Պապիկյանին խնդրել են,որ մասնագիտական խումբ գործուղի Գյումրի

Պապիկյանին խնդրել են,որ մասնագիտական խումբ գործուղի Գյումրի

Գյումրիում նախորդ տարվանից սկսված ՎԶԵԲ-ի վարկային միջոցներով իրականացվող փողոցաշինական աշխատանքները դեռ ընթացքի մեջ են: Փողոցների քանդման և հիմնային աշխատանքներին հիմա արդեն հաջորդում է ասֆալտապատումը: Պատվիրատուն կրկին բարձրաձայնում է առկա թերությունների մասին և խոստանում պատրաստ փողոցները չընդունել, մինչև թերությունները չշտկվեն: Իսկ առկա թերությունների մասին տեխնիկական եզրակացությունը դեռ չի ստացվել:

Այսօր Գյումրու քաղաքապետարանը խնդրանքով դիմել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարարություն՝ հատուկ լաբարատորիայով մասնագիտական խումբ ուղարկել Գյումրի, որպեսզի իրականացված աշխատանքների  որակը ստուգեն: Այսօր այս մասին հայտնեց Գյումրու քաղաքապետարանի բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետ Կնյազ Մանասյանը  «Երկխոսության մեդիա » կենտրոնում տեղի ունեցած քննարկման ընթացքում:

« Նախարար Պապիկյանին խնդրել ենք,որ մասնագիտական խումբ գործուղեն Գյումրի, որի եզրակացությունից հետո կորոշվի, ընդունել  աշխատանքները, թե` չէ: Մենք մեկ քայլ առաջ ենք անում:Մինչև կապալառու ընկերությունները կատարողական ակտերը մեզ ներկայացնեն,պետք է ստուգվի աշխատանքների որակը»,-ասաց նա՝ ընդգծելով, որ վերանորոգված փողոցներում արված աշխատանքներից որևէ մեկը դեռևս ընդունված եւ ավարտված  չի համարվում: « Ճիշտ է՝ վարկ է վերցված, բայց փողի տերը կառավարությունն է »,-նշեց նա:

Հիշեցնենք, որ ՎԶԵԲ-ի տրամադրած 23,8 մլն եվրո ֆինանսավորման շրջանակներում, բացի «Կումայրի» արգելոցն ընդգրկող փողոցներից, Գյումրիի ընդհանուր առմամբ մոտ 30 կմ երկարությամբ ճանապարհներ  պետք է 3 տարվա ընթացքում հիմնովին վերանորոգված ու լուսավորված լինեն:Ծրագրի առաջին փուլով վերակառուցվում են 12 փողոց եւ 2 հրապարակ: