում, Դուբլինում նստում է «Ryanair»-ի օդաչուի կաբինան, սելֆի է անում ու գցում սոցցանցեր։ Վարչության շենքում մի պատ կա, որի վրա քաղավիացիայի վարչության բոլոր պետերի նկարներն են՝ սկսած 33 թվականից, ես չեմ պատկերացնում, որ Տաթեւիկ Ռեւազյանի նկարը նույնպես պետք է այնտեղ լինի։ Նույն բանը եղավ նաեւ Հնդկաստանի պարագայում, GoIndigo ավիաընկերության կոմերցիոն տնօրեն Վիլյամ Բոլթերի հետ մենք կապի մեջ էինք անցած տարվանից՝ նոյեմբերի վերջերից, այնտեղ որպես օդաչու է աշխատում մեր «Արմավիայի» օդաչուներից մեկը։ Իր միջոցով կապ հաստատեցինք Բոլթերի հետ, մեզ ասաց, որ շատ օդանավեր է բերել, եւ իրենց պետք է արագ ուղղություն գտնել, թե որտեղ թռչեն, այնպես որ՝ իրենց հետաքրքրում է։ Ասացինք, որ դեռ գրանցված չենք, բայց եթե պետք լինի, մեզ կաջակցե՞ն, ասաց՝ եկեք, մեզ հետ խոսեք։ Որոշվել էր, որ փետրվարի վերջ պիտի գային, մեկ էլ Տաթեւիկն ասաց, որ որոշել է գնալ Հնդկաստան՝ GoIndigo-ի հետ խոսելու։ Ասում եմ՝ բայց չէ՞ որ մենք արդեն խոսել ենք, գուցե ասե՞նք, թե ինչ ենք խոսել, Դուք էլ գնաք այդ հարցն արծարծեք։ Ո՛չ հանդիպում եղավ, ո՛չ էլ խոսակցություն, գնաց այնտեղ, թե ինչ խոսեց, ինչ հանդիպեց, հետ եկավ, բայց հետ գալուց հետո էլ արձագանք չեղավ»։ 

Այսինքն՝ ճի՞շտ ենք հասկանում, որ նամակում նաեւ Ռեւազյանի հրաժարականը պահանջելու երանգներ կան, Խաչատրյանն ասաց․ «Այո, ճիշտ եք հասկանում, կան նման երանգներ, եւ դա միայն իմ կարծիքը չէ»։

Նավասարդ Խաչատրյանը նաեւ խոսեց կառավարության ծրագրում քաղավիացիային վերաբերող հատվածի մասին՝ նշելով, որ փոխանակ ազգային ավիափոխադրող ստեղծվի, ավելի շատ մտածում են չվերթները շատացնելու մասին․ «Աշխարհում, ըստ Վիքիպեդիայի տվյալների, կա 190 ճանաչված պետություն, որոնցից ընդամենը 9-ը չունեն տեղական ավիափոխադրողներ, 9-ից 4-ը եվրոպական գաճաճ պետություններն են՝ Անդորրան, Վատիկանը, Լիխտենշտեյնը եւ Մոնակոն, բայց դրանք կարիք էլ չունեն ունենալու տեղական ավիափոխադրող, քանի որ Անդորրայի դեպքում ավիափոխադրումներն իրականացնում է «Iberia»-ն, Մոնակոյի պարագայում՝ «Air France»-ը, Լիխտենշտեյնի՝ «Lufthansa»-ն, իսկ Վատիկանի պարագայում՝ «Alitalia»-ն։ Բացի այս 4-ից, եւս 5 պետություններ չունեն տեղական փոխադրողներ՝ Միկրոնեզիան, Տուվալուն, Գվինեա Բիսաուն, Լիբերիան եւ Բարբադոսը։ Հիմա մեր երկիրը, որ հազարավոր տարիների պատմություն ունի, պիտի ընկնի նույն ցուցակում, որտեղ Բարբադո՞սն է, սա՞ է Տաթեւիկ Ռեւազյանի կոնցեպցիան»։