2020-ի պատերազմը, պարտվածի հոգեբանությունը մեզ առավել խուճապային են դարձրել

2020-ի պատերազմը, պարտվածի հոգեբանությունը մեզ առավել խուճապային են դարձրել

Մեր հարցերին պատասխանում է հոգեբան Լիլիթ Խաչատրյանը:

- Վերջին օրերին համացանցում գրառումներ են արվում, հրապարակումներ, որոնք խուճապային տրամադրություններ են ստեղծում: Ի՞նչ է խուճապը, եւ ինչպե՞ս հաղթահարել այն:

- Ամեն մարդ, կարծես, իր խուճապային տրամադրությունը փորձում է տարածել համացանցում։ Սա կարելի է դիտարկել նաեւ որպես հանգստացման մեխանիզմ, գերգրգռված վիճակից նաեւ ինչ-որ կերպ թաքնված հաճույքի զգացում կա այստեղ, սակայն իրականում խուճապն ունի վարակելու հատկություն: Եթե դու խուճապի մեջ ես, կարող ես դրանով վարակել նաեւ ուրիշներին: Դա կարող է լինել գիտակցված եւ անգիտակցաբար: Եթե մարդը չունի քննադատական վերաբերմունք, նաեւ մեդիագրագետ չէ, կարող է շատ արագ հայտնվել խուճապային ազդեցությունների տակ: Պետք է հասկանալ, թե խուճապ տարածողներն ովքեր են եւ ինչ նպատակներ են հետապնդում, առհասարակ:

- Ի՞նչ իրավիճակ է համարվում պատերազմը՝ հոգեկան առողջության խաթարման տեսանկյունից։

- Պատերազմն ամբողջությամբ տրավմա է: Այն, ինչ կյանքին վտանգ է սպառնում, համարվում է հոգետրավմա: Սա սովորական փորձառնությունից դուրս փորձառնություն է, որտեղ մարդիկ գործ ունեն մահերի եւ կորուստների, բաժանումների եւ մարդկային հարաբերությունների ընդհատման հետ: Պատերազմն ամբողջությամբ հոգետրավմատիկ երեւույթ է: Քիչ առաջ մտածում էի, թե մենք ինչու ենք այսքան արագ խուճապի մեջ հայտնվում: Պատճառը թերեւս այն է, որ ինչ կարդացել ենք մեր պատմության դասագրքերում, կորուստների մասին է եղել: Տվել ենք, տվել ենք, տվել ենք…. արդյունքում ենթագիտակցորեն մենք մշտապես կորցնող ենք դարձել: Եթե մարդն անընդհատ ծեծվողի դերում է, հատկապես` տղա երեխան, նա սկսում է մտածել, որ երբեք խփողի դերում լինել չի կարող: Իրեն թվում է, թե պետք է միայն ծեծեն իրեն: Անգամ, երբ դրսում պատահմամբ ծեծի է ականատես լինում, ունենում է այն նույն վախի զգացումը, ինչ իրեն ծեծելու ժամանակ: Հատկապես 2020 թվականի պատերազմը, պարտվածի հոգեբանությունը մեզ առավել խուճապային դարձրին:

- Այսինքն` մինչեւ 2020 թվականի պարտությունը մարդիկ առավել ինքնավստա՞հ էին:

- Ղարաբաղյան հաղթանակից հետո գոնե ինչ-որ մի բան մեզ համար մեծ ռեսուրս էր: Պարտությունից հետո մարդու ռեսուրսները նվազում են: Հասարակությունը նաեւ ինչ-ինչ վերլուծություններից ու հաշվարկներից հետո դառնում է ավելի խուճապային: Տարբեր պետությունների խնդրանքներով դիմելը, սակայն ոչ մի արդյունքի չհասնելը մեզ դարձրել են շատ ընկճված:

- Առհասարակ, պատերազմական պայմաններում հոգեբանական աջակցությունն ի՞նչ առանձնահատկություններ ունի։

- Նման պայմաններում հոգեբանական աջակցությունը պարտադիր է՝ տագնապի ու խուճապային տրամադրությունների շեմը նվազեցնելու առումով: Ես մարդկանց գիտեմ, ովքեր հենց այս պահին, վախի ազդեցության տակ, երկիրը լքում են: Լսել են ինչ-որ տարերային ինֆորմացիա, եւ խուճապն արդեն իսկ ունեցել է իր ազդեցությունը՝ մարդկանց անգիտակից որոշումների տանելով: Հենց այսօր էլ քննարկվում էր ինչ-որ թաքստոցների հարց, սա էլ իր հերթին մեծ տագնապ է առաջացրել: Սրա հետ, ինչ խոսք, պետք է հոգեբաններ աշխատեն:

- Պատերազմը բազմաթիվ մասնակիցներով բարդ պրոցես է, ու թվում է, թե այն առավելապես պիտի խոցի դրա անմիջական մասնակիցներին, բայց դրա հոգեբանական ազդեցություններից տուժում է նաեւ պատերազմի մասին տեղեկատվական աղբյուրներից պատկերացում կազմող հասարակության յուրաքանչյուր անդամ։

- Այստեղ նախ կա ինքնության խնդիր: Ցանկացած մարդ գիտակցում է, որ պատերազմը նախ ինքնության վտանգ է: Կա երկիրը ոչնչացնելու խնդիրը: Տրավմատիզացումն առաջին հերթին այդ փուլով է գլուխ բարձրացնում: Ցանկացած մարդ հասկանում է, որ կորցնելով երկիրը՝ կորցնում է իր ես-ը: Ոչնչացման վտանգի տրավմա թերեւս բոլորն էլ կարող են կրել նման իրավիճակներում: Կա նաեւ մեկ այլ տարբերակ, դա սթրեսի ազդման մեխանիզմն է: Ցանկացած սթրեսային իրավիճակում անձը ենթարկվում է ֆիզիոլոգիական փոփոխության: Նման իրավիճակներում կարող են փոխվել անհատի մտածողությունը, հույզերը, զգացմունքները եւ այլն: Երբ մարդն իր աչքով չի տեսնում պատերազմը, կարող է տեսնել պատկերներ, հարձակման տեսարաններ․ ըստ էության՝ երեւակայական նման պատկերները հակված են նորից ֆիզիոլոգիական փոփոխությունների ենթարկել մարդուն: Մարդը զգում է անզորություն, վախ, սակայն երբեմն սեփական աչքով պատերազմը տեսնելը, դրան մասնակցելը կարող են անհատին այս իրավիճակն ավելի հեշտ հաղթահարելու հնարավորություն ընձեռել: