Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը՝ «Նաիրի ՃՇՇ» ԲԲԸ-ի և նախկին նախարարի միջև կոնֆլիկտի մասին

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը՝ «Նաիրի ՃՇՇ» ԲԲԸ-ի և նախկին նախարարի միջև կոնֆլիկտի մասին

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը արձագանքել է «Սուրեն Պապիկյանը պաշտպանում է Հակոբ Արշակյանին. որը ում  փոսն է, որը՝ ում կիքսը» վերտառությամբ www.hraparak.am կայքի դեկտեմբերի  13-ի հրապարակմանը , որը վերաբերում էր «Նաիրի ՃՇՇ» ԲԲԸ-ի բանվորների ակցիաներին, այս ընկերության և տրանսպորտի նախկին նախարար Հակոբ Արշակյանի միջև կոնֆլիկտին, որի պատճառով ի վերջո, ձեռնարկությունը սնանկացավ, իսկ բանվորները չեն կարողանում ստանալ իրենց աշխատավարձը։ Հակոբ Արշակյանը այժմ պատասխանում է իրեն ուղղված մեղադրանքներին որպես բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար: 

Պատասխանը հրապարակում ենք ամբողջությամբ։ 

«ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության 
«Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ի մասնագետները պարբերաբար իրականացրել են այցեր «Նաիրի ՃՇՇ» ԲԲ ընկերության կողմից սպասարկվող հանրապետական նշանակության 3 ճանապարհահատվածներ, որոնց շրջանակներում ընկերության մասնագետների հետ համատեղ կատարվել են պահպանման և շահագործման ուսումնասիրություններ: Աշխատանքի որակի հսկողության արդյունքում պարզվել է, որ ընկերությունը չի կատարել պայմանագրով ստանձնած պարտավորությունները, արձանագրվել են տեխնիկական բնութագիր-գնման ժամանակացույցի պահանջների խախտումներ, որոնք սահմանված ժամկետում չեն վերացվել:

Պարզվել է նաև, որ խնդիրը միայն խոնավ հիմքի վրա փոսային նորոգման փաստը չէ:Ընկերությունը ընթացիկ ձմեռային և ընթացիկ ամառային պահպանման  աշխատանքները կատարել է զգալի թերություններով, որոշ հատվածներում փոսային  նորոգման համար կտրված փոսորակներն իրականացվել են տեխնոլոգիական  խախտումներով, դանդաղ տեմպերով, և այդ թերությունները ևս ժամանակին չեն  վերացվել: Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ ընթացիկ ամառային աշխատանքների  մաս է կազմում նաև ճանապարհներից և հարակից տարածքներից աղբի հեռացումը, կողնակների հարթեցումը, ճանապարհային նշանների վերականգնումը, ինչը ևս չի 
կատարվել ընկերության կողմից:

Ընթացիկ ձմեռային և ընթացիկ ամառային պահպանման աշխատանքների ոչ պատշաճ կատարման արդյունքում (ճանապարհային ծածկի վերակագնում) վտանգ է ստեղծվել ճանապարհային երթևեկության մասնակիցների համար:

Ուսումնասիրությունների արդյունքում կազմվել է արձանագրություն: ՀՀ  կառավարության կողմից սահմանված կարգով ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից  թերությունները արձանագրվել են նաև ընկերության մոտ գտնվող ավտոմոբիլային ճանապարհների պահպանման աշխատանքների մատյանում:

Հաշվի առնելով ընկերության կողմից թույլ տրված բազմաթիվ թերություններն ու  դրանց չվերականգնելը՝ պետության կարիքների համար ՀՀ միջպետական և  հանրապետական նշանակության ավտոճանապարհների ընթացիկ ամառային և ընթացիկ ձմեռային պահպանման աշխատանքների կատարման համար կնքված պետական գնման պահմանագրի համաձայն՝ պատվիրատուն (նախարարութունը) իրավունք ունի միակողմանի լուծել պայմանագիրը, եթե կատարողը էականորեն խախտել է այն:

Հարկ է նշել, որ արձանագրված խախտումների վերացնելու մասին ընկերությունը  պարբերաբար տեղեկացվել է, ինչպես նաև զգուշացվել է, որ թերությունները  չվերացնելու դեպքում՝ կնախաձեռնվի պայմանագրի լուծման գործընթաց:

Ինչ վերաբերում է Հակոբ Արշակյանի «հայտարարությանը», թե «Նաիրի ՃՇՇ» ԲԲ  ընկերության բանվորներին զրկելու է աշխատավարձից, ապա հարկ ենք համարում  նշել, որ Հակոբ Արշակյանը նման հայտարարություն անել չէր կարող, քանի որ  նախարարությունը «Նաիրի ՃՇՇ» շինարարական կազմակերպության բանվորների  աշխատավարձի վճարման հետ որևէ առնչություն չունի։ Աշխատավարձերի վճարումն  իրականացվում է գործատուի կողմից («Նաիրի» շինարարական կազմակերպության  կողմից): «Նաիրի» շինարարական կազմակերպությունը նախարարության ենթակայության տակ գտնվող կառույց չէ։ Այն տվյալ ճանապարհի սպասարկման իրավունքը ստացել է մրցույթի արդյունքում, և իր աշխատողների աշխատավարձերի վճարումը պետք է իրականացվի տվյալ շինարարական կազմակերպության կողմից՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

Կից ներկայացվում է զգուշացումների վերաբերյալ գրությունների պատճեները, 
կատարված ուսումնասիրության արձանագրությունը, նախարար Հակոբ Արշակյանի  պաշտոնական ֆեյսբուքյան էջի գրառումը՝ «Նաիրի ՃՇՇ» ԲԲ ընկերության  վերաբերյալ, ինչպես նաև 2019թ-ի հունվարին տեղացած ձյան ժամանակ  ընկերության սպասարկման տակ գտնվող հատվածում արված ուղիղ եթեր-տեսանյութի հղումը ,որտեղ երևում է, որ աշխատակիցները չեն իրականացրել ճանապարհի մաքրման  աշխատանքներ:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն»
 
Հ․Գ․ Ընդունելով բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի տեսակետը, այնուամենայնիվ պնդում ենք, որ ծաղկուն ձեռնարկության «մայրամուտը» սկսվեց հենց Հակոբ Արշակյանի հետ կոնֆլիկտից։ Նա այն ժամանակ տրանսպորտի նախարար էր և համակարգում էր ճանշին ոլորտը: Նա , իրոք, արել է հայտարարություն բանվորներին աշխատավարձից զրկելու մասին, ավելի ստույգ, ոչ թե ինքն է արել, այլ իր նախարարության անունից  2018 թվականի մայիսի 7-ին տարածել է հետևյալ հաղորդագրությունը․ «Ապրիլի 1-ից սկսած՝ «Նաիրի ՃՇՇ» ԲԲԸ-ն աշխատանքները կատարում է մեծ թերություններով եւ ոչ ժամանակին: Անորակ սպասարկման համար «Նաիրի ՃՇՇ» ԲԲԸ-ն ապրիլի 1-ից չի վճարվել, եւ 28.12.2015թ. կնքված պայմանագիրը կչեղարկվի»։ Ի՞նչ հիմքով է նախարարը որոշել, որ ընկերությունը չի կատարել իր պարտավորությունները։ Այս հարցը Արշակյանին «Հրապարակը»ուղղել էր դեռ իր տարածած հաղորդագրությունից մեկ օր անց, և նա իր մամուլի քարտուղարի միջոցով մասնավորապես պատասխանել էր․ ««Նաիրի» շինարարական կազմակերպությունը նախարարության ենթակայության տակ գտնվող կառույց չէ։ Այն տվյալ ճանապարհի սպասարկման իրավունքը ստացել է մրցույթի արդյունքում, եւ իր աշխատողների աշխատավարձերի վճարումը տվյալ շինարարական կազմակերպության խնդիրն է»։ 
Հասկանալի է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի ինքն իրեն օգնելու բարի ցանկությունը, բայց եթե ինքը կապ չունի աշխատավարձ չվճարելու որոշման հետ, ապա ինչու՞ է չեղարկված պայմանագրի, կամ չվճարվող աշխատավարձի մասին հաղորդագրություն տարածում։