Այն ամենը, ինչ արժե իմանալ «Հրապարակի» լրագրողների մասին

Այն ամենը, ինչ արժե իմանալ «Հրապարակի» լրագրողների մասին

Նոր տարի է, եւ «Հրապարակն» էլ նոր ու թարմ պլաններ ունի՝ այս տարի ընդլայնվելու, նոր ծրագրեր եւ հաղորդումների շարքեր անելու։ Ուստի անհրաժեշտ ենք համարում ձեզ ներկայացնել «Հրապարակի» ստեղծագործական կազմը: Մեր լրագրողների մասին կարելի է անվերջ գրել, քանզի յուրաքանչյուրն անհատականություն է իր մտածողությամբ ու ոճով։ Ուստի, թերեւս, ճիշտ կլինի նրանց ամենաէական՝ լրագրողական ունակությունների տեսանկյունից ներկայացնել։

Սոնա Ադամյան․ «Հրապարակի» մշակութային լրագրողն է եւ «Մշակութային Հրապարակի» անփոփոխ խմբագիրը, եւ եթե Լիլիթ Մակունցը ճիշտ էր, որ մշակույթը մարդու մեջ է, ապա այդ մարդը, անկասկած, մեր Սոնան է: Ավելի քան բանիմաց, ավելի քան մշակույթով տարված, մշակույթը հասկացող եւ սիրող մարդ դժվար է պատկերացնել: Սոնայի կարծիքը ցանկացած ֆիլմի կամ ներկայացման մասին վճռորոշ է, եթե նա հավանել է, ուրեմն հաստատ արժե դիտել․ չեք փոշմանի:

Լուսինե Շահվերդյանը քաղաքական լրագրող է, «Հրապարակի» ամենաանկոտրում, ամենահամառ ու սկզբունքային լրագրողներից։ Լուսինեն այն մարդն է, ով կարող է անվարան դուրս գալ ամբոխի դեմ, ճակատ առ ճակատ կռիվ տալ իշխանության ներկայացուցչի հետ ու արդյունքում ստանալ իրեն հուզող բոլոր՝ դիմացինի համար անհարմար հարցերի պատասխանը: Եթե անկեղծ լինենք, ապա Լուսինեից «մրսում» են ոչ միայն պաշտոնյաները, այլեւ՝ մենք, աշխատակիցներս, քանզի հնարավոր է որեւէ սխալ, չմտածված արտահայտություն թույլ տալու պարագայում քեզ էլ չխնայի։

Իրավական-տնտեսական հարցերի լուսաբանմամբ «Հրապարակում» զբաղված է Սյուզան Սիմոնյանը։ Սյուզանն այն լրագրողն է, ով կարող է Նիկոլ Փաշինյանի ու Հրանտ Բագրատյանի հրապարակած ՀՆԱ-ի թվերից գլուխ հանել, ով գլուխ է հանում անգամ տնտեսության աճից ու նահանջից, եւ ամենակարեւորը՝ կարողանում է այս ամենը պարզ, հասկանալի բառերով ներկայացնել, որը դյուրըմբռնելի է ցանկացածի համար:

Էդիկ Անդրեասյանը քաղաքական վերլուծաբան է, Էդիկի ոճն անկրկնելի է, եթե անգամ հեղինակի անունը չնշվի հոդվածի վերջում, հնարավոր չէ միանգամից «չճանաչել» Էդիկին: Սարկազմով, թեթեւ ու մի շնչով կարդացվող նյութեր լուրջ եւ գլոբալ խնդիրների մասին: Էդիկի նյութերը միշտ ամբողջական արտացոլում են նրա քաղաքական հայացքները, բայց, թերեւս, դրանից ավելի ակտուալ ու հետաքրքիր են դառնում:

 

Հասմիկ Բաբաջանյանը «Հրապարակում» բլոգ ունի։ Նրա գրածները թերեւս ամենաշատն են քննադատության արժանանում, բայց այս ոճը պահանջված է եւ իր ուրույն տեղն ունի․ մարդիկ, ովքեր հոգնել են դասական լրագրությունից եւ ուզում են լսել իրենց պես հասարակ մարդու կարծիք, ուզում են տեղյակ լինել վիրտուալ աշխարհում կատարվող իրադարձություններին, Հասմիկի հավատարիմ ընթերցողներն են: Նա միակ մարդն է ով կարող է մեկ էջի սահմաններում պարզ, հետաքրքիր գրել այդ ամենի մասին:

«Հրապարակի» մյուս վիրտուոզ քաղաքական լրագրողը Վահե Մակարյանն է՝ իր համարձակ կարծիքն ու կայուն տեսակետն ունեցող, ով կարողանում է բացահայտել ամենամեծ սխալները, խնդրի ամենամութ անկյունները, պատրաստ է հետաքրքիր նյութի համար աշխատել 7/24 ռեժիմով: Վահեն այն մարդն է, ով եթե լրագրող չլիներ, ապա հիանալի ընդդիմություն կլիներ։ Նրա աշխատանքը երկրի համար անգնահատելի է հենց այս տեսանկյունից:

Աննա Պապիկյանը դատաիրավական լրագրող է, նաեւ լուսաբանում է քաղաքապետարանի գործունեությունը: Աննան ամենաօպերատիվ, ամենալակոնիկ լրագրողն է, չնայած իր քաղաքական հայացքներին, նա իր նյութերով կարողանում է փաստերի եւ դեպքերի այնպիսի լուսաբանում ապահովել, որ ցանկացած լայվից արագ ու մատչելի լինի: Աննան այն մարդն է, ով զրուցակցի խոսքը կարող է շարադրել գրեթե սինխրոն, իսկ օր-օրի «վազող» մեր ժամանակներում սա շատ պահանջված ունակություն է:

Կորյուն Սիմոնյանը գրում է սոցիալական թեմաներով։ Այս երիտասարդն իմ ճանաչած միակ մարդն է, ով իր ամբողջ էությամբ լրագրող է, եթե աշխարհում կա գեթ մեկը, ով իր մասնագիտությունը 100 տոկոսով ճիշտ է ընտրել, դա, անկասկած, Կորյունն է: Նա հասկանում է, թե որն է լրագրողի առաքելությունը, ու անկեղծ ուրախանում է, երբ հաջողվում է հոդված գրելով օգնել կարիքավոր, հասարակ քաղաքացուն:

Անուշ Դաշտենցը քաղաքական վերլուծաբանների եւ էքսպերտների կարծիքն ընթերցողին հասցնելու բարդ գործով է զբաղվում։ Այս մասնագետները չեն «փայլում» մատչելի եւ դինամիկ խոսքով, ուստի Անուշի առաքելությունը մասնագետի եւ ընթերցողի միջեւ այդ կամուրջը դառնալն է: Դաշտենցն այն հազվագյուտ լրագրողներից է, ով ճանաչում է էքսպերտների աշխարհի ցանկացած երկրում, ում հետ մարդիկ սիրով են շփվում։ Անուշը նաեւ դաշտին հետեւող եւ իրավիճակը լիարժեք իմացող լրագրող է, ով շատ լավ կռահում է, թե որ թեմաները կարող են ակտուալ ու հետաքրքիր լինել:

Կարեն Մարտիրոսյանը «Հրապարակում» լուսաբանում է ակցիաները, մարդ, ով կարողանում է բողոքավոր ամբոխից առանձնացնել ամենախելացի եւ գրագետ բանախոսին։ Կարենը թեժ պահերին վայրկենական կողմնորոշվում է, աշխատում է օպերատիվ եւ էֆեկտիվ: Այս երիտասարդն այն հազվադեպ հանդիպող լրագրողի տեսակ է, ով հրաշալի նյութ կարող է պատրաստել դրսում՝ հենց ակցիայի ժամանակ, նրան պետք չեն սեղան եւ համակարգիչ լավ հոդված գրելու համար:

Իհարկե, «Հրապարակի» կազմն այսքանով չի սահմանափակվում, մեր հեղինակների ցանկը շատ ավելի ծավալուն է։ Մենք ներկայացրինք միայն «Հրապարակի» համար ամեն օր գրող լրագրողներին, ովքեր ջանք չեն խնայում ձեզ լիարժեք եւ հետաքրքիր ինֆորմացիա տալու համար: