Մամուլին դեռ ոչ ոք չի հաղթել

Մամուլին դեռ ոչ ոք չի հաղթել

Խելացի մարդիկ չեն մարտնչում մամուլի ու ԶԼՄ-ների դեմ։ Դա նույնն է, որ քամուն հակառակ թքես կամ անձրեւից ու կարկուտից նեղվես։ Մամուլին պատերազմ հայտարարած ոչ մեկը դեռ պատմության ընթացքում չի շահել։ Ավելին՝ բոլորը պարտվել են, անգամ եթե դատարանում հաղթել են եւ ինչ-որ փոխհատուցում կորզել ԶԼՄ-ից։ Իսկ ոմանք անգամ խայտառակ ֆիասկոյի են ենթարկվել։

Երբ ժամանակին մեզ դատի տվեց Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը, ապա՝ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կինը, հետո՝ Արա Բաբլոյանը եւ այլ մանր ու մեծ չինովնիկներ, թվում էր՝ հայցվորներն ի՞նչ խնդիր ունեն․ դատական համակարգն իրենցն է, իրենք իշխանություն են՝ անգամ եթե արդեն «նախկին» են, իրենց թուրն աջ էլ է կտրում, ձախ էլ։ Բավական էր այդ հայցերից մի քանիսով մեր դեմ վճիռ կայացվեր, եւ ֆինանսական տուգանքներից մենք այլեւս չէինք կարողանա աչք բացել։ Բայց հետագայում պարզվեց, որ անգամ կամակատար դատական համակարգով հեշտ չէ լրատվամիջոցի դեմ հաղթանակ արձանագրելը։ Իսկ երբեմն էլ պարզվում է, որ այն պյուռոսյան հաղթանակ է, ավելի ստույգ՝ կործանման սկիզբ։

Եվ դա ամենից ակնհայտ երեւաց Սեյրան Օհանյանի դեպքում, երբ նրա կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի հայցը դատարանը մասնակիորեն բավարարեց, եւ տիկինն իր էջում հաղթական ստատուս գրեց այդ վճռի մասին։ Բայց «Հրապարակի» դեմ հայցադիմումով եւ այդ «հաղթական» հայցով սկսվեց Օհանյան ընտանիքի անկումն ու հեղինակազրկումը։ Կարճ ժամանակ անց Սեյրան Օհանյանը զրկվեց նախարարի աթոռից, ապա ընտրություններում պարտություն կրեց, իսկ այսօր արդեն մեղադրյալի աթոռին է։ Մենք չենք չարախնդում, անգամ կարեկցանքի զգացում ունենք բոլոր նախկինների նկատմամբ։ Բայց վստահ ենք, որ նրանց ճակատագրում որոշակի դեր է խաղացել նաեւ մամուլի դեմ ծավալված արշավանքը։