Եթե այսպես շարունակվի, մենք կկորցնենք ոչ միայն Արցախը, այլեւ հայկական պետականությունը

Եթե այսպես շարունակվի, մենք կկորցնենք ոչ միայն Արցախը, այլեւ հայկական պետականությունը

«Հրապարակը» զրուցել է «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանի հետ:

- Արցախի բլոկադան ինչի՞ է տանում: Հնարավո՞ր է մենք վերջնական կորցնենք Արցախը:

- Եթե այսպես շարունակվի, ապա մենք կկորցնենք ոչ միայն Արցախը, այլեւ հայկական պետականությունն ընդհանրապես: Բայց ես առավել քան համոզված եմ, որ բեկում լինելու է: Ճիշտ է, դա չի լինելու մեր կամքից անկախ, բայց համոզված եմ, որ լինելու է, ու եթե չլինի այսօր, ապա վաղն անպայման լինելու է։ Մենք այսպես չենք գնալու ու քարտեզի երեսից վերանանք՝ ես առավել քան համոզված եմ: Բնականաբար, հիմնական խնդիրը հայաթափումն է՝ Արցախի խնդրի վերջնական լուծումը: Սակայն ցավն այն է, որ սա բխում է ոչ միայն Ադրբեջանի, այլ նաեւ Հայաստանի Հանրապետության իշխանության օրակարգից, եւ այստեղ որեւէ կոնսպիրոլոգիա չկա: Հայաստանի իշխանությունները բազմաթիվ անգամներ հայտարարել են, որ, ըստ էության, կողմ են, որ նշաձողն արցախյան հիմնախնդրի, ավելի ճիշտ՝ ինքնորոշման նշաձողն իջեցվի: Մասնավորապես, խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ ասել է, որ 2016 թվականից հետո Հայաստանը կորցրել է գործնական եւ տեսական բոլոր հնարավորությունները, որպեսզի Արցախը լինի Ադրբեջանի կազմից դուրս: Այսինքն, այս օրակարգը կա, եւ իշխանությունը սրա առումով որեւէ առարկություն չունի: Մյուս կողմից՝ կա նաեւ խաղաղության օրակարգը, որին ամբողջ ուժով փորձում է հետամուտ լինել իշխանությունը: Բայց այդ օրակարգի կարեւորագույն, առանցքային բաղադրիչն Ադրբեջանի կողմից առաջ քաշված խնդիրն է, որ Արցախի հիմնախնդիրը պետք է վերջնականապես լուծվի, այսինքն՝ Հայաստանի կողմից պետք է ճանաչվի Ադրբեջանի մաս՝ իր բոլոր հետեւանքներով: Եվ Հայաստանի իշխանություններն էլ են, ըստ էության, սրա հետ համաձայն, ուղղակի այնտեղ արդեն դրանից ածանցյալ, ոչ բովանդակային հարցեր են՝ անվտանգություն ապահովվի եւ այլն։ Մնացած հարցերը, որի մասին բոլորս էլ գիտենք, որ, մեղմ ասած, անհեթեթ հարցեր են, որոնք երբեւիցե չեն երաշխավորում եւ չեն կարող լինել: Հիմնական հարցն այն է, որ Հայաստանի իշխանությունը պատրաստ է ճանաչել Արցախը որպես Ադրբեջանի մաս: Հիմա տեսեք՝ Հայաստանը, ունենալով այդ խաղաղության օրակարգը եւ դրա շուրջ նաեւ համաձայնություն Ադրբեջանի հետ, փաստացի մի իրավիճակի առաջ ենք կանգնել, որ պատերազմն ավարտվել է, Արցախի մի մասը դեռեւս հայկական է, այնտեղ ապրում են հայեր, եւ Արցախի կարգավիճակի հարցը դեռեւս առկախված է: Եվ, փաստացի, այս հարցը պետք է հագուցալուծվի, հետո նոր մյուս բաղադրիչներին անցնեն, դրանց վերաբերյալ համաձայնության գան, որ լինի այդ ինստիտուցիոնալ խաղաղությունը, ինչպես իրենք են ասում: Հետեւաբար, սա նաեւ ՀՀ իշխանության օրակարգից է բխում, եւ այստեղ չկա որեւէ կոնսպիրոլոգիա: Եվ այս փակ լինելը նաեւ սպասարկում է այդ օրակարգը, չհաշված, որ Հայաստանի իշխանությունը խորքային հակառուսական քաղաքականություն է իրականացնում՝ այս համատեքստում է պետք դիտարկել: Բայց, ընդհանուր առմամբ, խոշոր գործընթացները գերտերությունների ներգրավմամբ տեղի են ունենում Սյունիքի շուրջ՝ Սյունիքի միջանցքի:

- Հետաքրքիր է Իրանի դիրքորոշումը, թե ինչպիսին կլինի այդ խաղաղության պայմանագրի վերաբերյալ։ 

- Կարծում եմ՝ Իրանին գետնի վրա փոփոխություններն են հետաքրքրում: Չեմ կարող ասել, թե ինչ գործողությունների կգնա Իրանը, սակայն իրենց համար ազգային անվտանգության խնդիր է ոչ միայն Հայաստանի, էլ չեմ ասում Սյունիքի միջանցքի հնարավորությունը, որովհետեւ այս պահին հիմնական գործընթացները տեղի են ունենում հենց Սյունիքի միջանցքի շուրջ, որտեղ հիմնականում երկու համաձայնության կետ կա: Իմ խորին համոզմամբ, Արեւմուտքը, Թուրքիան, Ռուսաստանը՝ բոլորն էլ կողմ են, որ միջանցք լինի Հայաստանով, ուղղակի դեռեւս կոնսենսուսի չեն գալիս, թե ով պետք է վերահսկի այդ միջանցքը: Եվ կա երկրորդ կետը, որտեղ Իրանը կտրականապես դեմ է ցանկացած միջանցքի, եւ այստեղ էլ Ռուսաստանը պետք է համաձայնության գա Իրանի հետ: Իսկ այստեղ բավականին փոխադարձ կապվածություն կա՝ ռազմական, ռազմավարական, տեխնոլոգիական առումով, ինչպես այս պահին Ռուսաստանը՝ Իրանից, այնպես էլ Իրանը՝ Ռուսաստանից: Ես համոզված եմ, որ Իրանն ամեն գնով կխափանի, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ չլինի այդ խաղաղության պայմանագիրը, որովհետեւ դրանից հետո գործընթացներն իր կողմից շատ ավելի դժվար վերահսկելի կլինեն, անգամ եթե պայմանական ասված այդ պայմանագրի հետեւանքով կամ արդյունքում ինչ-որ ֆիզիկական սահմանների փոփոխություն տեղի չունենա, սակայն հետո գործընթացները Իրանի տեսանկյունից դուրս կգան վերահսկողությունից:

- ՀՀ նախագահն Էստոնիա է մեկնել, այն դեպքում, երբ մերձբալթյան երկրները հայտարարում են Ուկրաինային զենք մատակարարելու մասին՝ ընդդեմ Ռուսաստանի:

- Ցանկացած պետության հետ հարաբերվելիս պետք չէ առաջին հերթին նայել, որ եթե մեր ռազմավարական դաշնակցին հակառակ գործողություն են անում, ուրեմն պետք չէ նրա հետ հարաբերվել: Նույն հաջողությամբ ռուսական կողմը մշտապես զենք է վաճառել Ադրբեջանին: Այստեղ պետք է ուրիշ կողմից հարցին մոտենալ՝ ինչ օրակարգով է նախագահն այնտեղ գնում, եւ ինչ է դա մեզ տալիս: Այս առումով, իմ խորին համոզմամբ, բացի վնասից, սա մեզ ուրիշ բան չի տալիս, որովհետեւ Հայաստանի Հանրապետության նախագահն Էստոնիայում էր խիստ հակառուսական օրակարգով: Եվ այդ հակառուսական օրակարգը որեւիցե կերպ կապված չէր Հայաստանի հետ, որեւիցե կերպ չի սպասարկում Հայաստանի շահերը, այլ հակատիրույթում է՝ հակառուսական տիրույթում: Սա նույնչափ վտանգավոր է, որքան հակաարեւմտյանը, հակառուսականը եւ մնացածը, այսինքն՝ օրակարգ չկար: Եթե դուք գնում եք ինչ-որ մի տեղ հակառուսական կամ հակաարեւմտյան օրակարգով, ապա դուք ինքնին խնդիր եք: Այս առումով միմիայն բացի վնասից, մեզ ուրիշ ոչ մի բան չի կարող տալ:

- Վերջին շրջանում կարծես թե Պուտին-Փաշինյան հեռախոսազրույցների մասին հաղորդագրություններ չեն լինում, առաջ բավականին հաճախ էին խոսում: Սա արդյոք խոսո՞ւմ է Ռուսաստանի հետ լարված հարաբերությունների մասին:

- Կարծում եմ՝ սա շատ վատ եւ բացասական է, սակայն օրինաչափ է: Չեմ կարող ասել՝ դեպի թշնամություն գնացող է, որովհետեւ Հայաստանը որեւիցե ներուժ չունի՝ այս պահին որեւէ պետության հետ թշնամություն անելու, այս պետական կառավարման համակարգի շրջանակներում: Կարող եմ ասել, որ ավելի են սրվում հարաբերությունները, կամ ավելի են այդ հատման կետերն իրարից հեռանում, դա ակնհայտ է: Ես բազմիցս ասել եմ, որ Հայաստանը խիստ հակառուսական քաղաքականություն է տանում եւ բոլոր ուղղություններում եւ որեւիցե տեղ չի կարողանում ցույց տալ, թե որտեղ է դա բխում Հայաստանի շահերից: Ցանկացած գործողություն, ցանկացած գործընթաց պետք է ունենա հստակ, խորքային հիմնավորում, ինչի համար, եւ ինչ է դա տալիս մեզ: Այստեղ խնդիրն այն չէ, որ մեզ համար տաբու է, որ մենք չլինենք հակառուսական՝ ամենեւին: Մենք պետք է լինենք ցանկացած ձեւի, ընդունենք ցանկացած ձեւ, որը հնարավոր է, միայն թե դա բխի մեր պետական եւ հանրային շահից։ Հիմա այս ամենը որեւիցե ձեւ չի բխում մեր շահից։ Սրան գումարում ենք այդ ակնհայտ հակառուսական քաղաքականությունը, այդ խոսակցությունների բացակայությունը եւ մնացածը, սրանք դրա տրամաբանական շարունակությունն են, որը, կարծում եմ,  բոլորը դա տեսնում են, եւ նույնիսկ ռուսական կողմից են դրա մասին բացեիբաց հայտարարում, էլ չեմ ասում, որ հայկական կողմն ամիսներ շարունակ դրա մասին անընդհատ խոսում է: