«Իմ քայլը» պլստաց` հերքելով

«Իմ քայլը» պլստաց` հերքելով

Խուժանը, որ իրեն բոլոր կողմերից արդեն իսկ ցույց էր տվել մայիսի 20-ի երեկոյան, մայիսի 25-ին կրկին հավաքվեց Ազատության հրապարակում, բայց այս անգամ «Ի պաշտպանություն Նիկոլ Փաշինյանի»: «Իմ քայլից» նույն օրն իսկ, հանրահավաք-երթից հետո շտապեցին հայտարարել, թե այս բիոմասսան, որ ծնունդ էր առել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու կապակցությամբ, կապ չունի իրենց հետ: Մենք ողջունում ենք իշխող ուժի դիրքորոշումը` հրաժարվել այդ թափթփուկներից, բայց նաեւ ստիպված ենք խոստովանել, որ «Իմ քայլի» հերքումն այնքան էլ համոզիչ չէ: Ինչո՞ւ: Որովհետեւ, երբ իշխանությունները որեւէ բան համոզիչ կերպով են հերքում, թերթերն ու հեռուստատեսությունը մեզ օրուարեւ չեն տալիս` այդ հերքումը մեր աչքը մտցնելով: Իսկ այս անգամ` մեկ-երկու կիսապաշտոնական «վայ-վույ» ու վերջ:

Մեր կասկածները, որ մայիսի 25-ին Ազատության հրապարակում կազմակերպված սուպերհանրահավաքը, այնուամենայնիվ, կապ ուներ Փաշինյանի եւ «Իմ քայլի» հետ, հաստատվում են բազմաթիվ իրողություններով, այդ թվում կազմակերպիչների՝ Փաշինյանի հետ ջերմ ու անբռնազբոսիկ լուսանկարներով, որոնցով լիքն էր Ֆեյսբուքը: Իսկ ի՞նչ ասենք դատարանների վրա կազմակերպված գրոհին նույն մասսայի մասնակցության մասին: Կարծում եմ` «Իմ քայլում» չեն մոռացել նաեւ մայիսի 24-ին Նիկոլ Փաշինյանի արած գրառումը, որով նա ծանուցում էր, որ վաղը` մայիսի 25-ին, Ազատության հրապարակում տալու են «թավշյա, ոչ բռնի ժողովրդական հեղափոխության» երկրորդ` ամենակարեւոր փուլի մեկնարկը, եւ որ ինքն ակնկալում է ժողովրդի աջակցությունը:

Այս գրառումը կարելի է ընկալել երկու կերպ: Առաջին` Փաշինյանը մասնակցելու է, եւ երկրորդ` մեկնարկը տրվելու է առանց Փաշինյանի: Երկու դեպքում էլ Փաշինյանն ակնկալում է ժողովրդի աջակցությունը: Թե ինչ եղավ մայիսի 25-ին, բոլորս տեսանք: «Իմ քայլը», վստահաբար, կարող էր «ի պաշտպանություն վարչապետի» հանրահավաքի հետ իր կապ չունենալու մասին հայտարարել դեռ մայիսի 25-ի առավոտյան, երբ Ազատության հրապարակում շքեղ բեմ էր տեղադրվում: Իսկ գուցե այնտեղ ծրագրված էր նաեւ Փաշինյանի՞ մասնակցությունը, որն այնուհետեւ չեղարկվել է ինչ-ինչ նկատառումներով: «Ազատություն» ռադիոկայանը սիմֆոնիկ համերգ էր սփռում այդ ժամին: Պատճառն ի՞նչ էր: Փաշինյանի աշխատակազմն «Ազատությանը» հասցրե՞լ էր նախազգուշացնել, որ «իրավիճակ է փոխվել»: Բա Հանրային հեռուստատեսությանն էլ նախազգուշացնեին, թե չէ դրել` իրենց ֆեյսբուքյան ուղիղ եթերով հեռարձակում էին «ի պաշտպանություն վարչապետի» ապուշությունը եւ, ինչպես վկայում են արցախյան պաշտոնական շրջանակները, կարգին ուրախացնում ադրբեջանցիներին:

Այսքանից հետո էլ իմանում ենք, որ ոստիկանություն բերման է ենթարկվել մի կենդանի, որին րոպեներ անց բաց են թողել եւ, ըստ երեւույթին, պարտադրել, որ հենց Կենտրոնի ոստիկանության պատի տակից «լայվ» մտնի ու իր հանրահավաքային հայտարարություններից էշացած ժողովրդին համոզի, թե իր ասածները լավ չեն հասկացել` հայերենին չտիրապետելու պատճառով: Ո՞ւմ շահերից է բխում այդ կենդանու հետույքը փրկելը, ինչո՞ւ չեն պատժում, ո՞ւր է Օսիպյանը, որն այս խեղկատակությունը համարում է ինքնաբուխ հավաք: Հրաշալի է` Փաշինյանի կոչով գրոհում են դատարանների վրա, Օսիպյանն ասում է` ինքնաբուխ հավաք, Փաշինյանի կոչով հավաքվում են Ազատության հրապարակում, շքեղ բեմ են դնում նախապես, Օսիպյանը վաղը կասի` ինքնաբուխ հավաք է: Սա՞ է անցումային արդարադատությունը: Դե եկ ու այսքանից հետո հավատա «Իմ քայլի» հերքումին, թե տեղի ունեցածն իր հետ կապ չունի:

Այսուհանդերձ, բավականին խելամիտ գտնվեցին «Իմ քայլում»` հերքելով կապը Ազատության հրապարակում տեղի ունեցած հակաիրավական, հակապետական, հակաժողովրդական եւ հակամարդկային հանրահավաքի հետ, որին, բարեբախտաբեր, մասնակցում էին իրենք` կազմակերպիչներն ու հնդիկ զբոսաշրջիկների մի խումբ, որ պատահաբար անցնում էր այդ կողմերով: Դատելով «Իմ քայլի» հերքումից` կարելի է ենթադրել, որ ապագայում նման հավաքներ այլեւս տեղի չեն ունենա, որովհետեւ, կրկնվելու դեպքում, կասկած չի մնա, որ հրահրումն իսկապես եղել է իշխանությունների կողմից: Պարզ է, չէ՞, որ չի կարելի անվերջ հանրահավաքներ անել «ի պաշտպանություն» վարչապետի եւ իշխանությունների` խայտառակելով թե՛ վարչապետին եւ թե՛ իշխանություններին:

Ի՞նչ եմ առաջարկում: Մյուս անգամ, երբ «խիստ անհրաժեշտություն զգացվի» Փաշինյանի բացակայությամբ հեղափոխության նոր փուլի մեկնարկ ազդարարող նմանատիպ հանրահավաք անցկացնելու, հռետորներին Ազատության հրապարակ բերել հատուկ դնչկալներով եւ սաղավարտներով: Այդպես ավելի ապահով կլինի նրանց համար: Կարելի է նաեւ բեմը ցանցապատել, որ ելույթ ունեցողները գտնվեն ազատավանդակում, եւ նրանց բերման ենթարկելը ոստիկաններից մեծ ջանքեր չպահանջի: