Ինքը նորից գնացել ու հաստատել է, որ այդ միջանցքը պիտի տա

Ինքը նորից գնացել ու հաստատել է, որ այդ միջանցքը պիտի տա

Նոյեմբերի 26-ին Սոչիում կայացավ Նիկոլ Փաշինյան- Վլադիմիր Պուտին- Իլհամ Ալիև հանդիպումը, որից հետո ստորագրվեց հերթական եռակողմ հայտարարությունը։ Սահմանադրագետ Էդգար Ղազարյանին  հարցրինք, թե իր կարծքով ինչի՞ մասին էր այդ փաստաթուղթը, արդյոք այն ենթադրում է Հայաստանի համար հերթական զիջումնե՞ր, թե՞ նաև մեզ համար շահավետ դրվագներ կան․

«Ստորագրված փաստաթղթում միակ բանը, որը իր մեջ նորություն էր պարունակում, սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի վերաբերյալ դրույթն է, մյուս առումներով դա ուղղակի հաստատումն էր նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններին կողմերի նվիրվածությունը ու դրանց իրագործման անհրաժեշտությունը, միայն վերաբերում էր, որ սահմանների ճշտում պետք է արվի, ընդ որում ռուսական կողմի մասնակցությամբ։ Սա էլ է հետաքրքրիր, որովհետև ես կարծում եմ, որ աննախադեպ է սա, որովհետև եթե պետությունները միմյանց հետ սահմաններ են ճշտում, ապա անում են 2 պետություններ, 3-րդ պետության ներգրավվածությունը որոշակի խորհուրդ և իմաստ ունի այդ դեպքում, այսինքնքն՝ հաստատում է, որ առանց Ռուսաստանի մասնակցության  ոչ Հայաստանը, և ոչ էլ Ադրբեջանը ի վիճակի չեն նույնիսկ իրենց պետությունների սահմանները ճշտելու։ Մյուս առումներով ես որևէ նոր բան չեմ տեսել այդ հայտարարության մեջ, ուղղակի մի բան է պարզ, որ այդնոր  հայտարարության ընդունման ուշացնելը մեզ համար դարձավ նոր զոհերի և տարածքների կորստի պատճառ, որովհետև այն, ինչ տեղի ունեցավ նոյեմբերի 26-ին, կարող էր լինել նոյեմբերի 9-ին կամ 15-ին, ինչը որ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է, և ինքը խոստովանեց իր հարցազրույցի ժամանակ, իսկ ադրբեջանական ներխուժումը եղել է նոյեմբերի 16-ին, այսինքն՝ իր կողմից այդ հանդիպումները մերժելուց անմիջապես հետո։ Տեսեք՝ վարչապետը իր խոսքում խոսեց Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժելու փաստի մասին, բայց եռակողմ հայտարարության մեջ դա որևէ ձևով չի ձևակերպվել, այսինքն՝ չի ասվում, որ ադրբեջանցիները պետք է դուրս բերեն իրենց զորքերը այն տարածքից, որտեղ ներխուժել են։ Ընդ որում, Իլհամ Ալիևը Ռուսաստանի նախագահի հետ առանձին հանդիպման ժամանակ ասել է, որ ռուս խաղաղապահների պատասխանատվության տակ գտնվող տարածքում տեղի ունեցած բախումները կրել են լոկալ բնույթ և կենցաղային բնույթ, այսինքն՝ ցույց տալով, որ ռուս խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող տարածքներ չկան, իսկ Հայաստանի սահմանին տեղի ունեցաողի հետ կապված ինքն իրեն ազատ է զգում, և հայտարարության տեքստում որևէ դատապարտող կամ գործողություններ ենթադրող դրույթներ ուղղակի գոյություն չունեն»,- ասաց Ղազարյանը։ Հարցրինք նաև, թե ի՞նչ տպավորություններ ունի միջանցքի տրամադրման հարցի վերաբերյալ․
« Իմ կարծքը հետևյալն է, որ եթե իրենք հավատարմություն են հայտնում  նոյեմբերի 9-ի դրույթներին, ապա նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ արդեն նշված է, որ Հայաստանը պարտավորվում է հնարավորություն տալ Ադրբեջանին անխափան և անվտանգ կապ հաստատել Նախիջևանի հետ։ Եթե Նիկոլ Փաշինյանը հիմա փորձում է մանիպուլացնել,և  դա ներկայացնել, թե վերաբերում է տրանսպոտային ընդհանուր ապաշրջափակմանը համատեքստում, ապա տրանսպորտային ապաշրջափակումը արդեն գրված էր, եթե հատուկ շեշտադրվում է կատարվում Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապին, նշանակում է, որ ինքը այդ միջանցքի տրամադրելուն համաձայնել է դեռևս նոյեմբերին 9-ին, և Ադրբեջանն ու Ռուսաստանը որպես մյուս 2 կողմեր դրանից չեն հրաժարվում ։ Այսինքն՝ ինքը նորից գնացել ու հաստատել է, որ ինքը այդ միջանցքը պիտի տա, անկախ այն բանից, թե ինքը բանավոր խոսքում ինչ է ասում՝ իր ստորագրած համաձայնագրի տեքստում գրված է, որ Հայաստանը պարտավորվում է տալ էդ հնարավորությունը։ Հայաստանը դա չի տա միայն այն դեպքում, երբ Հայաստանը ներկայացնի ոչ թե այդ հայտարարությունը ստորագրած Նիկոլ Փաշինյանը, այլ ցանկացած մեկ ուրիշ մարդ, այսինքն՝ Սյունիքն այսօր պահպանելու միակ հնարավորությունը ՆԻկոլ Փաշինյանի հրաժարականն է վարչապետի պաշտոնից, հակառակ դեպքում եթե ինքը մնաց պաշտոնի, իրեն ստիպելու են, որ դա կյանքի կոչի»։