Երեւանում 100 տարեկանի հասնելը հերոսություն է

Այս տարվա հունվարի 1-ից ուժի մեջ է մտել Երեւանի քաղաքապետարանի որոշումներից մեկը, որի համաձայն՝ 100 տարին լրացած անձինք քաղաքի բյուջեից, որպես սոցիալական աջակցություն, 1 մլն դրամ են ստանում: 100-ամյակը տոնած տարեցներից մեկի վերաբերյալ քաղաքապետ Ավինյանը մայիսի 2-ին կարգադրություն է ստորագրել՝ հանձնարարելով ֆինանսական վարչության պետին՝ Երեւանի բյուջեից 1 մլն դրամ տրամադրել նրան: Թե ով է այդ երջանիկ տարեցը, որին Ավինյանը որոշել է օգնել, ինչու հենց 100 տարեկանն է հիշարժան, այլ ոչ թե, ասենք, 99-ը կամ 101-ը, ո՛չ կարգադրության, ո՛չ էլ որոշման տեքստում չի նշվում: Քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը բացատրում է. «Այդ որոշումն ընդունվել էր դեռ անցյալ տարի, ավագանին էլ հաստատել էր, որ Երեւան քաղաքի այն բնակիչները, որոնց 100-ամյակը կլրանա, որպես աջակցություն՝ քաղաքային բյուջեից 1 միլիոն դրամ կստանան»։
Որոշումն ընդունելիս հաշվարկել են, որ եթե 2018-2023 թվականների ընթացքում, ըստ սոցապնախարարության տվյալների, 100-ամյակը նշել է Երեւանի 177 բնակիչ, ապա սա նշանակում է, որ տարեկան մոտ 30 բնակիչ հատելու է 100 տարին, հետեւապես, միջին հաշվարկով՝ 100-ամյակը լրացած 30 բնակիչների համար Երեւանի բյուջեի վրա աջակցության հանրագումարը տարեկան կկազմի մոտ 30 մլն դրամ: Գումարը տրամադրելու պարտադիր պայման է այն, որ տարեցը վերջին 5 տարին հաշվառված լինի Երեւանում:
1 մլն դրամը, փաստորեն, տրվում է որպես սոցիալական աջակցություն, սակայն ոչ ոք չի նայում, թե ինչ ընտանիքում է ապրում տարեցը, արդյոք ունի՞ դրա կարիքը, թե՞ ոչ: Եթե սա սոցիալական աջակցություն է, ապա ավելի արդար կլիներ, որ այն ստանային անապահով տարեցները, ովքեր ո՛չ խնամակալ ունեն, ո՛չ առողջություն, երբեմն նույնիսկ տուն չունեն ու, հաստատ, մինչեւ հարյուրամյակը չեն էլ ձգելու: Մյուս կողմից էլ ընդունենք, որ 100-ամյա տարեցն իսկական հերոս է, եթե էկոլոգիապես աղտոտված, կանաչազերծ եւ քաղցկեղածին մեր քաղաքում հաջողացրել է հասնել 100 տարեկանի:
Կարծիքներ