Մենք պետք է հասկանանք՝ ո՞ւմ բանկային տվյալն ենք վերահսկում
Անցյալ շաբաթ՝ կառավարության նիստին, արդարադատության նախարարությունը ներկայացրեց մի նախագիծ, որով, ըստ էության, կարող է վտանգի տակ դրվել «բանկային գաղտնիք» հասկացությունը։ Նախագծով առաջարկվում է փոփոխություն կատարել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում եւ «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում, որպեսզի կոռուպցիոն հանցագործությունների քննության ժամանակ նախաքննական մարմնին հնարավորություն տրվի ստանալ բանկային գաղտնիք հանդիսացող տեղեկություններ՝ առանց սահմանափակման։ Այլ կերպ ասած՝ կասկածյալից եւ մեղադրյալից բացի, ընդլայնվում է այն անձանց շրջանակը, որոնց բանկային տվյալները կարող են հասանելի դառնալ նախաքննական մարմնին, օրինակ՝ կասկածյալի/մեղադրյալի հետ փոխկապակցված անձինք, որոնց հաշիվներին, ենթադրաբար, նա կարող է փոխանցած լինել ապօրինի ճանապարհով ձեռք բերված գումարը։ Այս նախագծով նախաքննական մարմինը դատարանի որոշմամբ կարող է ստանալ նաեւ այդ անձանց բանկային գաղտնիք հանդիսացող տվյալները։ Եվ սա արդեն իսկ լուրջ մտահոգություններ է առաջացրել շատերի մոտ։ Նախագծի վերաբերյալ իր մտահոգություններն ունի նաեւ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
«Այս նախագծի հետ կապված ամենագլխավոր հարցն այն է, որ օբյեկտիվ հիմքով կարողանանք հասկանալ՝ բանկային գաղտնիքի վերահսկման թույլտվությունը, որ տրվելու է, ինչ շրջանակի մարդկանց վրա է տարածվելու։ Այսօր նախատեսված կարգավորման համաձայն՝ կարող է հասանելի դառնալ կասկածյալ կամ մեղադրյալ չհանդիսացող ցանկացած անձի տվյալ, իհարկե, հանցագործությունների այն շրջանակով, որը նախատեսված է։ Իրականում, ինձ համար այս պահին շատ կարեւոր հարց է, թե ինչ չափանիշով է որոշվելու այդ անձանց շրջանակը»,- մեզ հետ զրույցում ասաց Արման Թաթոյանը՝ մտահոգություն հայտնելով, թե այնպես չստացվի՝ ում տվյալն ուզենան, կարող են ստանալ։
Օմբուդսմենը չի հերքում այն մտավախությունները, որ այս նախագիծը կարող է հանգեցնել նրան, որ մարդիկ սկսեն այլեւս չվստահել բանկերին եւ իրենց գործարքները կատարեն կանխիկ ճանապարհով՝ ոչ բանկային փոխանցումներով։
«Ես էս նախագիծը դիտարկում եմ ոչ միայն մարդու իրավունքների տեսանկյունից, այլեւ բանկային համակարգի տեսանկյունից։ Մարդու իրավունքների տեսանկյունից վտանգն այն է, որ չստացվի այնպես, թե մենք հիմա կասկածյալից ու մեղադրյալից բացի դաշտը բացում ենք բոլորի համար առհասարակ։ Որովհետեւ, գիտե՞ք, մյուս չափանիշները, որ նախատեսված են՝ ծանրակշիռ փաստարկներ եւ այլն, դրանք, մեծ հաշվով, գնահատողական հասկացություններ են, եւ մենք դեռ պետք է սպասենք, որ պրակտիկա ձեւավորվի։ Մինչդեռ այս ոլորտը շատ գայթակղիչ աշխատանքի հիմքեր կարող է ստեղծել իրավապահ մարմինների համար այն առումով, որ չարաշահումներ լինեն պրակտիկայում։ Դրա համար այստեղ պետք է վերահսկողական մեխանիզմները հստակ լինեն»,-նկատեց պարոն Թաթոյանը։
Նրա խոսքով՝ ՄԻՊ աշխատակազմն առաջարկել է նաեւ, որ հստակ լինեն այն հոդվածների շրջանակը կամ այն արարքները, որոնց կապակցությամբ այդ վերահսկողությունը կարող է կիրառվել։ Դրանք նախատեսվեցին, բայց այն հոդվածների շրջանակը, որը նախատեսված է, դրանք մոտ 6 տասնյակի հասնող հանցագործություններ են, Թաթոյանի համար դեռեւս պարզ չեն, թե ինչ չափանիշով են որոշվել։
- Բայց նախագիծը պաշտպանողներն ասում են, որ ցանկացած պարագայում, եթե դատարանի որոշում չլինի, միեւնույն է, այդ տվյալները հասանելի չեն դառնա։ Եվ նշում են, որ սա արվում է միջազգային պարտավորությունների շրջանակում նաեւ։
- Ուզում եմ մի հատուկ բան ընդգծել, ես՝ ինքս, համարում եմ, որ կարող են լինել, այո, պրակտիկայում դեպքեր, երբ կասկածյալից ու մեղադրյալից բացի, լինեն այլ մարդիկ, որոնց բանկային տվյալները պետք է վերահսկվեն։ Օրինակ՝ պատկերացրեք, որ ունենք մեղադրյալ, նրա հետ կապված մարդ՝ ինչ-որ ապօրինի ֆինանսական գործունեության մեջ ներգրավված, ու նրա բանկային տվյալները պետք է ստուգել՝ հասկանալու համար, թե այս հանցագործության բացահայտմանը որքանով է դա օգնելու։ Բայց, մյուս կողմից, եթե անգամ դատարանի որոշում կա, շատ լավ, կարող է ֆորմալ առումով դատական ակտը մեզ բավարարել, բայց մենք պետք է հասկանանք՝ մենք ո՞ւմ բանկային տվյալն ենք վերահսկում։ Որովհետեւ, եթե մենք հանկարծ այնպիսի մարդու տվյալ վերահսկենք, որն առհասարակ կապ չունի քրեական վարույթի հետ, էդտեղ մենք լրջագույն խնդիր կունենանք։ Հետո չենք կարող պաշտպանվել, թե՝ գիտե՞ք ինչ, մենք դատարանի սանկցիա ունենք։ Դա ոչ մի նշանակություն չունի։ Մենք դատարանի համար պետք է չափանիշ տանք։
- Հիմա, եթե նախագիծն այս տեսքով ընդունվի, Դուք ռիսկ տեսնո՞ւմ եք, որ «բանկային գաղտնիք» հասկացությունը կարող է վտանգվել, առհասարակ։
- Ես կարծում եմ, որ նախագիծը մինչեւ ԱԺ ուղարկվելը ճիշտ կլինի, որ լրամշակվի, ամրապնդվի օբյեկտիվորեն չափելի դրույթներով։ Օրինակ՝ տեսեք, Դուք ասում եք՝ ինքնին դատական սանկցիայի առկայությունը․ ինքնին այն փաստը, որ դատարանն է տալիս թույլտվությունը, դեռ ոչինչ չի նշանակում, բավարար չէ։ Մեզ պետք են նաեւ լրացուցիչ գործոններ, որ դատարանին մենք ստուգելու համար տանք լրացուցիչ հիմքեր։ Օրինակ՝ դատարանն իրավապահ մարմնից պահանջի, ասի՝ գիտե՞ք ինչ կա, այդ դեպքում հիմա ինձ ապացուցեք, որ այս մարդը կապ ունի կասկածյալի/մեղադրյալի հետ կամ կապ ունի ֆինանսական չարաշահումների հետ եւ այլն։
Կարծիքներ